Microsoft ընկերությունը, առանց ավելորդ աղմուկի, արգելել է կրիպտոարժույթների մայնինգը իր ամպային ծառայությունների կիրառմամբ։ Այս մասին հայտնի է դարձել, երբ ընկերությունը հրապարակել է առցանց ծառայությունների համընդհանուր լիցենզայի պայմանագրի (Universal License Terms for Online Services) թարմացված տարբերակը։

Ինչպես տեղեկացնում է The Register-ը, որոշակի բացառություններ, այդուհանդերձ, նախատեսված են: Առցանց ծառայությունների համընդհանուր լիցենզիայի պայմանների փոփոխություններն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 1-ից և հիմնականում վերաբերում են կորպորատիվ լիցենզավորման ներքո մատուցվող ծառայություններին:

Հիմնականում փոփոխությունները վերաբերում են Azure ամպային ծառայության օգտագործման պայմաններին: Համառոտ ամփոփագրում ասվում է, որ կրիպտոմայնինգն արգելված է «առանց Microsoft-ի նախնական հաստատման»: Մասնավորապես, նշվում է, որ կրիպտոարժույթի մայնինգով չի կարող զբաղվել ո՛չ պատվիրատուն, ո՛չ էլ նրա հաճախորդները։ Հակառակ դեպքում, պահանջվում է ամպային ծառայության մատակարարի գրավոր թույլտվությունը «անկախ բաժանորդագրության պայմաններից»:

Նման արգելքներ արդեն մտցրել են ամպային ծառայություններ մատուցող Digital Ocean-ը, Google Cloud-ը, Oracle-ը և OVH-ը: Amazon Web Services-ը մայնինգով զբաղվել արգելում է, եթե դա արվում է անվճար փաթեթի շրջանակում։

Ինչպես տեղեկացրել է Microsoft-ը, մայնինգի արգելքը մտցվել է առցանց ծառայությունների խափանման կամ նույնիսկ անջատման հնարավոր ռիսկերից, ինչպես նաև հնարավոր անօրինական գործողություններից խուսափելու նպատակով՝ խարդախությունից մինչև օգտատերերի ռեսուրսների անօրինական օգտագործում։ Բոլոր փոփոխությունները, ըստ Microsoft-ի, նպատակ ունեն պաշտպանել հաճախորդներին և նվազեցնել ընկերության ծառայությունների խափանումների ռիսկը: Ընդորում, ընկերությունն ինքը կորոշի հաստատել կամ մերժել կիբեռանվտանգության ոլորտում թեստերի և հետազոտությունների համար մայնինգով զբաղվելու դիմումները։ Ըստ The Register-ի՝ մայնինգով զբաղվելու համար Microsoft-ն արդեն արգելափակել է որոշ օգտահաշիվներ։

Մասնագետները նշում են, որ պարզ չէ, թե իրականում ինչու են Microsoft-ը և ամպային ծառայություններ մատուցող այլ ընկերություններ նման սահմանափակումներ մտցնում: Որպես վարկածներ են նշվում շուկայի վերջին տատանումների պատճառով հաճախորդների հնարավոր անվճարունակության վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ Azure-ը բավարար հաշվողական հզորություններ չունի։ Հնարավոր է, որ Microsoft-ը պարզապես փնտրում է ավելի «կայուն» հաճախորդներ, որոնց համար այժմ ազատում է ենթակառուցվածքները։

Ըստ Statista.com-ի 2022թ. երրորդ եռամսյակի տվյալների՝ ամպային ծառայությունների գլոբալ շուկայում ամենամեծ մասնաբաժինն ունի Amazon Web Services-ը՝ 34%: Microsoft Azure-ը զբաղեցնում է շուկայի 21 տոկոսը, իսկ Google Cloud-ը զբաղեցնում է երրորդ տեղը՝ 11% մասնաբաժնով։ Չորորդ և հինգերորդ տեղերն զբաղեցնում են Alibaba Cloud-ը և IBM Cloud-ը՝ համապատասխանաբար 5% և 3% մասնաբաժիններով։

Amazon cloud.jpg (79 KB)