Nissan Motor ընկերությունը հայտարարել է, որ ծախսերը կրճատելու նպատակով տարբեր միջոցառումներ է նախատեսում իրականացնել, որի շրջանակում 9000 աշխատատեղ կկրճատվի։
Ընկերությունը նաև կրճատել է իր ամբողջ տարվա կանխատեսումը այս տարի երկրորդ անգամ անընդմեջ, քանի որ շարունակում է պայքարել այնպիսի խոշոր շուկաներում, ինչպիսին Չինաստանն է: Ավտոարտադրողը նաև 20%-ով կնվազեցնի համաշխարհային արտադրական հզորությունը:
«Այս շրջադարձային միջոցառումները չեն նշանակում, որ ընկերությունը կրճատվում է»,- ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մակոտո Ուչիդան եկամուտների և վնասների մասին հաշվետվությունում: «Nissan-ը կվերակազմավորի իր բիզնեսը, որպեսզի դառնա ավելի խնայող և կայուն, ինչպես նաև կվերակազմավորի իր կառավարումը, որպեսզի արագ և ճկուն արձագանքի բիզնես միջավայրի փոփոխություններին»,- հավելել է նա:
Ընկերությունը նվազեցրել է ֆինանսական տարվա գործառնական շահույթի վերաբերյալ կանխատեսումը մինչև 974,9 մլն դոլար: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին գործառնական շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է 85%-ով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական ավտոարտադրող Volkswagen ընկերությունը որոշել է փակել առնվազն երեք գործարան և կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր մնացած բոլոր գործարաններում: Ընկերության 87-ամյա պատմության ընթացքում դա կլինի առաջին դեպքը, երբ Volkswagen-ի գործարանները փակվում են հայրենի երկրում: Ներկայումս VW-ն Գերմանիայում ունի 10 գործարան և մոտ 300,000 աշխատակից։






