Կանադայի արքայազն Էդվարդ կղզու Մարշֆիլդ քաղաքի բնակիչ Ջո Վելայդումը յուրօրինակ իրադարձության ականատես է եղել՝ երկնաքարն ընկել է հենց իր տան դիմացի արահետին։ Պահը ֆիքսվել է CCTV տեսախցիկով, որն արձանագրել է անկման և՛ տեսողական, և՛ ձայնային էֆեկտները: Գիտնականները կարծում են, որ սա պատմության մեջ առաջին նման դեպքն է։
Անկումից վայրկյաններ առաջ
Անցյալ հուլիսին Վելայդումը հազիվ փրկվեց ողբերգությունից՝ իր շների հետ զբոսնելիս:
«Ինձ համար ցնցողն այն է, որ ես երկնաքարի այդ անկումից մի քանի րոպե առաջ կանգնած էի հենց այնտեղ: Եթե ես դա տեսնեի, հավանաբար հենց այնտեղ էլ կանգնած կմնայի և հավանաբար ուղղակի երկու մասի կկիսվեի», — ասել է նա CBC News-ին։
Երբ Վելայդումը վերադարձավ տուն, նա գտավ մուգ բեկորներ, որոնք ցրված էին արահետով և սիզամարգով, իսկ հետո ստուգեց տեսախցիկի կադրերը: Տեսանյութում երևում էր «մինի պայթյուն», հենց այն հատվածում, որտեղ նա կանգնած էր ընդամենը րոպեներ առաջ։
Գիտական հայտնագործություն
Ալբերտայի համալսարանի երկնաքարերի հավաքածուի համադրող Քրիս Հերդը հաստատել է, որ Վելայդումի տան մոտ հայտնաբերված բեկորները երկնաքարից են։ Ընդհանուր առմամբ, հետազոտողները հավաքել են մոտ 95 գրամ բեկորներ, որոնք, պարզվել է, սովորական քոնդրիտներ են՝ երկնաքարի ամենատարածված տեսակը։
Երկնաքարը, որը կղզու մայրաքաղաքի անունով ստացել է «Շարլոտաթաուն» անվանումը, եկել է Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստերոիդների գոտուց։ Երկնաքարը, ըստ Հերդի, մթնոլորտ է ներթափանցել մոտ 60000 կմ/ժ արագությամբ և մինչև հարվածը դանդաղել է մինչև 200 կմ/ժ:
«Սա կղզում հայտնաբերված առաջին և միակ երկնաքարն է: Ամեն անգամ, երբ մենք գտնում ենք նոր երկնաքար, դա նոր նմուշ է տիեզերքից», — ասաց Հերդը, ով, երջանիկ պատահականությամբ, կղզի էր ժամանել երկնաքարի անկումից մի քանի օր անց:
Պատմական արձանագրություն
Գիտնականի խոսքով՝ անկումն ուղեկցվել է ձայնային էֆեկտներով, որոնք նախկինում երբևէ չեն գրանցվել արհեստական սարքերի վրա։
Վելայդումի համար այս իրադարձությունը դարձավ ոչ միայն հիացմունքի, այլեւ մտորումների առարկա։
«Ինչպե՞ս կարելի է դա մեկնաբանել, բացի զարմանքից և ակնածանքից», — ասում է նա։






