Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է նյարդային հիվանդությունների բուժման մեթոդների ուսումնասիրությամբ զբաղվող Regencell Bioscience Holdings հոնկոնգյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 18.36%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 877.00 դոլարի։ Հաջորդը Ulta Beauty–ն է: Կոսմետիկ միջոցների վաճառքով զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 11.78%–ով՝ հասնելով 471.46 դոլարի։ Եռյակը եզրափակում է ամպային կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Zscaler ընկերությունը՝ 9.79% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 275.70 դոլար։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Summit Therapeutics-ը։ Դեղագործական ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 29.54%–ով և այժմ կազմում է 18.22 դոլար։ Հաջորդը PDD Holdings–ն է։ Չինական առաջատար Pinduoduo առևտրային հարթակի մայր ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 19.06%–ով և հասել 96.51 դոլարի։ Եռյակը եզրափակում է մեկ այլ դեղագործական ընկերություն՝ Regeneron Pharmaceuticals–ը, որի բաժնետոմսերի գինը նվազել է 16.67%–ով և կազմում է 490.28 դոլար։ 


Ֆոնդային ինդեքսներն անցած շաբաթ նվազել են այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է 50 տոկոս մաքսատուրքեր սահմանել Եվրոպայից ներմուծվող ապրանքների համար: Շաբաթվա կտրվածքով Dow Jones-ի ինդեքսը նվազել է 2.5% - ով, S&P 500–ը կորցրել է 2.6%, Nasdaq-ը ՝ 2.5%:  Չնայած դրան՝ S&P 500–ը  մայիսին գրանցել է իր ամենամեծ ամսական աճը 2023–ի նոյեմբերից ի վեր՝ 6.2%, Nasdaq–ի արդյունքներն է՛լ ավելի լավն են՝ 10% աճ՝ մայիս ամսվա ընթացքում։


Թրամփի՝ մինչև 50% մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարության  ֆոնին նվազել են նաև եվրոպական ֆոնդային ինդեքսները, ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները, արժեզրկվել է նաեւ ԱՄՆ դոլարը, քանի որ մարդիկ իրենց փողերը տեղափոխել են ավելի անվտանգ արժույթներ, ինչպիսին, օրինակ, ոսկին է։ Ոսկին թանկացել է 2 տոկոսով, նավթի գներն աճել են գրեթե 4 տոկոսով։


Չնայած առևտրի հետ կապված շարունակական մտահոգություններին՝ եվրոպական ֆոնդային ինդեքսները մայիսն ավարտել են աճով: Հիմնական Stoxx 600 ինդեքսը անցած ուրբաթ 0.1 տոկոս աճ է գրանցել, իսկ ամիսն ավարտել է մոտ 4% աճով: Ներդրողների լավատեսությունը կապված էր ԵՄ-ի համար բարձր մաքսատուրքերի սահմանումը հետաձգելու Թրամփի որոշման հետ։


Ամերիկյան ֆոնդային շուկաների՝ երկուշաբթի օրվա անկումը պայմանավորված է նաեւ ԱՄՆ արտադրության ոլորտի վերաբերյալ նոր զեկույցով,ըստ որի. արտադրության ոլորտն ավելի շատ է նվազել, քան կանխատեսում էին տնտեսագետները։ Սա անորոշություն է առաջացրել ներդրողների մոտ, քանի որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մաքսատուրքերի նոր քաղաքականության նպատակը հենց տեղական արտադրողներին նոր թափ հաղորդելն էր։


ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը երկրորդ շաբաթն անընդմեջ արտահոսք են գրանցել։  Մայիսի 28-ին ավարտված շաբաթվա ընթացքում ներդրողները ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերից դուրս են բերել մոտ 5.46 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, որոշ ոլորտների վրա կենտրոնացած ֆոնդերը պահանջարկ են ունեցել։ Խոսքը հատկապես տեխնոլոգիական և արդյունաբերական բաժնետոմսերի մասին է, որոնք միասին ներգրավել են 1.9 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, պարտատոմսերի ֆոնդերը նույն ժամանակահատվածում  գրեթե 7 միլիարդ դոլարի ներհոսք են ունեցել՝ գրանցելով ներհոսք վեցերորդ շաբաթն անընդմեջ։ Ամենաուժեղ պահանջարկը կարճաժամկետ եւ միջնաժամկետ պարտատոմսերի նկատմամբ էր, որոնք գրանցել են իրենց ամենամեծ շաբաթական ներհոսքը մարտի սկզբից ի վեր:


ԱՄՆ ֆոնդային շուկայի վերջին շրջանի աճն առաջնրդում են «Հրաշալի յոթնյակի» մաս կազմող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը, մասնավորապես,  Microsoft-ը, Apple-ը, Meta-ն և Nvidia-ն։  Tesla-ն, Nvidia-ն և Microsoft-ը մեծ աճ են գրանցել ապրիլի սկզբից՝ համապատասխանաբար աճելով 56%, 40% և 30%-ով։ Յոթ խոշորագույն ընկերություններին բաժին է ընկել S&P 500 ինդեքսի ընդհանուր աճի ավելի քան 40% - ը:


2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հունիսի 1–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 14․8 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4630 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.0840 տոկոս:


Նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն առայժմ ուժի մեջ կմնան. դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես արգելափակել է ստորին ատյանի դատարանի որոշումը, որով մաքսատուրքերն ապօրինի էին ճանաչվել: ԱՄՆ միջազգային առևտրի դատարանն անցած շաբաթ որոշել էր, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ Ամերիկայի առևտրային գործընկերներից ներմուծման վրա խոշոր մաքսատուրքեր սահմանելով՝ հայտարարելով, որ Սահմանադրությունը մաքսատուրքեր սահմանելու լիազորությունը տալիս է Կոնգրեսին, այլ ոչ թե նախագահին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը արագ կասեցրել է այդ որոշումը ՝ կառավարության ներկայացրած վերաքննիչ բողոքը քննելու համար:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։