Միկրոչիպեր արտադրող ամերիկյան AMD ընկերությունը հաստատել է, որ աշխատանքից ազատում է իր աշխատուժի 4%-ը՝ «աճի մեծ հնարավորությունների» վրա կենտրոնանալու նպատակով։

Ընկերությունը չի մասնրամասնել, թե քանի աշխատող է տուժում կրճատումից և որ բաժիններից: AMD-ն այս տարվա դրությամբ ունեցել է մոտ 26,000 աշխատակից, համաձայն ընկերության տարեկան հայտարարագրի։ Չորս տոկոսը կնշանակի մոտ 1000 աշխատակից:  

«Մեր ռեսուրսները մեր ամենամեծ աճի հնարավորություններին համապատասխանեցնելու շրջանակում մենք մի շարք նպատակային քայլեր ենք ձեռնարկում,- CRN-ին ասել են AMD-ից,- Մենք հանձնառու ենք հարգանքով վերաբերվել կրճատվող աշխատակիցներին և օգնել նրանց այս անցումային փուլում»:

Կրճատումները տեղի են ունենում երրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակումից հետո ըստ որի՝ թեև աճել է ընկերության թե՛ եկամուտը, թե՛ շահույթը, սակայն խաղերի բաժինը տարեկան կտրվածքով գրանցել է 69% անկում, և ընթացիկ եռամսյակի վերաբերյալ կանխատասումները չեն արդարացրել վերլուծաբանների սպասումները:

AMD-ը պայքարել է մրցակից Nvidia-ի դեմ՝ արհեստական բանականության չիպերի վաճառքի ոլորտում առաջընթաց գրանցելու համար: Պատճառներից մեկը պահեստային ապրանքի պակասն է․ ըստ գնահատականներից մեկի՝ AMD-ն այս տարի կառաքի 224,000 գրաֆիկական պրոցեսոր, որը մեծ ծավալ է, բայց բավարար չէ Microsoft-ի և Meta-ի նման խոշոր հաճախորդների պահանջարկը բավարարելու համար:

AMD-ի չիպերը նաև համեմատելի չեն այն չիպերի հետ, որոնք Nvidia-ն առաջարկում է ԱԲ ուսուցման հիմնական աշխատանքային ծանրաբեռնվածության համար, թեև AMD-ն իր արտադրանքը դասում է որպես լավագույն ընտրություն ԱԲ ուսուցման համար (այսինքն՝ գործարկվող մոդելների):

Երրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվության ներկայացման ժամանակ AMD-ի գործադիր տնօրեն Լիզա Սուն փորձել է վստահեցնել ներդրողներին, որ ընկերության ապագա չիպերը շատ մրցունակ կլինեն Nvidia-ի չիպերի հետ: «Մեր հաջորդ սերնդի MI350 շարքի սիլիկոնը շատ լավն է և կթողարկվի 2025-ի երկրորդ կեսին՝ վերջին սերնդի ԱԲ կատարողականի ամենամեծ աճով, որ մենք երբևէ ունեցել ենք»,- ասել է նա:

Տարբեր գնահատականների համաձայն՝ 2025-ին AMD-ի եկամուտը կհասնի 32,6 միլիարդ դոլարի՝ ընդամենը 7,0 միլիարդ դոլարի աճ: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ Nvidia-ի եռամսյակային եկամուտը կկազմի 33 միլիարդ դոլարի չափ, գրեթե ամբողջությամբ ԱԲ չիպերի վաճառքի շնորհիվ: AMD-ի բաժնետոմսերի գինը տարվա կտրվածքով գրանցել է մոտ 4%-ի անկում։