Երաժշտական ​​գործիքներ արտադրող Roland ընկերությունն իր գործունեության 50-ամյակի առթիվ ներկայացրել է 50th Anniversary Concept Model Piano-ն՝ թռչող բարձրախոսներով դաշնամուրի նախատիպը։

Կոնցեպտային դաշնամուրի կորպուսը, որը նախագծվել է կահույք արտադրող Karimoku ընկերության հետ համագործակցությամբ, պատրաստված է ճապոնական կաղնու փայտից և բաղկացած է մեկ ամբողջական կտորից։ Կորպուսում ներկառուցված է յոթ բարձրախոս, որոնք ապահովում են ձայնի 360 աստիճան տարածում:

Հնչերանգը բարելավելու համար դաշնամուրն ունի նաև լրացուցիչ բարձրախոսներ, որոնք տեղադրված են թռչող դրոնների վրա և գործի դրվելիս հաշվի են առնում տվյալ սրահի կամ սենյակի կոնկրետ առանձնահատկությունները։

Ուշագրավ է, որ անօդաչուները ղեկավարվում են ցածր լատենտության հատուկ կապուղիով, որի համար մշակվել են հաղորդակցման հատուկ ընթացակարգեր։ Դրանք երաժիշտներին թույլ են տալիս դաշնամուրը նվագելու ժամանակ վերահսկել անօդաչուների դիրքը օպտիմալ ձայն ստեղծելու նպատակով:

Roland ընկերության կայքում նշվում է, որ նման տեխնոլոգիա աշխարհում կիրառվում է առաջին անգամ։

Դաշնամուրի կափարիչն ունի ներկառուցված սենսորային էկրան, որը կարող է օգտագործվել տեսազանգեր կատարելու և Roland-ի ուսուցողական տեսանյութերը դիտելու համար: Էկրանը կարող է օգտագործվել նաև Zenbeats թվային աուդիո աշխատանքային կայանի, երաժշտական նոտաները ցուցադրելու կամ USB MIDI և Bluetooth միացված սարքերի հետ աշխատելու համար:

50th Anniversary Concept Model Piano-ը ցուցադրվել է CES 2023 ամենամյա ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվել է Լաս Վեգասում հունվարի 5-8-ը։

Նշենք, որ 50th Anniversary Concept Model Piano-ն կոնցեպտ է դեռ վաճառքում չէ, իսկ թե արդյո՞ք այն երբևէ կունենա սերիական արտադրություն, ընկերությունը չի մանրամասնում։