ԱՄՆ նոր աշխատատեղերի թիվը սեպտեմբերին նվազել է՝ հասնելով ավելի քան 3,5 տարվա նվազագույնին, սակայն թափուր աշխատատեղերի անկումը գրեթե ամբողջությամբ գրանցվել է հարավում, ինչը ենթադրում է, որ Հելեն և Միլթոն փոթորիկները բացասաբար են ազդել աշխատուժի պահանջարկի վրա: Սեպտեմբերին ԱՄՆ–ում բացված աշխատատեղերը նվազել են 418,000-ով՝ հասնելով 7,443,000–ի։ Աշխատանքի ընդունվածների թիվն ավելացել է 123,000-ով, աշխատանքից ազատվածների թիվը՝ ավելացել 165 հազարով։ Տնտեսագետները պնդում են, որ նման անկման պատճառը փոթորիկներն ու ավիատիեզերական արդյունաբերության ոլորտի աշխատողների գործադուլներն են, որոնք ժամանակավորապես կզսպեն աշխատատեղերի աճը նաեւ հոկտեմբերին: Այդուհանդերձ, նրանք համոզված են, որ ԱՄՆ–ում աշխատաշուկայի պատկերը էականորեն չի փոխվել սեպտեմբերին գրանցված աշխատավարձերի աճից հետո:

Աշխատանքի դեպարտամենտի մռայլ զեկույցին հակադարձել է Conference Board-ի հարցումը, որը ցույց է տալիս, որ սպառողների ընկալումները աշխատաշուկայի նկատմամբ զգալիորեն բարելավվել են հոկտեմբերին, ինչի արդյունքում սպառողների վստահության ինդեքսն աճել է՝ հասնելով 9 ամսվա առավելագույնին:  Սպառողների վստահության ինդեքսն այս ամիս բարձրացել է մինչև 108,7, ինչն էական բարելավում է սեպտեմբերի 99,2-ի համեմատ: Ավելի շատ սպառողներ են ասել, որ ծրագրում են առաջիկա 6 ամիսներին ավտոմեքենա կամ կենցաղային տեխնիկա գնել, տուն գնել պլանավորող սպառողների մասնաբաժինը մնացել է անփոփոխ։ Ընդ որում, սպառողներին քիչ են մտահոգում նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները:

Ավելացել է այն սպառողների թիվը, ովքեր կարծում են, որ երկրում բավականաչափ աշխատատեղեր կան։ Սեպտեմբերի 31 տոկոսի համեմատ՝ հոկտեմբերին նման սպառողների թիվը 35 տոկոս է եղել: Միեւնույն ժամանակ, նվազել է այն սպառողների թիվը, ովքեր կարծում են, որ թափուր աշխատատեղ գտնելը դժվար է՝ 16,8% հոկտեմբերին՝  նախորդ ամսվա 18,6%-ի համեմատ:


Սեպտեմբերին ԱՄՆ-ում նոր տների վաճառքն աճել է մինչև վերջին գրեթե 1 ու կես տարվա ամենաբարձր մակարդակը, քանի որ գնորդները շտապել են օգտվել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների անկումից: Անցյալ ամիս նոր տների վաճառքներն աճել են 4,1%-ով՝ հասնելով 738,000 միավորի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2023 թվականի մայիսից ի վեր, հայտարարել է Առևտրի դեպարտամենտը։ Սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, նոր տների վաճառքն աճել է 6,3%-ով: Հիփոթեքային վարկերն ԱՄՆ–ում սեպտեմբերին նվազել էին՝ ամսվա վերջին հասնելով ավելի քան 1 ու կես տարվա նվազագույնին, այն բանից հետո, երբ Դաշնային պահուստային համակարգը սկսել էր նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:


ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նոյեմբերի 7-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցնի 25 բազային կետով։ Այսպես են կարծում Reuters-ի հարցմանը մասնակցած բոլոր 111 տնտեսագետները, ընդ որում, նրանց 90%-ից ավելին կանխատեսում է ևս մեկ քառորդ տոկոսային կետով նվազեցում դեկտեմբերին, ինչի արդյունքում հիմնական տոկոսադրույքը կկազմի 4.25%-4.50%: Դաշնային պահուստային համակարգի քաղաքականության պատասխանատուների հաջորդ հանդիպումը նախատեսվում է սկսել նոյեմբերի 5-ի ԱՄՆ նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ երկու թեկնածուների շանսերը գրեթե հավասար են, թեեւ վերջին շրջանում հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը առավելություն է ստանում։ Տնտեսագետների կարծիքով՝ 2025 թվականի առաջին երկու եռամսյակներում Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցնի 50 բազային կետով, իսկ տարվա վերջին եռամսյակում՝ ևս 25 բազային կետով՝ հիմնական տոկոսադրույքը մինչև 2025 թվականի վերջը հասցնելով 3,00%-3,25 %–ի։


ԱՄՆ-ում բիզնես ակտիվությունը հոկտեմբերին աճել է ուժեղ պահանջարկի ֆոնին, իսկ ընկերություններն իրենց ապրանքների և ծառայությունների գները բարձրացրել են վերջին 4 ու կես տարվա ընթացքում գրանցված ամենադանդաղ տեմպերով, ինչը ցույց է տալիս, որ տնտեսությունը չորրորդ եռամսյակը սկսել է կայուն հիմքերով: Հինգշաբթի S&P Global-ը հայտնել է, որ իր PMI ինդեքսը, որն արտացոլում է արտադրական և ծառայությունների ոլորտների դինամիկան, այս ամիս բարձրացել է՝ հասնելով 54,3–ի՝ սեպտեմբերի 54–ի համեմատ: Ընդհանրապես՝  50-ից բարձր ցուցանիշը վկայում է մասնավոր հատվածի ընդլայնման մասին: Մանրածախ վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ երրորդ եռամսյակում տնտեսական աճը ավելի մեծ արագություն է հավաքել։


Իսկ եվրագոտում բիզնես ակտիվությունը այս ամիսն շարունակել է մնալ դանդաղ աճի միջակայքում,  քանի որ պահանջարկը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտերկրից նվազել է, չնայած ընկերությունները շատ քիչ են բարձրացրել գները։ S&P Global-ի կազմած եվրագոտու PMI ինդեքսը  հոկտեմբերին աճել է ընդամենը 0,1 տոկոսով՝ սեպտեմբերի համեմատ եւ այժմ կազմում է 49,7։ Չնայած աճին՝ այս ցուցանիշը դեռ ցածր է 50-ից, ինչը նշանակում է, որ եվրոգոտում բիզնեսը դեռ դուրս չի գալիս խնայողական ռեժիմից։


Երրորդ եռամսյակի եկամուտների մասին տվյալները ցույց են տալիս, որ S&P 500–ի կորպորացիաների շահույթները շուտով կտրուկ կաճեն, հայտնել է Bank of America–ն։ S&P 500–ի ընկերությունների մեկ երրորդից ավելին հրապարակել  է երրորդ եռամսյակի հաշվետվությունները, որոնցում նախորդ տարվա համեմատ 56 տոկոսով ավելացել է «հատակ» բառի օգտագործումը ստացված եկամուտների վերաբերյալ։ Սա փորձագետներին հիմք է տվել կանխատեսելու, որ ամենավատն արդեն անցյալում է խոշոր ընկերությունների համար, որոնք արդեն մոտ երկու տարի աշխատում են ցածր պահանջարկի պայմաններում։

Նախկինում նման իրավիճակ արձանագրվել է 2009 և 2020 թվականներին։  Եկամուտների վերաբերյալ «հատակ» եզրույթի զգալի աճ էր գրանցվել ընկերությունների եռամսյակային զեկույցներում, ինչին երկու դեպքում էլ հաջորդել էր S&P 500-ի ընկերությունների բաժնետոմսերի շահութաբերության 75% աճ։


Google-ի սեփականատեր Alphabet-ի շնորհիվ  հոկտեմբերի 29–ին Nasdaq-ի ինդեքսը հասել է պատմական առավելագույնին, չնայած ԱՄՆ առաջիկա ընտրությունների շուրջ ներդրողների անորոշությանը: Տեխնոլոգիական ինդեքսն աճել է 0,8 տոկոսով՝ տարեսկզբի համեմատ գրանցելով ավելի քան մեկ քառորդի չափով աճ։ Սա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ տեխնոլոգիական հսկա Alphabet-ի բաժնետոմսերը բորսայի փակվելուց հետո աճել են 4 տոկոսով։

Ընկերության եկամուտները երրորդ եռամսյակում նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճել են 15 տոկոսով՝ հասնելով 88,3 միլիարդ դոլարի։ Ամենամեծ ներդրումն այս աճի մեջ ունեցել է գովազդից ստացված եկամուտը, որն աճել է 10 տոկոսով՝ հասնելով մոտ 66 միլիարդ դոլարի:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։