Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է նյարդային համակարգի հիվանդությունների դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող Intra-Cellular Therapies ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 33.02%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 126.20 դոլարի։ Հաջորդը MicroStrategy Incorporated–ն է: Բիզնեսի կառավարման լուծումներ մշակող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 20.92%–ով՝ հասնելով 396.50 դոլարի։ Եռյակը եզրափակում է Robinhood Markets ընկերությունը՝ 20.14% աճով։ Առցանց ներդրումային ամերիկյան հարթակի մեկ բաժնետոմսի գինը կազմում է 48.15 դոլար։ 


Անցած շաբաթվա  ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է FTAI Aviation–ը։ Ավիացիոն ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 35.42%–ով եւ այժմ կազմում է 112.38 դոլար։ Հաջորդը GameStop–ն է։ Վիդեոխաղերի, կոնսոլների և խաղային աքսեսուարների մանրածախ վաճառքով զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 14.86%–ով եւ հասել 27.51 դոլարի։ Եռյակը եզրափակում է Snap–ը։ Snapchat սոց․ հարթակի մայր ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 12.91%–ով եւ կազմում է 10.86 դոլար։of


Ընդհանուր առմամբ, ամերիկյան բաժնետոմսերը Թրամփի երդմնակալությանն ընդառաջ բավական հաջող շաբաթ են ունեցել։ Ուրբաթ S&P 500-ը, Dow-ը և Nasdaq-ը գրանցել են իրենց ամենամեծ շաբաթական աճը վերջին երկու ամիսների ընթացքում: Շաբաթական կտրվածքով Dow-ն աճել է 3,69%-ով, S&P-ը՝ 2,92%-ով, իսկ Nasdaq-ը՝ 2,43%-ով։ Սա պայմանավորված է տնտեսության վերաբերյալ հուսադրող նորություններով: Այս շաբաթվա տվյալները նվազեցրել են մտահոգությունները, որ գնաճը նորից կավելանա, ինչը նշանակում է, որ Դաշնային պահուստային համակարգը կսկսի նվազեցնել վերաֆինանսվորման տոկոսադրույքն ավելի շուտ և ավելի շատ, քան սպասվում էր: Intel-ն ամենամեծ շահույթն է գրանցել S&P 500-ում: Ընկերության բաժնետոմսերն աճել են 9,3%-ով՝ այն տեղեկություններից հետո, որ Qualcomm-ը հետաքրքրված է Ինտելը ձեռք բերելով։


Ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից ի վեր փոքր կապիտալով ընկերությունների բաժնետոմսերը, որոնք ընդգրկված են Russell 2000-ի ինդեքսում, դժվար ժամանակներ են ապրում: Ընտրություններին հաջորդած ուժեղ աճից հետո Russell 2000-ն այժմ 10%-ով նվազել է նոյեմբերի իր բարձրակետից։ Փոքր կապիտալով ընկերությունները սովորաբար օգտվում են ուժեղ տնտեսությունից, սակայն նրանց վնասում են բարձր տոկոսադրույքները, որոնք ավելի են թանկացնում փոխառությունները եւ փոքր ընկերությունների պարտքերը դառնում են ավելի խնդրահարույց։ Այս շաբաթ 10 տարեկան գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է վերջին 14 ամիսների առավելագույն մակարդակին, ինչը մեծացրել է այս առնչությամբ մտահոգությունները։


Դոնալդ Թրամփը ուրբաթ` Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելուց չորս օր առաջ, գործարկել է նոր memecoin` $TRUMP, որը շատ արագ հայտնի է դարձել: Ընդամենը մեկ ժամվա ընթացքում դրա շուկայական արժեքը հասել է ավելի քան 10 միլիարդ դոլարի: Memecoin-ը կրիպտոարժույթի տեսակ է, որը ստեղծվում է կատակով կամ զվարճանքի համար՝ հաճախ ոգեշնչված ինտերնետային մեմերից կամ վիրուսային թրենդերից։ Այս թոքենները սովորաբար չունեն լուրջ կամ գործնական նպատակ, ինչպես մյուս կրիպտոարժույթները, բայց դրանք կարող են արագ ժողովրդականություն և արժեք ձեռք բերել սոցիալական ցանցերի ուշադրության շնորհիվ։ Թոքենի թողարկումը սկսվել է 200 միլիոն խմբաքանակից և պլանավորում է հասցնել մինչև 1 միլիարդի։


Շքեղ դասի ապրանքների արտադրության LVMH ֆրանսիական ընկերությունը վերականգնել է Եվրոպայի ամենաթանկարժեք ընկերության իր դիրքը՝ առաջ անցնելով դանիական Novo Nordisk դեղարտադրողից: Novo-ի բաժնետոմսերն ընկել են 4,3%-ով այն բանից հետո, երբ ընկերության հայտնի դեղամիջոցները՝ Ozempic-ը և Wegovy-ը, հայտնվել են ԱՄՆ նոր օրենսդրության թիրախում: Այս անկումը նվազեցրել է Novo-ի շուկայական արժեքը մինչև 355 միլիարդ դոլար, ինչը մեկ միլիարդով ցածր է LVMH-ի շուկայական արժեքից: 2024 թվականը ծանր տարի էր LVMH-ի համար, որին պատկանում է Louis Vuitton-ը։ Ընկերության բաժնետոմսերի գինն անցած տարվա ընթացքում նվազեց 13%–ով, ինչը հիմնականում պայմանավորված էր Չինաստանում սպառողական ծախսերի կրճատմամբ: Այնուամենայնիվ, ներդրողների տրամադրությունները բարելավվել են՝ չինական շուկայի վերականգնման հույսերի շնորհիվ: Bank of America-ի գնահատականով՝ շքեղության ոլորտը վերականգնման նշաններ է ցույց տալիս 2025 թվականին։


2025 թվականի հունվարի 14-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 36,900,000,000 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2035թ. հոկտեմբերի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 46,600,000,000.0000 դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.6688 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9.9671 տոկոս։


ԱՄՆ-ի սպառողական գների ինդեքսը  2024 թվականի դեկտեմբերին ցույց է տվել չափավոր գնաճ:  Սպառողական գների ինդեքսը (որը չի ներառում սննդամթերքի և էներգիայի գները, ամսական կտրվածքով աճել է 0,2%, իսկ տարեկան աճը փոքր-ինչ դանդաղել է՝ մինչև 3,2%՝ նոյեմբերի 3,3%-ի համեմատ: Սա հուլիս ամսից ի վեր հիմնական գնաճի տեմպերի առաջին դանդաղումն է: Գլխավոր սպառողական գների ինդեքսը, որը ներառում է բոլոր ապրանքները, տարեկան կտրվածքով աճել է 2,9%-ով՝ նոյեմբերի 2,7%-ի համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված է վառելիքի սեզոնային բարձր գներով և պարենային ապրանքների կայուն գնաճով: Ամսական աճը կազմել է 0.4%: Թեև գնաճը դանդաղում է, այն շարունակում է բարձր մնալ Դաշնային պահուստային համակարգի 2% թիրախային ցուցանիշից։


Reuters-ի հարցումը ցույց է տալիս, որ տնտեսագետների մեծ մասի կարծիքով՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 2025 թվականի հունվարի 28-29-ի հանդիպմանը վերաֆինանսավորման տոկոսադրույքները կպահի 4,25%-4,50% մակարդակում: Ակնկալվում է, որ տոկոսադրույքների նվազեցումը կսկսվի 2025 թվականի մարտին, թեև Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ կապված գնաճի մտահոգությունները կարող են սահմանափակել կրճատումների քանակը։ Գնաճը շարունակում է մտահոգիչ մնալ. տնտեսագետները կանխատեսում են, որ այն կարող է մնալ Դաշնային պահուստային համակարգի թիրախային 2%–ից բարձր մինչև առնվազն 2027 թվականը:


Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է 2025 թվականի համար համաշխարհային աճի կանխատեսումը` ավելացնելով այն 0,1 տոկոսային կետով։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ 2025 և 2026 թվականներին համաշխարհային աճը կկազմի 3,3%, ընդ որում ԱՄՆ-ի աճը շարժիչ ուժ կդառնա գլոբալ աճի համար։ ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին համաշխարհային գնաճը կնվազի մինչև 4,2%, իսկ մինչև 2026 թվականը կնվազի մինչև 3,5%: Ակնկալվում է, որ 2025 թվականին ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 2,7%՝ շնորհիվ ուժեղ աշխատաշուկայի և ներդրումների, սակայն դրա աճը կդանդաղի մինչև 2,1% 2026 թվականին: Մինչդեռ Եվրոպայի աճի կանխատեսումը 2025 թվականին կրճատվել է մինչև 1,0%: ԱՄՀ-ն նաև վերանայել է Չինաստանի աճը՝ դեպի վեր. 2025 թվականի համար մինչև 4,6%՝ հարկաբյուջետային խթանման շնորհիվ։


2024 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ դոլարն աճել է գրեթե 10%-ով՝ հասնելով երկու տարվա առավելագույնին, ինչը հիմնականում պայմանավորված է Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձով եւ նրա տնտեսական քաղաքականությամբ։ Ներդրողները պատրաստվում են դոլարի շարունակական ամրապնդմանը։ Ակնկալվում է, որ Թրամփի քաղաքականությունը այնպիսի հարցերում, ինչպիսին մաքսատուրքերի բարձրացումն է, ճնշում կգործադրեն համաշխարհային արժույթների վրա՝ դոլարը դարձնելով ավելի գրավիչ՝ որպես ապահով ապաստարան: Դոլարի բարձրացմանը նպաստել են ԱՄՆ-ի ուժեղ տնտեսական աճը, գանձապետարան պարտատոմսերի բարձր եկամտաբերությունը և այն ակնկալիքը, որ Դաշնային պահուստային համակարգը կարող է դադարեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը։ Goldman Sachs-ը կանխատեսում է, որ այս տարի դոլարը կարող է աճել ևս 5%-ով։


ԱՄՆ կառավարությունը 2025 ֆինանսական տարվա առաջին երեք ամիսների համար գրանցել է 711 միլիարդ դոլարի ռեկորդային դեֆիցիտ, ինչը 39 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 2024 ֆինանսական տարվա նույն եռամսյակում դեֆիցիտը 510 միլիարդ դոլար էր։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։