Dropbox-ը հայտարարել է, որ կկրճատի աշխատուժի 20%-ը, ինչի հետևանքով աշխատանքից կզրկվի 528 մարդ։ Պատճառը տվյալներն ամպում պահելու իր հիմնական բիզնեսի աճի դանդաղումն է:

Վերջին անգամ Dropbox-ում կրճատումներ եղել են 2023-ի ապրիլին։ Այն ժամանակ մոտ 500 մարդ էր ազատվել աշխատանքից աճի տեմպերի դանդաղման և արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանն վրա ավելի շատ ջանքեր գործադրելու՝ ընկերության որոշման պատճառով։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք անցած տարվա ընթացքում, որպես ընկերություն՝ մենք գտնվում ենք անցումային շրջանում», - գրել է գործադիր տնօրեն և համահիմնադիր Դրյու Հյուսթոնը բլոգային գրառման մեջ՝ նշելով, որ ընկերությունն այժմ աշխատում է աճի փուլի համար հող պատրաստելու ուղղությամբ այնպիսի պրոդուկտներով, ինչպիսիք են Dash for Business-ը։ Նա նաև նշել է, որ այս անցումը հնարավոր չէ իրականացնել՝ պահպանելով ներկայիս կառուցվածքը և ներդրումների մակարդակը։

«Այդ իսկ պատճառով մենք ավելի զգալի կրճատումներ ենք անում այն ​​ոլորտներում, որտեղ չափազանց շատ ենք ներդրումներ կատարել կամ որոնք անարադյունավետ են՝ ընդհանուր առմամբ զարգացնելով ավելի համապատասխան և արդյունավետ թիմային կառուցվածք»,- ասել է Հյուսթոնը:

Dropbox-ի վճարովի օգտատերերի բազան երկրորդ եռամսյակում աճել է 63,000-ով, ինչը փոքր թիվ է 18 միլիոն օգտատերերի ընդհանուր բազայի համեմատ: Ինչպես հայտնում է TechCrunch-ը, երկրորդ եռամսյակում գրանցվել է Dropbox-ի պատմության մեջ ամենադանդաղ աճը, որի հետևանքով տարվա սկզբից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 20%-ով:

Հյուսթոնը խոստացել է, որ մոտ ապագայում ընկերությունն ավելի շատ մանրամասներ կհաղորդի իր հիմնական բիզնեսը զարգացնելու և 2025-ին նոր արտադրանքի թողարկումն արագացնելու իր ռազմավարության մասին: Նա նաև ասել է, որ բոլոր կրճատվածները կստանան օրենքով սահմանված վճարումները, որոնց մեծ մասը կկատարվի 2024 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում։