Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Astera Labs, Inc.–ը։ Տվյալների կենտրոնների համար կապի և հիշողության օպտիմիզացման լուծումներ մշակող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 36.75%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $179.28)։ Հաջորդը ամպային և AI ենթակառուցվածքների ոլորտում գործող Nebius Group N.V.–ն է՝ 32.27% աճով ($68.78)։ Եռյակը եզրափակում է էլեկտրոնային առևտրի հարթակ Shopify Inc.–ը՝ 26.15% աճով ($149.61)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է թվային գովազդի տեխնոլոգիաներ տրամադրող The Trade Desk, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 37.00%–ով ($54.23)։ Հաջորդը համատեղ աշխատանքային դիզայնի հարթակ Figma, Inc.–ն է՝ 35.98% անկումով ($78.11)։ Եռյակը եզրափակում է հետազոտությունների և խորհրդատվական ծառայությունների ոլորտում առաջատար Gartner, Inc.–ը՝ 30.30% անկումով ($229.00)։
ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են էական աճով։ Ամենամեծ աճը գրանցել է Nasdaq-ը՝ 3.9%, S&P 500–ն աճել է 2.4%–ով, իսկ Dow Jones-ը՝ 1.3%–ով։ Շուկայի աճը խթանել են տեխնոլոգիական ընկերությունները. միայն Apple-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 13%–ով՝ ընկերության՝ ԱՄՆ-ում ավելի շատ ներդրումներ կատարելու խոստումից հետո։
Bank of America–ի նոր հարցման տվյալներով՝ ներդրողները կրկին սկսել են ակտիվ գնել ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը։ Օգոստոսին անցկացված հարցման մասնակից ֆոնդերի կառավարիչների 45%-ը նշել է, որ այսպես կոչված «Հրաշալի յոթնյակի» տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերն այս պահին ամենապահանջվածն են աշխարհում։ Այս ընկերությունների բարձր շահույթները և տնտեսության վերաբերյալ լավատեսական կանխատեսումները վերադարձրել են ներդրողների վստահությունը։
Օգոստոսի 6–ին ավարտված շաբաթվա ընթացքում ամերիկացի ներդրողները 13.7 միլիարդ դոլար են դուրս բերել բաժնետոմսերի ֆոնդերից․ սա ամենամեծ արտահոսքն է հունիսի վերջից ի վեր։ Պատճառը նոր մաքսատուրքերն ու տնտեսության ոչ լավատեսական տվյալներն էին, որոնք զգուշավորություն են առաջացրել ներդրողների շրջանում։ Պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են վերջին երեք ամիսների լավագույն շաբաթը՝ ներգրավելով 7.4 միլիարդ դոլար։ Փողի շուկայի ֆոնդերն արձանագրել են դեկտեմբերից ի վեր ամենամեծ՝ 78.85 միլիարդ դոլարի ներհոսք, ինչը ցույց է տալիս, որ ներդրողները դեռեւս նախընտրում են ավելի ապահով ակտիվներ։
Կրիպտոարժույթների նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ Երկուշաբթի Bitcoin-ի գինն անցել է $122,000–ից, ինչը մի փոքր է զիջում հուլիսին գրանցված ռեկորդային գնին։ Աճը հիմնականում պայմանավորված է նոր մաքսատուրքերի ֆոնին ոսկուն այլընտրանք այլ ապահով ակտիվների նկատմամբ պահանջարկով ։ Ոսկին այժմ մատակարարման խնդիրների է հանդիպում, իսկ Bitcoin-ը դիտվում է որպես «մաքսատուրքերից ազատ» պահուստային արժեք։
Անցած շաբաթվա ավելի քան 4%-ով անկումից հետո՝ երկուշաբթի ԱՄՆ–Ռուսաստան բանակցությունների սպասման ֆոնին նավթի գները փոքր-ինչ բարձրացել են։ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 36 ցենտով՝ հասնելով մեկ բարելի դիմաց $66.95–ի, իսկ ԱՄՆ West Texas Intermediate (WTI) նավթի գինը բարձրացել է 34 ցենտով՝ հասնելով $64.22–ի։ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին Ալյասկայում։
ԱՄՆ դոլարի ինդեքսը գրեթե անփոփոխ է մնացել՝ 98.30, մինչ ներդրողները սպասում են երեքշաբթի հրապարակվելիք գնաճի զեկույցին և ԱՄՆ-Չինաստան մաքսատուրքների համաձայնագրի ժամկետի ավարտին։ Ներդրողները կարծում են, որ 90% հավանականությամբ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը հաջորդ ամիս կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ Չինաստանի հետ առևտրային բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվեն 90 օրով։
MP Materials ընկերության բաժնետոմսերի գինը հասել է պատմական առավելագույնի։ Ուրբաթ օրն այն աճել է 10.45%–ով և հասել $78.50–ի։ ԱՄՆ հազվագյուտ հանքանյութերի հանքարդյունաբերողը շարունակում է մեծացնել ժամանակակից տեխնոլոգիաներում լայնորեն օգտագործվող եզակի հանքանյութերի արտադրության ծավալները եւ վերջերս կնքել է բազմամիլիարդ դոլարանոց գործարք՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետ, որը երաշխավորում է հազվագյուտ հանքանյութերի գնի ստորին շեմը, ինչպես նաեւ $500 միլիոն արժողությամբ մատակարարման համաձայնագիր՝ Apple–ի հետ։
Ford-ն ակնկալում է, որ 2025 թվականին ներմուծվող ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի նկատմամբ սահմանված նոր մաքսատուրքերի հետևանքով ընկերության շահույթը 3 միլիարդ դոլարով կնվազի, ավելի շատ, քան նախկինում կանխատեսվում էր։ Ընկերությունը երկրորդ եռամսյակում արդեն կորցրել է 800 միլիոն դոլար՝ բարձր մաքսատուրքերի պատճառով։ Այս տեղեկությունից հետո ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 3%-ով։
Airbnb–ի բաժնետոմսերն ավելի քան 7% անկում են գրանցել, երբ ընկերությունը հայտնել է, որ 2025 թվականի երկրորդ կեսին սպասվում է աճի դանդաղում։ Սա հիասթափեցրել է ներդրողներին, ովքեր սպասում էին, որ ճանապարհորդությունների պահանջարկը կշարունակվի աճել։ Այլ ճանապարհորդական ընկերություններ՝ United Airlines–ը, Hilton–ը և Booking Holdings, վերջերս ներկայացրել են ավելի լավատեսական կանխատեսումներ։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար նոր դիմումների թիվը նախորդ շաբաթ աճել է 7,000–ով՝ հասնելով 226,000-ի։ Սա ամսվա ամենաբարձր ցուցանիշն է եւ ցույց է տալիս, որ աշխատաշուկան հիմնականում կայուն է. գործատուները խուսափում են մեծ կրճատումներից և աշխատուժի փոփոխությունները կարգավորվում են բնական շարժի միջոցով, ինչն էլ օգնել է հուլիսին պահպանել գործազրկության 4.2% մակարդակը։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





