Ի՞նչ դեր են խաղում նորարարությունները, կրթությունը, ի՞նչ ազդեցություն են ունենում դրանք մարդկանց կյանքի վրա և արդյոք հնարավո՞ր է ՏՏ ոլորտում թռիչքաձև աճ ապահովել Հայաստանում։ Այս հարցերին էր նվիրված ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Նորարարություն, կրթություն, ազդեցություն. տեխնոլոգիական առաջնորդների երկակի դերը հասարակության մեջ» խորագրով պանելային քննարկումը։
Քննարկման մասնակից բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ՏՏ ոլորտում թռիչքային աճ ապահովելու կարևորագույն նախադրյալներից մեկն այն է, որ կառավարությունը պետք է հավատա, որ այդ ճանապարհով պետք է գնա, իսկ Հայաստանի կառավարության ներսում այդ ընկալումը, ըստ նրա, արդեն վաղուց կա։
«Մենք 2025-ի մայիս-հունիս ամիսներին հանրության դատին կներկայացնենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որտեղ հստակ ակնկալում ենք, որ նախանշվելու են մեկ, երկու՝ առավելագույնը երեք այն ուղղությունները, որոնցում Հայաստանը ձգտելու է չեմպիոնության»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նկատի ունի ոչ թե միայն տարածաշրջանում, այլ աշխարհում։
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը այնուհետև կամրագրվի օրենսդրորեն, ապա իր արտացոլանքը կունենա ոլորտի քաղաքականության մշակման հարցում։ «Այդտեղ մենք հստակ կհասկանանք, թե որոնք են լինելու ռազմավարական այն ուղղությունները, որտեղ մեծ ներդրումներ ենք կենտրոնացնելու»,- ասաց նա։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այսօր իրականացվող ծրագրերը, որոնցով ապահովում են ՏՏ զարգացման ենթակառուցվածքները, տաղանդներ մատակարարում ոլորտին, խիստ ընդհանրական են, ռազմավարական ուղղությունները դեռ հստակ չկան։ «Սակայն դրանք կլինեն հաջորդ տարի, երբ վերջապես ունենանք ռազմավարությունը»,- ասաց նա։
Կրթություն և կենսափորձ
Այս նպատակներին հասնելու համար, սակայն անհրաժեշտ կլինի ապագա տաղանդների համար ապահովել որակյալ կրթություն։ Armenian Code Academy-ի (ACA) համահիմնադիր և գործադիր տնօրեն, Նարեկ Ասլիկյանը, որի ղեկավարած կազմակերպությունն այս տարի հիմնել է նաև Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը, նշում է, որ ACA-ը ոլորտի ոչ բոլոր խնդիրներն էր կարողանում լուծել, և հենց այդ պատճառով հիմնադրամի ծրագրերում այժմ մեծ ուշադրություն են դարձնում հենց կրթությանը, հատկապես մարզերում։
Հիմնադրամը նաև կրթաթոշակային ֆոնդ ունի, որպեսզի կրթությունը հասանելի լինի բոլոր նրանց, ովքեր ունեն նման ձգտում և ունակություն։ Հիմնադրամը համագործակցում է Հայաստանում գործող տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ ԲՏԱ նախարարության։ «Փորձում ենք այդ ամեն ինչից ստեղծել այդ համակարգը, որն անընդհատ կկարողանա ապահովել մասնագետների այդ հոսքը շուկային»,- ասաց նա։
Պանելի մեկ այլ մասնակից, Stelth Labs-ի հիմնադիր և գլխավոր կառուցող Արմեն Ռոստամյանը կարևորում է ֆորմալ կրթությունը, թեև ինքը ֆորմալ բարձրագույն կրթություն չի ստացել ո՛չ բիզնեսի, ո՛չ էլ ՏՏ ոլորտում, սակայն կարողացել է հաջողությունների հասնել, քանի որ ժամանակին սովորել է, թե ինչպես է պետք սովորել։

«Ես ամեն օր ինչ-որ բան եմ սովորում, դժվար բաներ, ես չունեմ ֆորմալ կրթություն, օրինակ՝ նյարդաբանության հետ կապված, սակայն ես մեկ տարի աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ պատրաստել ենք գլխարկի պես մի սարք, որը երբ մարդը դնում է, մենք կարողանում ենք նրա ուղեղից ազդանշաններ ստանալ և հասկանալ, թե ինչի մասին է մտածում»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևորը մարդու սովորելու ցանկությունն է։
Արմեն Ռոստամյանի կարծիքով՝ այսօր շատ կարևոր է նաև սովորել, թե ինչպես պետք է օգտագործել արհեստական բանականության գործիքները, քանզի դրանք այսօր շատ կարևոր են և էապես հեշտացնում են աշխատանքը։
Արհեստական բանականություն
ViralMango-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանն ասում է, որ ԱԲ-ն իսկապես հեշտացնում է շատ բաներ, սակայն որքան շատ այն մարդն օգտագործի, այդքան քիչ կօգտագործի իր ուղեղը, և ժամանակի ընթացքում ուղեղը կթուլանա, և մարդը կսկսի էլ ավելի շատ ապավինել ԱԲ-ին և արդեն կունենա կախվածություն։ Նրա խոսքով՝ այսօր շատերը, երբ հասկանում են, որ իրենց նամակին պատասխանում է ԱԲ-ն, հրաժարվում են շփումից և խնդրում են, որպեսզի իրենց պատասխանը մարդը։
«Որպեսզի չառաջանա այդ կախվածությունը, շատ կարևոր է, որ չփչացնենք մարդկանց հետ շփվելը և շարունակենք մարդկային հարաբերություններն ապահովելը»,- ասաց նա։ Ռեմ Դարբինյանի խոսքով՝ ցավոք սրտի մարդկային շփումը աստիճանաբար պակասելու է, այդ թվում՝ կրթության ոլորտում, գուցե լինեն նաև ԱԲ ուսուցիչներ, որոնք ավելի լավ անեն կրթելու գործառույթը, սակայն մարդկային շփման մասը պետք է անպայման պահպանել, որպեսզի այն երբեք չվերանա մեր կյանքից։

Ի՞նչ է փոխում ԱԲ-ն կրթության ոլորտում
Armenian Code Academy-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանն ասում է, որ եթե իրեն հարցնեն, թե ինչպես է ԱԲ-ն ազդելու կրթության վրա, ապա կասի, որ թերևս ոչ ոք չգիտի դրա պատասխանը, այս հարցի շուրջ կարող են շատ տարբեր կարծիքներ լինել։ Սակայն, այդուհանդերձ, չկա որևէ կանխատեսում, որ կրթության այսօրվա ձևաչափը կկորցնի իր իմաստը։ Հակառակը, առայժմ դեռ տեսնում ենք, որ կրթության ընթացիկ խնդիրներն ԱԲ միջոցով ավելի արագ են լուծվում, թեև այդտեղ կան նաև այլ ռիսկեր, օրինակ՝ երբ աշակերտը ամբողջությամբ ԱԲ միջոցով կատարի առաջադրանքը, արտագրի և այլն։
«Եթե ուսուիչը հասցնում է փոխել իր մեթոդները, ավելի ինտերակտիվ դարձնել շփումը, ավելի խորքային հասկանալ, թե արդյոք աշակերտը, ուսանողը հասկանում է իր ասածները, ապա այդ խնդիրները լուծվում են»,- ասաց նա։
ՏՏ զարգացման շարունակականությունը
Նախարար Մխիթար Հայրապետյանը մի քանի բան է պատկերացնում, որ պետք է արվի կրթության ոլորտում, որպեսզի ապահովվի տեխնոլոգիական զարգացման շարունակականությունը, որն էլ կնպաստի ընդհանուր աճին։ Առաջինը STEM ուղղությամբ համապատասխան բովանդակության ծրագրերի ուժեղացումն է, և այստեղ կարևոր դեր ունի պետությունը, քանի որ քաղաքականությունը որոշողն է։ Նաև բարձրագույն կրթության համակարգում արդեն ռազմավարությունից բխող ճիշտ ուղղորդված ծրագրեր պետք է իրականացնի, ֆինանսավորի դրանք։

Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ հենց այս խնդիրները լուծելու նպատակով նախատեսում են աշխարհի լավագույն 30 համալսարանների առցանց դասընթացները ձեռք բերել և դրանք հասանելի դարձնել թե՛ ստարտափների, թե՛ տեխնոլոգիական կորպորացիաների համար, և պետությունն այստեղ պետք է կամրջող գործառույթ ստանձնի։ Հաջորդը, ըստ նրա, գիտությունն է, որտեղ պետությունը ևս պետք է հանդես գա նախաձեռնողի դերում։
Նախարարը նշեց, որ հաջորդ տարի ներկայացվելիք բարձրագույն արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը կառաջարկի ուղղություններ, որտեղ պետք է որոշումներ կայացվեն, թե արդյոք Հայաստանը հավակնում է դառնալ չեմպիոն, թե ոչ։ Նախարարը նշեց, որ ինքն այդ որոշումն արդեն ունի, սա դա պետք է համընդհանուր լինի, պետության մակարդակով լինի։
«Դա լինելու է ռազմավարություն, որի հիման վրա մենք որոշում ունենք կայացնելու ․․․ Կառավարությունն էլ մտադիր է իսկապես լրջագույն ռեսուրսներ դնել։ Շատ կարևոր է, որ երկրի ֆինանսների նախարարն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահն իրենց հիմնական հույսը կապում են տեխնոլոգիական զարգացման հետ։ Սա շատ գեղեցիկ ու կարևոր ազդակ է Հայաստանի համար և սա պարզապես խոսքեր չեն։ Փաթեթը, որ մենք կբերենք, այդտեղ այդ կամքը հստակ ընդգծված է լինելու, որ Հայաստանը ընդերքը քերող և ըստ էության օպորտունիստական, հեշտ տրվող կարճաժամկետ արտադրողականությունը փոխարինում է բարձր արժեք գեներացնող և բարձրարժեք արտադրողականություն ունեցող ճյուղերով և իր հույսը կապում է հենց այդ ճյուղերի հետ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։






