Ֆինանսական հատվածի սրընթաց թվայնացման պայմաններում առաջին պլան են մղվում տվյալների անվտանգության, փողի նոր ձևերի մշակման և անհատականացված ներդրումային լուծումների հարցերը։ Տեխնոլոգիաները, մասնավորապես՝ բլոկչեյնը և կենսաչափական նույնականացումը, փոխակերպում են վճարման ավանդական եղանակները, և շուկայի մասնակիցներից պահանջում են առանձնահատուկ ուշադրություն դարձնել խորհրդապահությանն ու կիբերանվտանգությանը: Միևնույն ժամանակ, ավանդական ֆինանսական ինստիտուտները կորցնում են իրենց հստակ սահմանները. բանկերը, ապահովագրական և ներդրումային ընկերություններն ավելի հաճախ մեկ էկոհամակարգի մեջ տարբեր ֆինանսական ծառայություններ միավորող բազմաֆունկցիոնալ հարթակներ են դառնում:
NEWS.am Tech-ի հետ զրույցում վերոնշյալ թեմաների մասին առավել հանգամանորեն պատմում է Apricot Capital էկոհամակարգի՝ Դուբայում գործող Apricot Capital DIFC Limited ներդրումային ընկերության ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանը։
Անկեղծ երկխոսության և փորձի փոխանակման հարթակ
Հայկական Apricot Capital ընկերությունը 2022 թվականից Doing Digital ֆորումի ներդրումային գործընկերն է՝ բարձր գնահատելով այս համագործակցությունը։ Այս էկոհամակարգի՝ Դուբայում գործող ընկերության ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանը նշում է, որ բարդ և բազմակողմ թեմաների քննարկման համար ֆորումը եզակի հարթակ է տրամադրում: Ֆինանսների ապագայի թեման Apricot Capital-ի համար առանձնապես հրատապ է դարձել 2025 թվականին: Նման բանավեճերին մասնակցելն ընկերությանն օգնում է մնալ նորարարության առաջնագծում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը:
«Մենք սիրով ենք փոխանցում մեր փորձը և համագործակցում համախոհների հետ»,- նշել է նա։
Փողի ապագան. անհատականացում, տեխնոլոգիաներ և ազատ ֆինանսներ
Աղաքարյանի համոզմամբ՝ առաջիկա տասը տարում փողի ընկալման առումով լուրջ փոխակերպություն է լինելու։ Գլխավոր միտումները, նրա կարծիքով, կդառնան անհատականացված ներդրումային լուծումներն ու տվյալների ակնթարթային հասանելիությունը: Նա որպես օրինակ է բերում Չինաստանը, որտեղ արդեն ներդրվում են վճարման կենսաչափական եղանակները, ներառյալ ձեռքի ափի նույնականացումը: Դա մի կողմից օգտատերերին հարմարավետություն է ապահովում, իսկ մյուս կողմից՝ ծառայություններից տվյալների անբասիր պաշտպանություն և կիբերանվտանգության զարգացում է պահանջում։
Աղաքարյանն ընդգծում է, որ, բացի դրանից, ֆինանսական հաստատությունների միջև աստիճանաբար ջնջվում են ավանդական սահմանները։ Բանկերը, ապահովագրական և ներդրումային ընկերությունները վերածվում են համապարփակ հարթակների, որտեղ օգտատերերը մի տարածքում ի վիճակի կլինեն կառավարելու իրենց բոլոր ֆինանսներն ու ներդրումները։ Նա վստահ է, որ ազատ բանկինգը հիմք կդառնա նոր ֆինանսական համակարգի համար, որտեղ հաճախորդին ավելի հեշտ կտրվեն որոշումներ ընդունելն ու դրանց արդյունավետությանը հետևելը:
Երեք տարածաշրջան՝ երեք ռազմավարություն. Հայաստան, Դուբայ և Հոնկոնգ
Apricot Capital-ն արտնագրված ներդրումային ընկերությունների էկոհամակարգ է Հայաստանում, Դուբայում և Հոնկոնգում, և այս տարածաշրջաններից յուրաքանչյուրն, ըստ Աղաքարյանի, ներդրումների և կարգավորման ինքնատիպ մոտեցումներ է առաջարկում: Հայաստանում մանրածախ ներդրումները համեմատաբար նոր երևույթ են, բայց արագորեն ժողովրդականություն են վայելում։ Ընկերությունն Apricot Academy-ի նման նախաձեռնությունների միջոցով ակտիվորեն զբաղվում է ֆինանսական կրթությամբ:
Դուբայում Apricot Capital DIFC Limited թիմը գործում է աշխարհի խոշորագույն բանկերն ու հիմնադրամները գրավող Միջազգային ֆինանսական կենտրոնի (DIFC) շրջանակում՝ նորարար և մրցակցային միջավայր առաջարկելով: Միևնույն ժամանակ, Հոնկոնգը խոր ներդրումային մշակույթի, թափանցիկ կանոնակարգման և անդրդվելի հեղինակության հռչակ է վայելում: Աղաքարյանի համոզմամբ՝ չնայած մշակութային տարբերություններին, այս տարածաշրջանների միջև հնարավոր է փորձի արդյունավետ փոխանակում՝ տեղական իրողություններին ողջամիտ հարմարվելու պայմանով:
Հայկական փորձը՝ որպես նոր լուծումների աղբյուր
Թեև Դուբայն ու Հոնկոնգն ավելի հասուն շուկաների համարում ունեն, Օֆելյա Աղաքարյանը համոզված է, որ նրանք հայաստանյան թիմից շատ բան ունեն սովորելու: Նա ընդգծում է, որ հայկական ընկերությունը զգալի ներդրումային փորձ է կուտակել, որը կարող է օգտագործվել այլ իրավազորություններում։ Միևնույն ժամանակ, կարևոր է տեղական թիմերն ուժեղացնելն ու հայկական հմտությունները տարածաշրջանային առանձնահատկությունների հետ ինտեգրելը:
Խելացի ենթակառուցվածք՝ խելամիտ ներդրումների համար
Apricot Capital-ի առաջնահերթություններից մեկն այնպիսի պայմանների ստեղծումն է, որ ներդրողները կարողանան մշտական փոփոխությունների պայմաններում փաստարկված որոշումներ ընդունել: Ընկերությունն ապահովում է հասանելիությունը ավելի քան 35 համաշխարհային շուկաներ և մի շարք ներդրումային ապրանքներ, ներառյալ հաճախորդների հատուկ նպատակներին հարմարեցված կառուցվածքային լուծումները: Ըստ Աղաքարյանի՝ ժամանակակից տեխնոլոգիաները և փորձագետների ուժեղ թիմը ևս առանցքային դեր են խաղում, ինչն ապահովում է ներդրումային ռազմավարությունների հուսալի իրագործումը։
Առաջին քայլերը ներդրումների աշխարհում. տեսությունից մինչև պրակտիկա
Ներդրումային ոլորտում իրենց ուղին սկսողներին Աղաքարյանը խորհուրդ է տալիս տեսական գիտելիքները համատեղել գործնական քայլերի հետ։ Նա խորհուրդ է տալիս սկսել փոքր գումարներից՝ անձնական փորձով շուկան ուսումնասիրելու համար: Կրթական նախագծերը, ինչպիսին է Apricot Academy-ն, սկսնակներին օգնում են հասկանալ, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել ներդրումային գործիքներ ընտրելիս և ինչպես գնահատել բիզնես պարտնյորների հուսալիությունը: Ընդսմին, ձեռք բերված գիտելիքներն անհրաժեշտ է ամրապնդել գործնականում։
«Սովորելու լավագույն միջոցը գործնականում սովորելն է», - ընդգծում է նա:






