Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է արբանյակային հաղորդակցությունների ոլորտում գործող EchoStar Corporation–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 108.61%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $61.79)։ Հաջորդը տվյալների բազաների ծրագրային ապահովում մատակարարող MongoDB, Inc.–ն է՝ 44.08% աճով ($315.61)։ Եռյակը եզրափակում է տվյալների պահպանման լուծումներ առաջարկող Pure Storage, Inc.–ը՝ 33.05% աճով ($77.61)։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը ոչ այնքան հուսադրող կանխատեսումների ֆոնին բացում է կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող Marvell Technology, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 13.88%–ով ($62.87)։ Հաջորդը մսամթերքի և սննդամթերքի արտադրությամբ զբաղվող Hormel Foods Corporation–ն է՝ 13.03% անկումով ($25.44)։ Եռյակը եզրափակում է էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող չինական XPeng Inc.–ը՝ 11.49% անկումով ($21.02)։


Պատմական բարձունքների հասնելուց ընդամենը մեկ օր անց ամերիկյան ֆոնդային շուկայում անցած ուրբաթ անկում գրանցվեց, ինչի հետեւանքով S&P 500–ը շաբաթվա արդյունքներով նվազեց 0.1%–ով, Dow Jones–ը՝ 0.2%–ով, Nasdaq–ը՝ նույնպես  0.2%–ով։ Փոքր կապիտալով 2000 ընկերություններին հետեւող Russell ինդեքսը, ընդհակառակը, աճել է 0.2%ով։ Իսկ խոշոր կապիտալիզացիայով ընկերություններին հետեւող ինդեքսների անկումը հիմնականում պայմանավորված էր տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերի անկումով։


S&P 500 ինդեքսի՝ ուրբաթ օրվա նվազման վրա էական ազդեցություն է ունեցել Dell–ի բաժնետոմսերի գնի անկումը՝ գրեթե 9%–ով։ Սա տեղի ունեցավ այն բանից հետ, երբ ընկերությունը հայտարարեց, որ ԱԲ սերվերների ծախսերը չափազանց բարձր են իր համար։ Միաժամանակ, Nvidia–ն անկում ապրեց 3.4%–ով, ինչի պատճառը հրապարակված ֆինանսական վատ արդյունքներն էին։ Շղթայական ռեակցիայով անկում ապրեցին նաեւ ԱԲ–ի հետ կապված մյուս խոշոր ընկերությունների բաժնետոմսերը։


Ուրբաթ օրը նվազել են նաեւ եվրոպական ֆոնդային բորսաները՝ գրանցելով առաջին շաբաթական անկումը վերջին չորս շաբաթների ընթացքում։ Հիմնական պատճառը  բրիտանական բանկերի թուլությունն էր։ NatWest–ն անկում է ապրել 4.8%–ով, Barclays–ը՝ 2.2%–ով, իսկ Lloyds–ը՝ 3.4%–ով այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությանն առաջարկվել էր բանկերից հարկել այն տոկոսագումարները, որոնք նրանք ստանում են Անգլիայի բանկում պահվող իրենց պահուստներից։


Ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերն անցած շաբաթ աննշան ներհոսք են գրանցել, քանի որ ներդրողները զգուշավոր էին ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի անկախության հետ կապված մտավախությունների պատճառով՝ այն բանից հետո երբ նախագահ Թրամփը փորձել էր պաշտոնից հեռացնել ԴՊՀ պաշտոնյաներից մեկին։ ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը 571 միլիոն դոլար են ներգրավել՝ աննշան աճ գրանցելով նախորդ շաբաթ 2.39 միլիարդ դոլար արտահոսքից հետո։ ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերը, ընդհակառակը, շարունակում են ներգրավել միջոցներ՝ 19-րդ շաբաթն անընդմեջ։ Անցած շաբաթ դրանք 5.6 միլիարդ դոլար են ներգրավել։


Շինարարական տեխնիկա արտադրող Caterpillar ընկերության բաժնետոմսերը նվազել են ավելի քան 3%–ով այն բանից հետո, երբ ընկերությունը բարձրացրել է 2025 թվականի ծախսերի կանխատեսումը՝ հասցնելով $1.8 միլիարդ–ի, նախկինում գնահատված $1.5 միլիարդի փոխարեն։ Ծախսերի նման կտրուկ աճը պայմանավորված է նոր մաքսատուրքերով, ինչը լրացուցիչ ճնշումներ է առաջացնում արտադրողների համար։


2025 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. օգոստոսի 31–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 11.5 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.1 տոկոս:


ԱՄՆ-ում սպառողական ծախսերը հուլիսին բարձրացել են 0.5%–ով՝ գրանցելով վերջին չորս ամսվա ամենամեծ աճը՝ հիմնականում ավտոմեքենաների, ժամանցային ապրանքներին, հագուստի և տնային պարագաների գնումների հաշվին։  Հիմնական գնաճը (առանց սննդի և էներգիայի) հուլիսին կազմել է 0.3%, տարվա կտրվածքով՝ 2.9%։ Չնայած չափավոր գնաճին՝ տնտեսագետները կարծում են, որ աշխատաշուկայում տիրող անկայունությունը  կստիպի Դաշնային պահուստային համակարգին սեպտեմբերին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։


Եվրագոտու արտադրական ոլորտը օգոստոսին՝ առաջին անգամ 2022 թվականի սկզբից ի վեր, աճ է գրանցել։ PMI–ը բարձրացել է՝ հասնելով 50.7–ի։ Աճը հիմնականում պայմանավորված էր բարձր ներքին պահանջարկով, նոր պատվերները հասել են վերջին 3 ու կես տարվա առավելագույնին։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։