Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Futu Holdings Limited–ը։ Թվային բրոքերային ծառայություններ մատուցող չինական տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 21.81%–ով՝ հասնելով 149.99 դոլարի։ Հաջորդը Venture Global, Inc.–ն է։ Հեղուկացված բնական գազի (LNG) արտահանմամբ զբաղվող ամերիկյան էներգետիկ ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում բարձրացել են 17.94%–ով՝ կազմելով 17.88 դոլար։ Եռյակը եզրափակում է Delta Air Lines, Inc.–ը՝ 13.30% աճով։ Ամերիկյան խոշոր ավիաընկերությունը հրապարակել է սպասվածից ավելի ուժեղ շահույթի կանխատեսում՝ ցույց տալով, որ ավիատոմսերի ամրագրումները կայունացել են տարվա սկզբին գրանցված կտրուկ անկումից հետո։ Մեկ բաժնետոմսի գինը հասել է 56.65 դոլարի։


Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է CoreWeave, Inc.–ը։ Ամպային հաշվարկային ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 21.20%–ով՝ հասնելով 125.84 դոլարի։ Հաջորդը Fair Isaac Corporation (FICO)–ն է։ Վարկային վարկանիշավորման և վերլուծական լուծումների ոլորտում առաջատար ամերիկյան ընկերության բաժնետոմսերը նվազել են 17.41%–ով՝ կազմելով 1,544.23 դոլար։ Եռյակը եզրափակում է Atlassian Corporation–ը՝ 13.44% անկումով։ Թիմային համագործակցության և ծրագրային ապահովման գործիքների (ինչպիսիք են Jira-ն ու Confluence-ը) մշակմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը հասել են 187.01 դոլարի։


ԱՄՆ ֆոնդային շուկաներն անցած շաբաթ փակվել են թեթև անկումով։ Շաբաթվա արդյունքներով S&P 500 ինդեքսը նվազել է 0.3%–ով, Nasdaq-ը՝ 0.1%–ով, Dow Jones-ը՝ 1%–ով։ Անկման պատճառը գլոբալ առևտրային լարվածության վերսկսման մտահոգություններն էին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կանադայից ներմուծվող ապրանքների վրա 35% մաքսատուրք սահմանելու մասին և ակնարկել, որ կարող են կիրառվել ավելի լայն մաքսային սահմանափակումներ նաեւ այլ երկրների նկատմամբ։


Եվրոպական ֆոնդային շուկաներն ընթացիկ շաբաթը սկսել են անկումով։ Սա ներդրողների արձագանքն էր հանգստյան օրերին Թրամփի հայտարարությանը՝ օգոստոսի 1-ից ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ։ STOXX 600 ինդեքսը երկուշաբթին սկսել է 0.5%-ով անկումով, ինչը պայմանավորված էր հիմնականում ավտոարտադրող ընկերությունների անկումով։ Porsche-ի, BMW-ի, Mercedes-Benz-ի և Volkswagen-ի բաժնետոմսերը նվազել են մինչև 2.4%–ով։ Այս ֆոնին համաշխարհային ֆոնդային շուկաները նույնպես շաբաթը սկսել են անկումով։ MSCI World ինդեքսը նվազել է 0.1%-ով։ Մեծ Բրիտանիայի FTSE 100 ինդեքսը, սակայն, աճել է 0.4%-ով՝ շեղվելով ընդհանուր տենդենցից։


Առեւտրային մտահոգություններն ազդել են նաեւ բաժնետոմսերի ֆոնդերի վրա։ Հուլիսի 9-ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերում ներդրումները կտրուկ նվազել են՝ հասնելով 2.1 միլիարդ դոլարի, մինչդեռ նախորդ շաբաթ այդ ցուցանիշը 31.6 միլիարդ դոլար էր։ Դրամական ֆոնդերից արտահոսքը կազմել է 9.8 միլիարդ դոլար՝ դադարեցնելով երկու շաբաթ տևած ներհոսքի շրջանը, իսկ պարտատոմսային ֆոնդերում ներհոսքը նվազել է՝ հասնելով 3 շաբաթվա նվազագույն մակարդակին՝ 4.3 միլիարդ դոլարի։


Nvidia–ի շուկայական արժեքն անցած հինշաբթի առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը՝ ամրապնդելով ընկերության առաջատարի դիրքը արհեստական բանականության ոլորտում։ Չիպարտադրողի բաժնետոմսերն աճել են 0.75%-ով՝ հասնելով 164.1 դոլարի, ինչը պայմանավորված է Nvidia-ի բարձրակարգ պրոցեսորների մեծ պահանջարկով, որոնք սնուցում են արհեստական բանականության տվյալների կենտրոնները Microsoft, Amazon, Alphabet և Meta ընկերությունների համար։


BMW-ի բաժնետոմսերն անցած հինգշաբթի աճել են 4.4 տոկոսով, երբ ընկերությունը վերահաստատել է իր 5–7 տոկոս շահութաբերության թիրախը ինչպես երկրորդ եռամսյակի, այնպես էլ ամբողջ տարվա համար։ Վերլուծաբանները ողջունել են այս կանխատեսումը՝ դիտարկելով այն որպես կայունության հստակ ազդակ՝ հատկապես համաշխարհային մաքսային ճնշումների և չինական շուկայում մարտահրավերների պայմաններում։


Հնդկական Glenmark Pharmaceuticals-ի բաժնետոմսերն աճել են 10 տոկոսով այն բանից հետո, երբ ընկերությունը խոշոր արտոնագրային պայմանագիր է կնքել ամերիկյան դեղարտադրող AbbVie-ի հետ։ Գործարքը AbbVie-ին իրավունք է տալիս մշակել և վաճառել Glenmark-ի նոր ուռուցքաբանական դեղամիջոցը (ISB 2001) մի շարք հիմնական գլոբալ շուկաներում։


2025 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 80 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2035թ. հոկտեմբերի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 112.3 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.0411 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9.9328 տոկոս:


2025 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հուլիսի 13–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 5,863 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4164 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.1381 տոկոս:


Մայիսին Մեծ Բրիտանիայի տնտեսությունն անսպասելիորեն կրճատվել է 0.1%-ով, ինչը նոր մտահոգություններ է առաջացրել երկրի տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ։ Ապրիլին արձանագրված 0.3%-ոց անկումից հետո տնտեսագետները սպասում էին փոքր վերականգնման մայիսին, սակայն հաջորդական անկումները ցույց են տալիս աճի դանդաղում։ Այս ֆոնին շուկաները սպասում են, որ Անգլիայի կենտրոնական բանկը օգոստոսին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։


Մայիսին ԱՄՆ-ն Չինաստանից ներմուծել է ընդամենը 556 միլիոն դոլարի հագուստ, ինչը վերջին 22 տարվա ամենացածր ամսական ցուցանիշն է։ Պատճառը չափազանց բարձր մաքսատուրքերն են։ Ապրիլից ԱՄՆ–ն 145%  մաքսատուրք է սահմանել ներմուծվող չինական հագուստի նկատմամբ։ Շատ ամերիկյան մանրածախ վաճառողներ սկսել են ավելի քիչ գնումներ կատարել Չինաստանից և ավելի շատ՝ Վիետնամից, Բանգլադեշից, Հնդկաստանից և Մեքսիկայից։


ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար նոր դիմումները վերջին շաբաթում նվազել են՝ հասնելով յոթ շաբաթների ամենացածր մակարդակին։ Սա նշանակում է, որ աշխատատեղերի կրճատումներն ավելի քիչ են, քան սպասվում էր։ Չնայած աշխատանքի շուկայի թուլացման նշաններին՝ գործատուները դեռեւս հիմնականում պահպանում են աշխատատեղերը։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։