Գերմանական խոշորագույն ավտոարտադրողները հայտնել են շահույթի զգալի անկման մասին: Ընկերությունները քննարկում են գործարանները փակելու և աշխատակիցներին կրճատելու հարցը։

2024-ի երրորդ եռամսյակում Volkswagen-ի շահույթը նվազել է 64%-ով՝ հասնելով 1,58 մլրդ եվրոյի՝ հիմնականում Չինաստանում վաճառքի նվազման և վերակառուցման բարձր ծախսերի պատճառով։ Volkswagen-ը պատրաստվում է փակել երեք գործարան Եվրոպայում, ինչը կհանգեցնի տասնյակ հազարավոր աշխատատեղերի կորստի։

«Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ մրցունակ մնալու համար։ Այստեղ ցանկացած ուշացում անպատասխանատու կլինի»,- ասել է VW Group-ի ֆինանսական տնօրեն Առնո Անտլիցը:

Audi-ի հասույթը նվազել է 91%-ով և կազմել 106 մլն եվրո: Հիմնական պատճառը Եվրոպայի, Չինաստանի և ԱՄՆ շուկաներում վաճառքի կտրուկ անկումն է։ Ի պատասխան՝ ընկերությունը դիտարկում է Բրյուսելի իր գործարանը փակելու հարցը, որը կազդի 3000 աշխատակցի վրա։

BMW-ի շահույթը երրորդ եռամսյակում նվազել է 84%-ով, մինչդեռ Mercedes-Benz-ը զուտ շահույթի անկում է գրանցել 54%-ով: