ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ցնցում է առաջացրել համաշխարհային շուկաներում, քանի որ թրեյդերները նոր վարչակազմի օրոք քաղաքականության կտրուկ փոփոխություններ են ակնկալում: S&P 500-ի ֆյուչերսները աճել են 2,2%-ով, դոլարն ունեցել է իր ամենամեծ աճը 2020 թվականից ի վեր, իսկ բիթքոինը հասել է ռեկորդային մակարդակի: Ամերիկյան պարտատոմսերը անկում են ապրել ավելի արագ գնաճի ակնկալիքների ֆոնին, իսկ 30 տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 20 բազիսային կետով՝ մինչև 4,65%։ Թրամփի հաղթանակի ֆոնին նոյեմբերի 6–ի առավոտյան նախաշուկայական առևտրում Tesla-ի բաժնետոմսերը աճել են ավելի քան 12%-ով։ Հիշեցնենք, որ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը ակտիվ աջակցում էր Թրամփին նախընտրական արշավի ժամանակ։
ԱՄՆ սպառողական ծախսերը սեպտեմբերին սպասվածից մի փոքր ավելի են աճել՝ տարվա վերջին եռամսյակին ընդառաջ տնտեսությունը դնելով էլ ավելի բարձր աճի հետագծի վրա։ Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ԱՄՆ տնտեսական ակտիվության ավելի քան ⅔-ը, անցյալ ամիս աճել են 0,5%-ով, հաղորդել է Առևտրի դեպարտամենտի Տնտեսական վերլուծությունների բյուրոն: Սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, սպառողական ծախսերն աճել են 3,7%–ով, ինչը տարեկան աճի ամենաբարձր ցուցանիշն է 2023թ. առաջին եռամսյակից հետո։
ԱՄՆ ծառայությունների ոլորտի ակտիվությունը հոկտեմբերին անսպասելիորեն արագացել է՝ հասնելով ավելի քան երկու տարվա առավելագույնին, իսկ զբաղվածության մակարդակն ամրապնդվել է, ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ԱՄՆ տնտեսությունն այս պահին բավական ամուր վիճակում է։ Մատակարարումների կառավարման ինստիտուտը նոյեմբերի 6–ին հայտարարել է, որ ոչ արդյունաբերական հատվածի իր PMI ինդեքսը հոկտեմբերին հասել է 56–ի՝ նախորդ ամսվա 54,9-ի համեմատ: Սա 2022թ. օգոստոսից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակն է։ Ավելի վաղ, Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները կանխատեսել էին, որ ծառայությունների PMI- ինդեքսը կնվազի մինչև 53,8: PMI ինդեքսի 50-ից բարձր ցուցանիշը սովորաբար ցույց է տալիս, որ այդ ոլորտում աճ կա, իսկ 49-ից բարձր ցուցանիշը դիտարկվում է որպես ընդհանուր տնտեսության ընդլայնման նշան:
ԱՄՆ-ում ամենապահանջված՝ 30 տարեկան հիփոթեքային վարկի տոկոսադրույքը անցյալ շաբաթ բարձրացել է մինչև 6,73%՝ աճելով 21 բազիսային կետով, հայտարարել է Հիփոթեքային բանկիրների ասոցիացիան: Հիփոթեքային վարկերի հիմնական տոկոսադրույքն այժմ 60 բազիսային կետով ավելի բարձր է այն ցուցանիշից, որը գրանցվել էր սեպտեմբերի կեսին այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը կես տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ազդարարեց սպասվող նոր նվազեցումների մասին: Սակայն կարճ ժամանակ անց հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նորից սկսեցին բարձրանալ, քանի որ սպասվածից ավելի ուժեղ տնտեսական ցուցանիշները՝ այդ թվում սպառողական ծախսերի և աշխատատեղերի թվի աճը, փարատեցին անկման հետ կապված մտահոգությունները, եւ այժմ կանխատեսվում է, որ Դաշնային պահուստային համակարգը սպասվածից ավելի դանդաղ կնվազեցնի տոկոսադրույքները:
ԱՄՆ–ում երկրորդային շուկայի տների գնման պայմանագրերը սեպտեմբերին աճել են 7,4%–ով։ Ռիելթորների ազգային ասոցիացիան հայտնել է, որ տների սպասվող վաճառքների ինդեքսը, որը հիմնված է գնման ստորագրված պայմանագրերի ցուցանիշի վրա, հասել է 75,8-ի։ Սա վերջին ավելի քան չորս տարիներին գրանցված ամենամեծ աճն է։ Այս տարվա օգոստոսին այս ինդեքսը 70,6 էր։ Մինչդեռ Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները կանխատեսել էին, որ տների գնման պայմանագրերը, որոնք որպես կանոն մեկ-երկու ամիս հետո դառնում են վաճառքի պայմանագրեր, կավելանան ընդամենը 1 տոկոսով։ Ըստ տնտեսագետների՝ նման կտրուկ աճի պատճառն այն է, որ գնորդներ շտապել են օգտվել ամռան վերջին գրանցված հիփոթեքային համեմատաբար ցածր տոկոսադրույքներից։
ԱՄՆ-ում աշխատատեղերի աճը կանգ է առել հոկտեմբերին, ինչի հիմնական պատճառը ավիացիոն ոլորտի գործադուլերն ու փոթորիկներն են։ Աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն՝ հոկտեմբերին գործազրկության մակարդակը մնացել է 4.1%-ի սահմանում։ Իսկ օգոստոսին և սեպտեմբերին բացված նոր աշխատատեղերի թիվը վերանայվել է եւ 112,000-ով ավելի քիչ է, քան նախկինում հաղորդվում էր։
Ըստ Reuters-ի հարցման, որին շուրջ 500 տնտեսագետ է մասնակցել, համաշխարհային տնտեսական աճը հաջորդ տարի կպահպանի իր բարձր տեմպերը, քանի որ խոշոր երկրների կենտրոնական բանկերը նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ ԱՄՆ տնտեսության ուժեղության ֆոնին։ Տնտեսագետներն ակնկալում են, որ այս տարի համաշխարհային տնտեսական աճը կկազմի միջինը 3,1%, ինչը կտրուկ բարելավում է հունվարին արված 2,6% կանխատեսման համեմատ։ Հենց ԱՄՆ տնտեսության ուժեղ ցուցանիշներն են տնտեսագետներին ստիպել վերանայել 2024 թվականի համաշխարհային աճի իրենց կանխատեսումները։ Գնաճը նույնպես կտրուկ նվազել է, քանի որ խոշոր կենտրոնական բանկերի մեծամասնությունն այժմ կարողանում է հաջողությամբ կառավարել գնաճի ճնշումները։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





