Nvidia-ի բաժնետոմսերը ռեկորդային աճ են գրանցել, ինչի արդյունքում չիպ արտադրող ընկերությունը դարձել է պատմության մեջ առաջինը, որի շուկայական արժեքը գերազանցել է 3,6 տրիլիոն դոլարը, տեղեկացնում է Reuters-ը։

Արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպեր արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը հինգշաբթի աճել է 2,2%-ով, ինչը պայմանավորված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հարկերի կրճատման և ավելի մեղմ կարգավորումների վերաբերյալ ներդրողների շրջանում ձևավորված լավատեսական սպասումներով։

Nvidia-ի արժեթղթերի շուկայական արժեքը օրվա վերջին կազմել է 3,65 տրիլիոն դոլար՝ գերազանցելով Apple-ի ամենաբարձր ցուցանիշը՝ 3,57 տրլն դոլար, որը գրանցվել էր հոկտեմբերի 21-ին։ Ըստ LSEG-ի տվյալների՝ Nvidia-ն փաստացի առաջ է անցնել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը:

Հինգշաբթի Apple-ի բաժնետոմսերը ևս աճել են՝ 2,1%-ով, ինչի արդյունքում ընկերության շուկայական գինը կազմել է 3,44 տրիլիոն դոլար։

nvidia.jpg (52 KB)

Այս պահին Nvidia-ն ԱՄՆ ֆոնդային շուկայի ամենամեծ ընկերությունն է և հաղթում է Microsoft-ի, Alphabet-ի և այլ ծանր քաշային ընկերությունների միջև ծավալված մրցավազքում։ Ընկերության բաժնետոմսերը նոյեմբերին աճել են 12%-ով, դրանց արժեքն այս տարվա ընթացքում եռապատկվել է:

Այս տարվա աճից հետո Nvidia-ն իր շուկայական արժեքով այժմ գերազանցում է Eli Lilly, Walmart, JPMorgan, Visa, UnitedHealth Group և Netflix ընկերությունների միասին վերցրած։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ Nvidia-ն կավելացնի իր եռամսյակային եկամուտը ավելի քան 80%-ով մինչև 32,9 միլիարդ դոլար, երբ նոյեմբերի 20-ին ներկայացնի իր արդյունքները;

Հունիսին Nvidia-ն կարճ ժամանակով դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը, նախքան նրանից առաջ կանցնեին Microsoft-ը և Apple-ը:

Microsoft-ի շուկայական արժեքը կազմել է մոտ 3,16 տրիլիոն դոլար, իսկ հինգշաբթի նրա արժեթղթերն աճել են 1,25%-ով: