Երկուշաբթի՝ հունվարի 6-ին, ամերիկյան ֆոնդային բորսաները աճել են՝ հիմնականում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի լավ ցուցանիշների շնորհիվ։ S&P 500-ն աճել է 0,55%-ով, իսկ Nasdaq-ը՝ 1,24%-ով։ Nvidia-ի, AMD-ի և Micron Technology-ի բաժնետոմսերի գները մեծ աճ են գրանցել այն բանից հետո, երբ Microsoft-ը հայտարարեց արհեստական բանականության ոլորտում խոշոր ներդրումների մասին: Ավտոմոբիլային ընկերությունների բաժնետոմսերը նույնպես աճել են, մասամբ այն պատճառով, որ կարծիք կա, որ Թրամփի գալիք վարչակազմը կարող է մեղմացնել դիրքորոշումը մաքսատուրքերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, Dow Jones-ը փոքր-ինչ իջել է` 0,06%-ով:


Երեքշաբթի՝ հունվարի 7-ին, ամերիկյան ֆոնդային բորսաները նվազել են՝ հիմնականում ներդրողների շրջանում գնաճի հետ կապված մտահոգությունների պատճառով: S&P 500-ը կորցրել է 1,11%,  իսկ Nasdaq-ը՝ 1,89%։ Վերջին զեկույցները ցույց են տվել, ավելի շատ նոր աշխատատեղեր են բացվել և որ ծառայությունների ոլորտում ուժեղ աճ է գրանցվել, ինչը հուշում է, որ գնաճը կարող է ավելի երկար պահպանվել: Սա մտավախություն է առաջացրել, որ Դաշնային պահուստային համակարգը մոտ ապագայում չի նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության աճը նույնպես ճնշում է գործադրել բաժնետոմսերի, հատկապես տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի վրա։


Հունվարի 6-ին ԱՄՆ 30-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է վերջին մեկ տարվա ամենաբարձր մակարդակին՝ 4,86%-ի։ Դա տեղի է ունեցել գանձապետական աճուրդներում պահանջարկի նվազման հետեւանքով եւ երկրում սպասվող ավելի բարձր գնաճի պատճառով, ինչը կվնասի պարտատոմսերի շուկային: Գանձապետարանի 10-ամյա պարտատոմսերի  եկամտաբերությունը նույնպես աճել է՝ հասնելով 4,64%–ի, ինչն ամենաբարձրն է 2023 թվականի մայիսից ի վեր, և ակնկալվում է, որ հետագայում կբարձրանա՝ հասնելով 5%-ի։ Ներդրողների մեծամասնությունն ակնկալում է, որ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կշարունակի աճել 2025 թվականին:


Երեքշաբթի Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ելույթից հետո ընկերության բաժնետոմսերը հասել են պատմական առավելագույնին՝ 153,13 դոլար։ Օրվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը աճել է 2%-ով։ Հուանգը ներկայացրել էր նոր ապրանքներ, այդ թվում՝ 3000 դոլար արժողությամբ ԱԲ-ով աշխատող անհատական համակարգիչ, խաղային նոր գրաֆիկական քարտեր, եւ թարմացումներ ինքնավար տեխնոլոգիաների ու  ռոբոտաշինության ոլորտներում: Նա նաև ակնարկներ է արել արհեստական բանականության ոլորտում սպասվող մեծ առաջընթացի մասին: Վերլուծաբանները կարծում են, որ հաջորդ 12-18 ամիսներին Nvidia-ի շուկայական արժեքը կարող է աճել ՝ 35%–ով՝ հասնելով 5 տրիլիոն դոլարի։

Հուանգը նաեւ նշել է, որ քվանտային համակարգիչների մշակումը, որոնք կարող են գործնական և օգտակար արդյունքներ տալ, կարող է տևել 15-30 տարի։ Դրանից հետո Քվանտային հաշվարկների հետ կապված ընկերությունների բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել է։ IonQ-ի բաժնետոմսերը, որոնք վերջին մեկ տարում աճել էին ավելի քան 300%-ով, Հուանգի մեկնաբանություններից հետո 10%-ով անկում են ապրել: Նախաշուկայական առևտրում Quantum Computing Inc.-ի, D-Wave-ի և Rigetti-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են ավելի քան 14%-ով:


Aurora Innovation-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 35%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է Nvidia-ի և Continental-ի հետ նոր գործարքի մասին՝ ինքնակառավարվող բեռնատարներ մշակելու վերաբերյալ: Aurora-ն կհամագործակցի Nvidia-ի հետ՝ բեռնատարների համար անհրաժեշտ ծրագրակազմ ստեղծելու ուղղությամբ, իսկ Continental-ը կօգնի 2027 թվականից սկսած դրանց կառուցման համար անհրաժեշտ սարքավորումների պատրաստմանը: «Ավրորա»-ի գործադիր տնօրեն Քրիս Ուրմսոնն ասել է, որ ճանապարհին հազարավոր առանց վարորդ բեռնատարների առկայությունը կվերափոխի տրանսպորտի ոլորտը: Բացի այս գործարքից, Nvidia-ն նաև հայտարարեց, որ աշխատելու է Toyota-ի և Uber-ի հետ՝ նրանց մեքենաների համար ինքնակառավարվող տեխնոլոգիա ապահովելու համար:


ԱՄՆ մայրուղիների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը ուսումնասիրում է Tesla-ի ավտոմեքենաների նոր՝ Actually Smart Summon գործառույթը, քանի որ այն կարող է վթարների պատճառ դառնալ: Այս գործառույթը սեփականատերերին թույլ է տալիս հեռակա կարգով տեղափոխել իրենց մեքենան՝ օգտագործելով հավելվածը, սակայն եղել են հաղորդումներ վթարների մասին, երբ համակարգը չի տեսել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են կայանված մեքենաները: Հետաքննության մասին հատարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 3%-ով: Tesla-ն ապագայում մեծ պլաններ ունի ինքնակառավարվող մեքենաների հետ կապված, սակայն անվտանգության այս խնդիրները կարող են ազդել դրանց առաջընթացի վրա:


2024 թվականի դեկտեմբերին եվրոգոտում գնաճը հասել է 2,4%–ի, նոյեմբերի 2,2%-ի փոխարեն, ինչը պայմանավորված է էներգակիրների բարձր գներով և այնպիսի ծառայությունների ավելացած ծախսերով, ինչպիսիք են առողջապահությունը և տրանսպորտը։ Այս աճը, սակայն, ենթադրվում է, որ չի խանգարի Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ) շարունակել տոկոսադրույքների իջեցումը: ԵԿԲ-ն դեռևս ակնկալում է, որ գնաճը կնվազի և կհասնի 2% նպատակային ցուցանիշին մինչև 2025 թվականի երկրորդ կեսը, քանի որ տնտեսական աճը մնում է թույլ, իսկ աշխատատեղերի աճը դանդաղում է։ Ակնկալվում է, որ ԵԿԲ-ն դեռևս կնվազեցնի տոկոսադրույքները, ինչը հավանական է 2025 թվականի հունվարի 30-ին:


ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար դիմած անձանց թիվը նվազել է մինչև 211,000, ինչը ութ ամսվա ընթացքում ամենացածր մակարդակն է: Սա վկայում է ուժեղ աշխատաշուկայի մասին։ Սպասվում է, որ դեկտեմբերին  գործազրկության մակարդակը պահպանվել է 4,2 տոկոսի մակարդակում։ Աշխատաշուկայում այս ճկունությունը օգնում է տնտեսությունը պահպանել առողջ ուղու վրա և ավելի քիչ հավանական է դարձնում, որ Դաշնային պահուստային համակարգը ագրեսիվորեն կնվազեցնի տոկոսադրույքները:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։