ԱՄՆ ներմուծման գները սեպտեմբերին հասել են վերջին 9 ամիսների նվազագույնին՝ էներգակիրների գների կտրուկ նվազման ֆոնին։ Սա խոսում է գնաճի կառավարելի մակարդակի պահպանման մասին, ինչը թույլ կտա Դաշնային պահուստային համակարգին շարունակել վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման գործընթացը։


Հոկտեմբերի 22–ին Եվրոպայի կենտրոնական բանկը 2024 թվականի  ընթացքում արդեն երրորդ անգամ կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հայտարարելով, որ եվրագոտում գնաճը գնալով ավելի կառավարելի է դառնում՝ չնայած տնտեսական հեռանկարների վատթարացմանը։ 0,25 տոկոսային կետով նվազեցումը վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցրել է չեզոք՝ 3․25% մակարդակի: Փողի շուկայում ակնկալում են, որ մինչև հաջորդ տարվա մարտ ԵԿԲ–ն 3 անգամ կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։


Սեպտեմբերին ԱՄՆ մանրածախ առևտուրը 0․4 տոկոս աճ է գրանցել։ Սա հավանաբար պայմանավորված է գազի գների անկման հետևանքով սպառողների մոտ ազատ դրամական միջոցների առաջացմամբ։ Սա հաստատում է այն տեսակետը, որ ԱՄՆ տնտեսությունը երրորդ եռամսյակում պահպանում է զգալի աճի տեմպերը։ Սպասվածից մի փոքր ավելի աճը պայմանավորված է հագուստի, մանրածախ վաճառքի խանութներում վաճառքների, ինչպես նաեւ առցանց գնումների ծավալների մեծացմամբ։ Սպառողները նաեւ ավելի շատ գումար են ծախսել առողջության ու խնամքի պարագաների վրա։


Ֆոնդային բորսան դժվարությունների է բախվում որոշ խոշոր ամերիկյան ընկերություններից ստացվող բացասական տեղեկությունների ֆոնին։ Թրեյդերներին մտահոգում է նաեւ այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվում է դանդաղ տեմպերով։ S&P 500-ի կողմից վերահսկվող 600 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ արժեթղթերի շուկան սասանվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 22–ի կանոնավոր սակարկություններից հետո։ Անալոգային միկրոչիպերի խոշորագույն արտադրող Texas Instruments Inc-ը թույլ հեռանկարներ է ցույց տվել նույնիսկ այն դեպքում, որ գերազանցել է կանխատեսումները, Starbucks Corp.-ը չեղարկել է 2025 թվականի կանխատեսումները այն բանից հետո, երբ երրորդ եռամսյակն անընդմեջ վաճառքների անկում է գրանցել։ McDonald's Corp.-ի արժեթղթերի գների անկումն էլ բացատրվում է նրանով, որ դրա դուստր ընկերությունը կապված է եղել ԱՄՆ-ում աղիքային ցուպիկի վարակի բռնկման հետ։ Ֆոնդային բորսան փակվել է մի փոքր անկումով․ S&P 500-ն արձանագրել է առաջին անընդմեջ անկումը վերջին 6 շաբաթվա ընթացքում՝ նվազելով  0․05%-ով, Dow Jones Industrial Average-ն օրն ավարտել է 0․02% աճով, իսկ Nasdaq-ն աճել է 0․18%-ով։ Wall Street-ում գները վերադառնում են հին մակարդակին և վերլուծաբանների հիմնական մտահոգությունն այն է, թե արդյոք Դաշնային պահուստային համակարգը սխալ չի գործել՝ սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ նվազեցնելով։


Ըստ Citigroup Inc.-ի ստրատեգների՝ S&P 500-ը աճել է այնքան, որ հասել է 10% անկմանը նախորդած մակարդակին: Անցյալ տարվա օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում S&P 500-ը 10%-ով անկում էր գրանցել այն մտավախությունների պատճառով, որ Դաշնային պահուստայի համակարգը ավելի երկար կպահպանի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր մակարդակը՝ գնաճի դեմ պայքարելու համար: Խոշոր տեխնոլոգիական ընկերություններն այդ ընթացքում կորուստներ կրեցին՝ խորացնելով անկումը ավելի լայն շուկայի համար:


Երեքշաբթի՝ առեւտրային օրվա սկզբին Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է՝ ամսական անկումը հասցնելով 13%-ի։ Ներդրողները սպասում են  էլեկտրամոբիլներ արտադրողի երրորդ եռամսյակի հաշվետվությանը՝ հույսով, որ այն կկանգնեցնի գնանկումը, որը մասամբ պայմանավորված է ընկերության վերջին արտադրանքի՝ ռոբոտաքսիի թողարկման հետ կապված հիասթափությամբ։ Վերլուծաբանների կարծիքով՝ ընկերության մեկ բաժնետոմսի շահութաբերությունը երրորդ եռամսյակի համար կկազմի նվազագույնը 58 ցենտ,  ինչը 12․1%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։


SAP-ի շուկայական արժեքը մեծացել է ավելի քան 15.8 միլիարդ եվրոյով այն բանից հետո, երբ արհեստական բանականության աճող պահանջարկի ֆոնին բիզնեսի ծրագրային ապահովմամբ զբաղվող գերմանական ընկերությունը բարելավել է եկամտի և շահույթի կանխատեսումները հաջորդ տարվա համար։ Երեքշաբթի SAP-ի բաժնետոմսերը 2․1% աճ են գրանցել Ֆրանկֆուրտում՝ ընկերության շուկայական արժեքը հասցնելով 264,44 մլրդ եվրոյի։


Ներդրողները հրաժարվում են բորսայում շրջանառվող ֆոնդերից (ETF), որոնք կապված են կոնկրետ ոլորտների հետ, ինչպիսիք են արհեստական բանականությունն ու վիդեոխաղերը, և ներդրումներ կատարում ավելի լայն սպեկտր ունեցող, դիվերսիֆիկացված ETF-ներում, որոնք ռեկորդային մաքսիմումներ են գրանցում։ Այսպես կոչված թեմատիկ ETF-ների ոլորտը, որի ընդհանուր ակտիվները կազմում են 108 միլիարդ դոլար, այս տարվա ընթացքում արդեն կորցրել է 5,8 միլիարդ դոլար ներդրումային կապիտալ, ինչը մեկ միլիարդով ավելի է անցած տարվա ցուցանիշից։


Մարկ Ցուկերբերգը և Ջենսեն Հուանը՝ տեխնոլոգիաների ոլորտում ամենահարուստ և հայտնի ղեկավարները, այս տարի ամենաշատ հարստացողներն են աշխարհում։ 

Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի համաձայն՝ NVIDIA-ի գործադիր տնօրեն Հուանի կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 76,5 մլրդ դոլարով: Հուանին անմիջապես հաջորդում է META-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը 2024 թվականի ընթացքում աճել է 76 մլրդ դոլարով:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։