Հնդկաստանը երրորդ խոշոր տնտեսությունն է աշխարհում՝ 2023 թվականին ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող 2300 դոլարով։ Մեր երկրում 2000-ականներին որոշվեց ոզարկա տալ թվայնացմանը, որպեսզի մարդիկ զգան իրականացվող բարեփոխումների արդյունքում փոփոխությունները։ Այս մասին Silicon Mountains-2024 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ ասել է Infosys ընկերության հիմնադիր, Հայաստանի պետական մրցանակի 2023 թվականի դափնեկիր, Հնդկաստանի ՏՏ ոլորտի առանցքային դեմք Նարայանա Մուրթին։
Նա հայտնել է, որ այդ ժամանակ միջոցներ են ձեռնարկվել տնտեսության թվայնացման ուղղությամբ՝ ապահովելու անկանխիկ ծառայությունների առավելագույն հասանելիությունը։ «Ամբողջ թվային ռազմավարությունն ուղղված էր գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացմանը, իսկ ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ էր ներդնել գերարագ ինտերնետ: Այնուհետեւ ներդրվեցին թվային ծառայություններ, այդ թվում՝ հարկային և պետական կառավարման ոլորտներում։ Դա բարձրացրեց արդյունավետությունը, նվազեցրեց ծախսերը և բյուրոկրատիան, ինչը հնարավորություն տվեց հնարավորինս շատ մարդկանց սկսել օգտվել բանկային, ապահովագրական և այլ տեսակի ծառայություններից:
Անկանխիկ վճարումների աճի շրջանակում ներդրվել են վճարումների տարբեր տեսակներ՝ բջջային դրամապանակներ, առցանց բանկինգ, մոբայլ բանկինգ և այլ գործիքներ։ Հնդկաստանը մինչև 2008 թվականը բանկային գործունեության ցուցանիշով ամենաթույլ երկրներից մեկն էր, մինչդեռ այժմ քաղաքացիների 96%-ն ունի բանկային հաշիվներ։ Եթե չլինեին թվայնացման փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տարիների ընթացքում, ապա այս գործընթացը կտևեր 50 տարի: Բացի այդ, 2010 թվականից մինչև 2022 թվականը քառապատկվել են հարկերի հավաքագրումները։
Բարեփոխումները հանգեցրին նրան, որ Հնդկաստանում ստեղծվեց պատվաստանյութերի բաշխման ամենաարդյունավետ թվային միջոցներից մեկը: Երկիրը նաև 3-րդն է աշխարհում (ԱՄՆ-ից և Չինաստանից հետո) առցանց գնումների ծավալով։ Երեք տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 140 միլիարդ գործարք»,- հավելել է Մուրթին: 2005 թվականին Financial Times-ը նրան ընդգրկել է տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի դրոշակակիրների տասնյակում:






