Apple-ը հաստատել է լուրերն այն մասին, որ երկու շաբաթ առաջ շտկել է iPhone-ի անվտանգության համակարգում եղած խոցելիությունը, որն ակտիվորեն շահագործվում էր կիբեռհանցագործների կողմից: Ինչպես տեղեկացնում է TechCrunch-ը, խոցելիությունը բացահայտելու հարցում օգնել է Apple-ի մրցակից ընկերությունը։

Նոյեմբերի 30-ին թողարկված iOS 16.1.2-ը «անվտանգության հիմնական թարմացում» է, որն ստացել են iPhone 8-ից հետո թողարկված բոլոր հեռախոսները։

Apple-ը հայտնել է, որ թարմացումը շտկել է WebKit-ի խոցելիությունը, այն բրաուզերի շարժիչ է, որն ապահովում է Safari-ի և այլ հավելվածների աշխատանքը: Խոցելիությունը չարագործներին հնարավորություն է տվել օգտատերերի սարքերում գործարկել վնասակար կոդ: Apple-ից տեղեկացրել են, որ խնդրի մասին տեղեկությունը տրամադրել է Google-ի Սպառնալիքների վերլուծության խումբը (Threat Analysis Group), որն զբաղվում է կիբեռսպառնալիքներից, լրտեսող ծրագրերից և կիբեռհարձակումներից ընկերության արտադրանքն ու օգտատերերին պաշտպանելու հարցերով։

Ըստ TechCrunch-ի՝ WebKit-ի խոցելիությունները հաճախ օգտագործվում են վնասակար կայքեր այցելելիս, ընդորում՝ և՛ Safari բրաուզերը, և՛ հավելվածներից մեկում ինտեգրված բրաուզերն օգտագործելու դեպքում: Չարագործները բավական հաճախ են փորձում օգտագործել WebKit-ում հայտնաբերված թերությունները օգտատերերի օպերացիոն համակարգեր «ներխուժելու» և գաղտնի տվյալներին հասանելիություն ստանալու համար: WebKit-ի խոցելիությունները կարող են օգտագործվել այլ խոցելի տեղերի հետ համատեղ՝ Apple սարքերի բազմաշերտ անվտանգությունը կոտրելու նպատակով:

Երեքշաբթի ընկերությունը հայտարարել է, որ հայտնաբերված խոցելիությունն օգտագործվել է iOS-ի տարբերակներում, որոնք թողարկվել են մինչև iOS 15.1-ի թողարկումը (2021 թ. հոկտեմբերին): Նրանց համար, ովքեր դեռ չեն թարմացրել iOS 16-ը, Apple-ը թողարկել է iOS-ի և iPadOS 15.7.2-ի համար թարմացում, որը թույլ է տվել վերացնել iPhone 6s-ի և ավելի ուշ մոդելներում, ինչպես նաև iPad-ի որոշ մոդելներում առկա թերությունը։

Խոցելիությունն ստացել է CVE-2022-42856 կամ WebKit 247562 անվանումը: Դեռևս հայտնի չէ, թե դրա վերացումից հետո երկու շաբաթվա ընթացքում Apple-ն ինչու մանրամասներ չի հայտնել դրա մասին։ Ո՛չ Apple-ը, ո՛չ Google-ը չեն մեկնաբանում իրավիճակը: Դրանից հետո Apple-ն արդեն թողարկել է iOS 16.2 թարմացումը, որի շրջանակում ծայրից ծայր կոդավորում է ավելացել iCloud-ում և այլ նոր ֆունկցիաներում։