ԱՄՆ-ում ոստիկանությունը 575,000 դոլար արժողությամբ 2023 արտադրության գողացված Ferrari մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել է AirPods-ի շնորհիվ, որը մեքենայի սեփականատերը թողած է եղել դրա սրահում, հայտնում է Apple Insider կայքը։

Մեքենայի տիրոջ ականջակալը մեքենայի գողի iPhone-ի առկայության շնորհիվ օգնել է ճշգրիտ որոշել դրա գտնվելու վայրն ու տվյալներն ուղարկել Locator հավելվածին, որն էլ օգնել է գտնել Ferrari-ին:

Ոստիկանները մեքենան հայտնաբերել են մոտակա բենզալցակայանի մոտ: Թեև կասկածյալին արդեն հաջողվել էր փախչել, նրա ինքնությունը արագ պարզվել է նրա iPhone-ի շնորհիվ,որը նա պատահաբար գցել էր մեքենայից դուրս գալիս:

Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալը Ուոթերբերիի բնակիչ 22-ամյա Դիոն Շոնթենն է։ Նա ձերբակալվել է և մեղադրվում է մեքենայի գողության համար:

Ձերբակալվել է նաև նրա հանցակիցը՝ 19-ամյա Քեյոն Վեբսթերը։ Քննությամբ պարզվել է, որ երկու կասկածյալներն էլ հերթով վարել են գողացված մեքենան։ Ուոթերբերիի ոստիկանապետ Ֆերնանդո Սպագնուոլոն նշել է, որ Վեբսթերը նախկինում յոթ անգամ մեղադրվել է ավտոմեքենաների գողության և այլ հանցագործություններ կատարելու համար։