Սեպտեմբերի 24-ից 29-ը Դիլիջանում տեղի են ունեցել «Ներուժ 5.0» ծրագրի ամփոփիչ միջոցառումները և եզրափակիչ մրցույթը։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԲՏԱ ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ նախնական փուլում 20 երկրից ստացվել էր 64 հայտ, առաջնային գնահատումից հետո ընտրվել էր 28 ստարտափ 16 երկրից, որոնք հրավիրվել էին Հայաստան՝ մասնակցելու ամփոփիչ միջոցառումներին և եզրափակիչ մրցույթին։
Ժյուրին ընտրել է լավագույն վեց նախագիծ երկու անվանակարգում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ»։ «Գաղափարի փուլ» բաղադրիչով հաղթող է ճանաչվել երեք ստարտափ՝ Metacor, Sharper Soft և Ayki, իսկ «Աճի փուլ»-ի հաղթողներն են AnzoBio, Moby և Sleep Doctor ստարտափները։ Այս կազմակերպությունները պետք է ՀՀ-ում գրանցեն ընկերություններ, ԲՏԱ նախարարության հետ կնքեն համապատասխան պայմանագրեր և ստանան դրամաշնորհային գումարները՝ իրենց գաղափարներն իրագործելու համար։
«Ծրագրի նպատակներից մեկը համահայկական ներուժի, կարողությունների, մտավոր ուժի կենտրոնացումն է Հայաստանում կամ առնվազն Հայաստանի շուրջը։ Հետևաբար նախարարությունը հետևում է այս ուղերձին և այս նպատակով է շարժվում և ոչ միայն նպատակ է հետապնդում «Ներուժ»-ով Հայաստանի տնտեսական զարգացման վրա ազդեցություն ունենալ, որը բնականաբար շատ կարևոր է, այլ նաև համահայկական, համազգային ներուժը, կարողություններն ի նպաստ Հայաստանի օգտագործել»,- ասաց Հայկ Ենգիբարյանը։
Նա նաև նշեց, որ «Ներուժ»-ի նպատակներից մեկը նաև այլ՝ զարգացած երկրներից տեխնոլոգիական էկոմշակույթը Հայաստան բերելն է, տեղի տեխնոլոգիական համայնքը, միջավայրը զարգացնելն է։
ԲՏԱ «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարբինյանը տեղեկացրեց, որ մրցույթին դիմած ստարտափները շատ տարբեր ոլորտներ էին ներկայացնում՝ բիոթեք, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն։
«Հետաքրքիր էր տեսնել, թե քանի պետություններից էին մեզ այցելել մեր հայրենակիցները, կարելի է ասել տասնյակից ավելի պետություններից՝ Կանադայից, Արգենտինայից, Ավստրիայից և այլ երկրներից։ Եվ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են իրենց գաղափարները ներկայացնում Հայաստանում և ցանկություն հայտնում իրենց գրասենյակը բացել Հայաստանում, քանի որ «Ներուժ 5.0» նպատակն է, որ հաղթող ստարտափները գան Հայաստան և այստեղ ունենան իրենց ներկայացուցչությունները։ Շատ ուրախ էի տեսնել այդպիսի լավ ստարտափներ, որոնք ցանկություն ունեն գալ Հայաստան»,- ասաց Ռեմ Դարբինյանը։
Նա նշեց, որ «Ներուժ 5.0» աքսելերացիոն ծրագրի շրջանակում այս տարի ստարտափների կարողությունների զարգացման նպատակով ներգրավվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր Plug and Play կազմակերպությունը, որն իր մենթորական թիմով դասընթացների և անհատական մենթորության ձևաչափով ծրագրի վեցօրյա միջոցառման ընթացքում ակտիվ աշխատանքներ է տարել ստարտափների հետ, օգնել են ստարտափներին ավելի լավը դարձնել իրենց գաղափարները, իսկ այն դեպքերում, երբ գաղափարը եղել է բավական փոքր, ստարտափին օգնել են այն վերափոխել և դարձնել ավելի մասշտաբային։
Ռեմ Դարբինյանը հույս հայտնեց, որ մրցույթում հաղթած ստարտափները հաջողությունների կհասնեն առաջիկա տարիներին։ Ինչ վերաբերում է այն ստարտափներին, որոնք մասնակցել են մրցույթին, սակայն չեն հաղթել, Դարբինյանը հուսով է, որ այս աքսելերացիոն ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները նրանց թույլ կտա մեկ օր շուտ հասնել հաջողության և մտնել համաշխարհային շուկա։
Մրցույթում հաղթել է նաև SleepDoctor ստարտափը, որը հետևում և ախտորոշում է քնի հետ կապված խնդիրները և առաջարկում բուժում, ինչի համար համագործակցում են տարբեր բուժհաստատությունների հետ։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում, իսկ հիմա ցանկանում են ընդլայնել բիզնեսը նաև Հայաստանում։
SleepDoctor-ի համահիմնադիր Թաթուլ Աջամյանն ասաց, որ իրենց համար ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ մրցույթին կարողացել են ծանոթանալ շատ հետաքրքիր մարդկանց հետ։ Նրա խոսքով՝ «Ներուժ 5.0» մրցույթի թերևս ամենակարևոր առաքելությունն այն է, որ հնարավորություն էր ընձեռել հանդիպելու շատ հետաքրքիր մարդկանց, ծանոթանալու, շփվելու և կապեր ստեղծելու։
«Այն, որ մեր մեջ կապեր ստեղծվեցին և սկսեցինք իրար հետ շփվել, իրար հետ սովորել, կարող է այլ արդյունքներ էլ բերել։ Այսինքն՝ փորձը ցույց է տալիս, որ ստարտափ ձեռնարկատիրության դեպքում դու պետք է անընդհատ նոր բաներ նախաձեռնես, նոր ընկերություններ ստեղծես։ Նույնիսկ եթե չհաղթած ընկերությունները նոր ընկերություններ ստեղծեն, իրենք արդեն ունեն ինչ-որ համայնք, որում կարող են օգտնություն ձեռք բերել։ Այս տեսանկյունից դա շատ օգտակար ու ոգևորիչ էր ինձ համար»,- ասաց Թաթուլ Աջամյանը։
«Ներուժ»-ը պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:






