Կրիպտոարժույթների աշխարհում պարբերաբար հայտնվում են նոր նախագծեր, որոնցից մի քանիսն ավելի շատ նման են ինտերնետային կատակների, քան լուրջ ֆինանսական գործիքների։ Այդպիսի երևույթներից մեկը դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեմքոյնը՝ $TRUMP-ը։ Ի՞նչ դրամատեսակ է այն, ո՞րն է դրա իմաստը, և ինչո՞ւ է այն ուշադրություն գրավել: Եկեք ավելի մանրամասն քննարկենք:
Ի՞նչ է $TRUMP դրամատեսակը
Նախկինում Թրամփը միշտ կրիպտոարժույթները խարդախություն է անվանել, սակայն փոխել է միտքը՝ խոստանալով ԱՄՆ-ը դարձնել «կրիպտոարժույթների համաշխարհային մայրաքաղաք»: Հետևաբար զարմանալի չէ, որ իր երդմնակալությունից մի քանի օր առաջ հայտարարեց սեփական կրիպտոարժույթի թողարկման մասին: $TRUMP դրամը նոր կրիպտոարժութային թոքեն է, որը ստեղծվել է Solana բլոկչեյնում: Կրիպտոարժույթի մեկնարկը և Թրամփի մեմ-դրամի վաճառքը կազմակերպել է Trump Organization-ի մասնաճյուղ CIC Digital-ը: Ինչպես նշված է ծրագրի պաշտոնական կայքում, առաջին փուլում թողարկվելու է 200 միլիոն քոյն, իսկ երեք տարվա ընթացքում ընդհանուր քանակը կհասնի մեկ միլիարդի: $TRUMP մեմքոյնի հայտնվելուց 48 ժամ հետո դրա արժեքն աճել է 3.5 անգամ՝ $20-ից մինչև $70, ինչը առևտրի ծավալն ավելացրել է ավելի քան $24 մլրդ-ով, իսկ շուկայական կապիտալիզացիան՝ ավելի քան $14 մլրդ-ով:
Միևնույն ժամանակ Forbes-ի մասնագետները մտահոգություն են հայտնում ակտիվի կառուցվածքի որոշ ասպեկտների կապակցությամբ: Թողարկված կրիպտոարժույթի 80%-ը կենտրոնացված է Թրամփին պատկանող CIC Digital LLC ընկերության սեփականության մեջ, իսկ նախագծի մարքեթինգով զբաղվում է Trump Organization-ը: Բացի այդ, փորձագետները համարում են, որ երեք տարվա ընթացքում լրացուցիչ 800 միլիոն թոքենների թողարկման պլանները կրում են ողողման ռիսկեր:
$TRUMP դրամը հետաքրքի՞ր է․ ի՞նչ են մտածում Հայաստանում
Մեմքոյնի թողարկմամբ առաջացած աղմուկն աննկատ չի մնացել նաև Հայաստանում, և չնայած նրան, որ նախագծի նկարագրության մեջ ընդգծվում է, որ $TRUMP թոքենը արժեթուղթ չէ, այլ նախագահ Թրամփին աջակցություն արտահայտելու միջոց, Հայաստանում մետաղադրամ ձեռք բերելու որոշումը պայմանավորված չէ ԱՄՆ նոր նախագահի հանդեպ համակրանքով:
«Ես $TRUMP-ը ձեռք եմ բերել ինքնուրույն՝ Binance կրիպտոբորսայի միջոցով: Իմ որոշումը որևէ կերպ պայմանավորված չէր Թրամփի հանդեպ քաղաքական համակրանքով: Ես առաջնորդվել եմ ավելի շուտ սպորտային հետաքրքրությամբ, այնուամենայնիվ մի քանի օրում նրան հաջողվեց ապահովել երեք միլիարդի շրջանառություն, սա կատակ չէ: Ես նաև հաշվի եմ առել, որ Թրամփը առնվազն առաջիկա 4 տարիներին նախագահ կլինի, ինչը նշանակում է $TRUMP-ի հանդեպ հետաքրքրությունը կպահպանվի: Ես ներդրել եմ շատ փոքր խորհրդանշական գումար՝ չհուսալով կարճ ժամանակում մեծ շահույթ ստանալ: Ես այս քայլը դիտարկում եմ որպես երկարաժամկետ ներդրում, գուցե $TRUMP մեմքոյնին հաջողվի կրկնել Bitcoin-ի սցենարը»,- Tech NEWS.am-ի հետ զրույցում պատմեց պատմական գիտությունների թեկնածու Դանիել Մինասյանը:
Մանիպուլյացիա՞, թե՞ հնարավորություն
Ամերիկացի կրիպտոթրեյդեր, մեր հայրենակից Արսեն Ավագյանը սխալ է համարում մեմքոյնը Bitcoin-ի հետ համեմատելը։ Նա խոստովանում է, որ ոչ մի պարագայում իր հաճախորդներին խորհուրդ չէր տա ներդրում կատարել Թրամփի դրամատեսակի մեջ։ «Բոլոր մեմքոյնների խնդիրն այն է, որ դրանք ապակենտրոնացված չեն, ինչը դրանք դարձնում է անկայուն և դժվար կանխատեսելի։ Դրանց արժեքը կախված է կոնկրետ մարդուց կամ մարդկանց խմբից, և դա նշանակում է, որ գնի վրա կարող է ազդել ցանկացած գործոն։ Օրինակ՝ մեմքոյնի ստեղծողի գործողությունները կամ հայտարարությունները կարող են ազդել դրա գնի վրա։ Եթե քոյնը թողարկում է ընկերությունը, ապա ղեկավարության կամ պատասխանատու անձանց փոփոխությունը նույնպես կարող է ազդել արժեքի վրա։ Իսկ քոյնը, կոպիտ ասած, «անջատելու» որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի։ Բացի այդ, գինը կարող է արհեստականորեն բարձրացվել կամ իջեցվել։ Ստեղծողը կարող է գաղտնի համաձայնության գալ ունևոր մարդու հետ, որը կսկսի գնել քոյնը՝ դրանով բարձրացնելով դրա փոխարժեքը, իսկ հետո, երբ մյուսները կհետևեն նրա օրինակին, նա արագ կվաճառի ամեն ինչ՝ փլուզելով փոխարժեքը և շահույթ ստանալով սպեկուլյացիայից։ Հենց այս պատճառով մենք այդպիսի բոլոր քոյնները միմյանց մեջ անվանում ենք "shitcoin"», - բացատրեց փորձագետը։
Բոլոր կրիպտոարժույթներից վատթարագույնը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Մաքսին Ուոթերսը, Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի նիստի ժամանակ TRUMP թոքենը անվանել է «կրիպտոարժույթներից ամենավատը»։ Ինչպես հաղորդում է Cointelegraph-ը, նա համոզված է, որ ներդրողները «կկորցնեն իրենց գումարները, երբ Թրամփի ներքին շրջանակը սկսի վաճառել» դրամատեսակը։ «Դրամատեսակի պայմանները թույլ չեն տալիս գնորդներին ներկայացնել հավաքական հայցեր, նույնիսկ եթե նրանց խաբել են», - ասել է Ուոթերսը՝ ավելացնելով. «Նաև առկա է անհանգստացնող թափանցիկության բացակայություն այս դրամատեսակի գնորդների շուրջ։ Իր մեմքոյնի միջոցով Թրամփը ստեղծել է ազգային անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի օրենքները շրջանցելու միջոց, ինչը թույլ է տալիս շահագրգիռ կողմերին անանուն կերպով գումար փոխանցել իրեն և իր մերձավոր շրջապատին»:
Սակայն, ոչ բոլորն են ԱՄՆ-ում հակված Թրամփի դրամատեսակի թողարկման մեջ տեսնել հնարավոր չարաշահում։ Ամերիկացի գործարար և մեր հայրենակից Գարի Բաղդասարովը այլ կերպ է մտածում. «Սա ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես չարաշահում։ Բացի նրանից, որ Թրամփը նախագահ է, իսկ նրա կինը՝ առաջին տիկին, նրանք, առաջին հերթին, ԱՄՆ-ի քաղաքացիներ են, որոնք իրավունք ունեն թողարկել իրենց սեփական քոյնը։ Նրանց հայտնիությունը, անշուշտ, նպաստում է կրիպտոարժույթի առաջխաղացմանը, սակայն Դոնալդ Թրամփը և Մելանիա Թրամփը հայտնի էին դեռ շատ առաջ՝ մինչև նրա նախագահությունը»։ Ինքը՝ Բաղդասարովը, չի ծրագրում ներդրում անել Թրամփի մեմքոյնում. «Կրիպտոարժույթների բազմազանության ֆոնին մեմքոյնները թվում են ժամանակի անիմաստ վատնում։ Ես դրանց մեջ լուրջ ներդրումային ներուժ չեմ տեսնում»։
Թրամփի կերպարը՝ առավելություն, թե՞ լրացուցիչ ռիսկ
Թրամփի դրամատեսակի դեպքում կան լրացուցիչ ռիսկեր՝ կապված նրա քաղաքական գործունեության հետ. և՛ Թրամփի կողմնակիցները, և՛ հակառակորդները կարող են օգտագործել թոքենը։ «Թրամփի հակառակորդները կարող են օգտագործել նրա մեմքոյնը նրա դեմ՝ ստեղծելով ֆինանսական մանիպուլյացիաներ՝ ուղղված վարկաբեկմանը։ Նրանք կարող են արհեստականորեն բարձրացնել քոյնի գինը՝ դարձնելով այն գրավիչ ներդրողների համար, իսկ հետո որոշակի պահի կտրուկ գցել փոխարժեքը՝ առաջացնելով զանգվածային խուճապ այն ունեցողների շրջանում։ Նման անկումը կհանգեցնի մարդկանց զգալի ֆինանսական կորուստների, ինչն անխուսափելիորեն կազդի Թրամփի իմիջի վրա»,- նշում է Ավագյանը։
Թրամփի զինակիցները, իրենց հերթին, կարող են նույնպես օգտագործել $TRUMP-ը միջոցներ հայթայթելու համար, բայց այլ նպատակով, շարունակում է նա՝ համաձայնելով կոնգրեսական Ուոթերսի հետ։ Ստեղծելով արհեստական հետաքրքրություն Թրամփի դրամատեսակի նկատմամբ, նրանք կարող են խթանել ներդրողներին հավատալ դրա կայունությանն ու հեռանկարին։ Սա թույլ է տալիս մեծ գումարներ ներգրավել, ինչը մանիպուլյացիա է սեփական շահի համար։ «Մի խոսքով, նման քոյնները (կապված քաղաքական գործչի անվան հետ) էլ ավելի բերրի հող են մանիպուլյացիաների համար։ Այսօր ոչ ոք չի կարող ասել $TRUMP-ը հայփ է, թե իրական հնարավորություն։ Բայց ես ոչ մեկին խորհուրդ չէի տա ներդրում կատարել որևէ մեմքոյնում», - հայտարարել է Ավագյանը։
Փորձագետը խորհուրդ է տալիս սպասել Bitcoin-ի կուրսի անկմանը և այդ ժամանակ գնել այն, իսկ հետո պահել գնումը նվազագույնը 4 տարի։ «Ես խորհուրդ եմ տալիս գնել Bitcoin և սպասել առնվազն չորս տարի, քանի որ նրա դեֆլյացիայի ցիկլը տեղի է ունենում հենց չորս տարին մեկ», - նշում է նա։ Ինչու՞ էր Թրամփին անհրաժեշտ մեմքոինը: Դոնալդ Թրամփի կողմից մեմքոինի ստեղծումը կարող է լինել ոչ միայն պրագմատիկ քայլ, այլ նաև ավելի լայն ռազմավարության մաս, որը համապատասխանում է նրա անկանխատեսելի քաղաքական ոճին։ Մի կողմից, մեմքոինը թույլ է տալիս Թրամփին ամրապնդել կապը իր աջակիցների բազայի հետ՝ առաջարկելով նրանց ավելին, քան սովորական քաղաքական կարգախոսներն են՝ եզակի տնտեսական էկոհամակարգի մաս լինելու հնարավորություն։ Սա ընդգծում է նրա ձգտումը ստեղծել «զուգահեռ կառույցներ»՝ լինի դա մեդիայում, քաղաքականության մեջ կամ նույնիսկ ֆինանսներում։ Ավելին, մեմքոինը դառնում է յուրատեսակ «լակմուսի թուղթ» Թրամփի աջակիցների հավատարմությունը ստուգելու համար, քանի որ մետաղադրամ գնելով՝ նրանք ոչ միայն ներդրում են կատարում պոտենցիալ շահութաբեր ակտիվում, այլ նաև ցուցադրում են քաղաքական համերաշխություն։
Այնուամենայնիվ, չի բացառվում, որ մեմքոյնի գործարկումը կարող էր լինել ավելի հավակնոտ ծրագրի մի մաս։ Օրինակ, այն կարող է ծառայել որպես ավանդական ֆինանսական համակարգերի և վերահսկողության շրջանցման գործիք, որոնք Թրամփը բազմիցս քննադատել է։ Ըստ էության, ԱՄՆ-ի նախագահի մեմքոյնը կարող է լինել ոչ միայն կրիպտոարժույթ, այլ նաև ավանդական ֆինանսական հաստատությունների վերահսկողությունից դուրս այլընտրանքային ֆինանսական հոսքերի ստեղծման հարթակ։
Մի կաթիլ դավադրության տեսություն
Բայց այստեղ առաջանում է մեկ այլ հարց։ Որոշ դիտորդներ կարող են ենթադրել, որ մեմքոյնն ինքնին ստեղծվել է որպես յուրահատուկ ծուղակ Թրամփի և նրա կողմնակիցների համար։ Եթե մեմքոյնի փոխարժեքը անկում ապրի անհրաժեշտ պահին, դա կարող է օգտագործվել մեդիա սկանդալ ստեղծելու համար՝ մեղադրելով Թրամփին իր ընտրողներին «խաբելու» համար ֆինանսական գործիքների օգտագործման մեջ։ Թրամփի հակառակորդները կարող էին պնդել, որ նա տեղյակ էր ակտիվի անկայունությունից և օգտագործել է այն բացառապես իր շահերի համար։
Այսպիսով, Թրամփի մեմքոյնը պարզապես քաղաքական գործիք կամ ֆինանսական նախագիծ չէ: Սա պոտենցիալ բազմամակարդակ ռազմավարություն է, որը կարող է լինել թե՛ իր դիրքերի ամրապնդման քայլ, թե՛ ավելի բարդ խաղի մաս, որտեղ ներգրավված են թե՛ նրա կողմնակիցների, թե՛ հակառակորդների շահերը:






