Forbes ամսագրի վերջին տվյալներով՝ Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ամենահարուստ բնակիչը՝ 15,1 միլիարդ դոլար կարողությամբ և աշխարհում ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 115-րդ տեղը:
ԱՄԷ-ում ներկայում բնակվում է 11 միլիարդատեր, որոնցից չորսը տեղաբնկիներ են։ ԱՄԷ-ում բնակվող միլիարդատերերից երկրորդ տեղը զբաղեցնում է Mashreq Bank-ի հիմնադիր Աբդուլլահ Բին Ահմեդ Ալ Գուրայրը՝ 2,8 միլիարդ դոլար կարողությամբ, երրորդ տեղում՝ Damac Properties ընկերության հիմնադիր և նախագահ Հուսեյն Սաջվանին՝ 2,7 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ Աբդուլլահ Ալ-Ֆուտտեյմը և նրա ընտանիքը՝ Al-Futtaim Group-ի սեփականատերը, չորրորդ հորիզոնականը՝ 2,4 միլիարդ դոլար կարողությամբ:
Անցյալ տարի Պավել Դուրովի կարողությունը գերազանցել է 17 միլիարդ դոլարը, իսկ 2020 թ․ այն կազմում էր 2,4 միլիարդ դոլար։ Մինչև 2019 թ․ Դուբայում բնակվող ռուս միլիարդատիրոջ կարողությունը կազմում էր 2,7 միլիարդ դոլար։
Ավելի վաղ Henley & Partners ընկերությունը կազմել էր 2022 թ․ աշխարհի քաղաքների ցանկը, որտեղ ապրում են ամենահարուստ մարդիկ։ Այդ ցանկում Դուբայն զբաղեցնում էր առաջին տեղը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ աշխարհում՝ 23-րդը։ Այս տարվա առաջին վեց ամիսներին մեծ կարողություն ունեցող մարդկանց թվի 18% աճ է գրանցվել ԱՄԷ-ում․ հարուստ բնակչության թիվը 2021թ․ հունիսի 1-ին գրանցված 54,000-ից հասել է 67,900-ի։
Ըստ Forbes-ի տվյալների՝ Tesla-ի և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ․ շաբաթվա սկզբին Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է 6%-ով ինչի հետևանքով Մասկի կարողությունը նվազել է 7.4 մլրդ դոլարով։ Արդյունքում նրա կարողությունն այս պահին գնահատվում է 181,3 միլիարդ դոլար, այս ցուցանիշով նա զբաղեցնում է ամենահարուստ մարդկանց ցանկի երկրորդ հորիզոնականը։ Forbes-ի ցուցակի առաջին տեղում ֆրանսիայի բիզնես մագնատ Բեռնարդ Առնոն է, ում կարողությունը գնահատվում է 186,2 միլիարդ դոլար:






