Այսօր արհեստական բանակությունն (ԱԲ) ակտիվորեն ներդրվում է տարբեր բիզնեսներում, և ոլորտի մասնագետների մեծ մասի համոզմամբ՝ առանց ԱԲ-ի բիզնես կառուցելն այսօր դժվար է պատկերացնել։ Ի՞նչ խնդիրներ է լուծում ԱԲ-ն, ինչպես է փոխում բիզնեսի ոլորտը և որքանով է օգնում բիզնեսներին զարգանալ։ Այս հարցերին էր նվիրված հոկտեմբերի 5-ին WCIT2024-ի շրջանակում տեղի ունեցած «Արհեստական ​​բանականության կիրառմամբ բիզնես. նորարարության բանալին թվային դարաշրջանում» թեմայով պանելային քննարկումը։

ԱԲ-ն վերափոխում է բիզնես ոլորտը

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում VISA-ի թվային և ռազմավարության բաժնի ղեկավար Էնդրյու Թրուոնգն ասում է, որ VISA-ն ԱԲ-ում սկսել է ներդրումներ անել շատ ավելի վաղ, նախքան այն այսքան մեծ տարածում կստանար։ Ընկերությունը, նրա խոսքով՝ հանձնառու է ԱԲ ինտեգրմանը՝ ոչ միայն ֆինանսական գործարքներն ապահով դարձնելու, ռիսկերը հայտնաբերելու գործընթացը բարելավելու, այլ նաև հեղափոխելու առօրյա կյանքում գումարի հետ մարդու առնչության ողջ փորձառությունը։

«Մենք ընդլայնում ենք այս նորամուծությունները՝ դրանք վերածելով ամենօրյա փորձառությունների, որտեղ էլ որ դուք լինեք: Սա է ապագայի մեր տեսլականը»,- ասաց նա։

Andrew Truong  .jpg (910 KB)

Նորարարության, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինք (World Innovation, Technology and Services Alliance, WITSA) գլխավոր գործադիր տնօրեն Դատո Դան Է. Խուն ասում է, որ իր մասնագիտական կարիերայի ընթացքում ականատես է եղել տեխնոլոգիական երեք հեղափոխության։

«ԱԲ-ն արդեն չորրորդն է»,- նշեց նա՝ հավելելով, որ դրա գլոբալ ազդեցությունն արդեն զգացվում և էլ ավելի կզգացվի հաջորդ տասնամյակում, երբ ԱԲ-ն 7 տրիլիոն ԱՄՆ դոլարով ավելացնի համաշխարհային ՀՆԱ-ն, նպաստի արտադրողականության 1,5% աճին ողջ աշխարհում և ազդի 300 միլիոն աշխատատեղի վրա։

ԱԲ կիրառումը խոշոր բիզնեսում

Ինչպե՞ս կարող է ԱԲ-ն օգտագործվել բիզնեսներում գործառնությունների հնարավոր խոչընդոտները բացահայտելու, դրանք շտկելու և մեծ տվյալների հետ աշխատելու համար, հատկապես, խոշոր բիզնեսում, որտեղ մեծ տվյալներ կան։ Բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցող SADA-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Մայլզ Վարդն ասում է, որ մեծ տվյալների հետ աշխատելն իսկապես հեշտ չէ, և բոլոր գործիքները, որոնք օգտագործվում են դրանք պարզեցնելու համար, բավականաչափ պարզ չեն:

«ԱԲ-ն հսկայական հնարավորություններ է ստեղծում տեղեկատվությունը շատ ավելի արագ մուտքագրելու համար, օգնում է վերլուծաբաններին, կոդ գրողներին, և առհասարակ նպաստում համակարգերի աշխատանքի արագացմանը»,- ասաց նա։  

Miles Ward.jpg (977 KB)

Մայլզ Վարդի խոսքով՝ անընդհատ գեներացվող տվյալների հետ աշխատանքը որքան էլ հետաքրքրաշարժ լինի, այն կարող է նաև աներևակայելիորեն թանկ լինել: Փոխարենը, շատ ավելի ծախսարդյունավետ է ԱԲ օգտագործումը, որը կօգնի մի շարք առաջադրանքներում,  ինչպիսիք են կոդ գրելը, տվյալների վերլուծությունը և այլն: ԱԲ-ն կարող է նաև օգնել հավաքելու տվյալները տարբեր աղբյուրներից և ստեղծել ամփոփագրեր։ Դրանք կարող են շատ տեխնիկական լինել, այդուհանդերձ, տվյալների այդ հավաքածուները շատ ավելի փոքր են և դրանց հետ աշխատելն ավելի հեշտ է։

Էնդրյու Թրուոնգն ասում է, որ ԱԲ-ն այսօր իսկապես լուրջ փոփոխություններ է անում բիզնես։ Ըստ նրա՝ եթե գործարարը կարող է ԱԲ-ին տալ ընդհանուր բնույթի հարցեր, օրինակ՝ ինչպես առհասարակ սկսել բիզնես, կամ ինչպես հասնել հաջողության, և ստանալ պատասխաններ, ապա գեներատիվ ԱԲ-ն այս հարցում արդեն մեկ քայլ առաջ է գնացել, քանի որ ունենալով որոշակի տվյալներ կոնկրետ բիզնես մասին, ԱԲ-ն վերլուծում է այդ տվյալները և կարող է կոնկրետ խորհուրդներ տալ հենց տվյալ բիզնեսի համար, մասնավորապես, թե ինչ խնդիրներ կան, ինչը պետք է շտկել, ինչ ուղղությամբ շարժվել և այլն։

«ԱԲ-ն մեր բիզնեսի վրա ազդել է չորս ուղղությամբ՝ արագություն, անվտանգություն, վարքագիծ և, ամենակարևորը, անհատականացում: Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր սպառողների գումարները։ Մենք ցանկանում ենք պաշտպանել փոքր բիզնեսին, օգնել նրան: Մենք ցանկանում ենք օգնել՝ ապահով դարձնելու մեր փողերը, որոնց համար մենք այդքան աշխատում ենք»,- ասաց նա` հավելելով, որ VISA-ն անցած տարի 3 մլրդ դոլար ներդրում է արել ԱԲ տեխնոլոգիաներում, որոնք օգնել են ապահով 80 տրլն գործարք իրականացնել։

ԱԲ օգուտները

Ի՞նչ խնդիրների են բախվում ընկերությունները, երբ սկսում են կիրառել ԱԲ-ն, կամ երբ միաձուլվում են այլ ընկերության հետ այլ երկրից, որտեղ կարող են ԱԲ-ի հետ կապված այլ կարգավորումներ լինել։ Կատարում գործող Soonu և Growthx ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն Համադ Մուբարաք Ալ-Հաջրին ասում է, որ բիզնեսում ԱԲ ներդրման երեք հիմնական եղանակ կա՝ բիզնես մոդելի ներսում, դրանից դուրս և կազմակերպչական արդյունավետության համար: Նրա խոսքով՝ ԱԲ-ն ընկերությունները կարող է դարձնել շահութաբեր, նվազեցնել կատարողականի ծախսերը և բարձրացնել արտադրողականությունը:

Hamad Mubarak Al-Hajri.jpg (714 KB)

«Մեր բիզնես մոդելում մենք ներդրումներ ենք կատարել ԱԲ լուծումներ ստեղծելու մեջ, ինչպիսին է անհատականացումը, որը 25%-ով բարձրացրել է մեր վաճառքի ցուցանիշները և ավելացրել 4 միլիոն դոլար եկամուտ: Բացի դրանից՝ ԱԲ-ն օպտիմիզացրել է մեր լոգիստիկան՝ խնայելով 1 դոլար յուրաքանչյուր պատվերի համար, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ստացվել է 6 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ և խնայողություն՝ մեր բիզնեսը շահութաբեր դարձնելով ընդամենը երկու տարում»,- ասաց նա:

Համադ Մուբարաք Ալ-Հաջրին նշեց, որ առ այսօր իրենք ԱԲ կարգավորման հետ կապված որևէ դժվարության չեն հանդիպել։ «Կարծում եմ, որ գուցե դա տեղի ունենա, երբ որևէ կառավարություն մտածի, որ ԱԲ-ն կարող է որոշ աշխատատեղերի կրճատման հանգեցնել»,- ասաց նա:

Անկանխատեսելիություն

Ըստ Service Titan ընկերության զարգացման տնօրեն Վահե Կուզոյանի՝ այսօր ԱԲ-ի հետ կապված մարտահրավերը նման է համացանցի առաջին օրերին, երբ դժվար էր կանխատեսել, թե ինչ կարող է լինել ապագայում:

«Ես եմ իմ թիմին խրախուսում եմ, որ մտածեն ներկայումս մեր իմացածի շրջանակից դուրս, որպեսզի ուսումնասիրեն հնարավորությունները, որոնք ժամանակին աներևակայելի էին: Մենք արդեն կիրառում ենք ԱԲ-ն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոմատացումը և հաճախորդների աջակցությունը, քանի որ մի քանի ապրանքային գիծ այժմ աշխատում է ԱԲ-ով, ինչը անհնար կլիներ առանց դրա»,- ասաց նա։

Vahe Kuzoyan.jpg (359 KB)

Վահե Կուզոյանը նշեց, որ, այնուամենայնիվ, դեռ վաղ փուլում են, և կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել ԱԲ-ն և դրա ապագա հնարավորությունները հասկանալու և բացահայտելու վրա, քանի որ այս ոլորտում ամեն ինչ չափազանց արագ է զարգանում։ «Կարծում եմ, շատ ավելի կարևոր է կենտրոնանալ ԱԲ-ի ապագա ուղղությունը հասկանալու և նոր հնարավորությունները ճանաչելու վրա, այլ ոչ թե շտապել ամեն ինչ անմիջապես իրականացնել»,- ասաց նա:

ԱԲ-ն և էթիկան

Արհեստական բանականության հարցերով դասախոս և Միջազգային ֆինանսական կենտրոնների համաշխարհային դաշինքի մարքեթինգի բաժնի ղեկավար Բադր Բուսաբատն ասում է, որ ֆինանսական հատվածում ԱԲ-ի հետ կապված էթիկական խնդիրը լուծելը լուրջ մարտահրավեր է՝ դրա բարդության և ներգրավված տարբեր ինստիտուտների պատճառով: Նա վերջերս հրապարակել է մի աշխատություն, որը սահմանում է ԱԲ արդար կիրառումը գնահատելու շրջանակները:

Badr Boussabat .jpg (390 KB)
 
«Թեև շատ բանկեր դեռ հետ են մնում ԱԲ-ի էթիկական հիմքերը հասկանալու հարցում, հույս կա, որ էթիկական զարգացումը կարող է փոխկապակցված լինել ավելի լավ կատարողականի հետ: Ներկայումս հաստատությունները կենտրոնացած են խարդախության և փողերի լվացման հետ կապված կանոնակարգերին հետևելու վրա՝ հաճախ հիմնվելով թանկարժեք խորհրդատվության վրա, ինչը նրանց շեղում է իրենց հիմնական ռազմավարություններից»,- ասաց նա:

Ըստ Բադր Բուսաբատի՝ տվյալների վրա հիմնված ֆինանսական լանդշաֆտում մրցունակ մնալու համար բանկերը, ֆինանսական կառույցները պետք է համաձայնեցնեն էթիկական չափանիշները և ԱԲ-ի պատասխանատու կիրառումը: «Աշխատակիցներին ուսուցանելն այս բարդություններին կողմնորոշվելու համար էական նշանակություն ունի ապագա կանոնակարգերին հարմարվելու և ընդհանուր կազմակերպչական հարցերը բարելավման համար»,- ասաց նա: