Ռուսաստանում տարածվում է տրոյական վիրուս, որը նմանակում է բանկերից ստացվող push ծանուցումներին և խարդախներին օգնում մոլորեցնել օգտատերերին, ինչի արդյունքում գողանում են նրանց քարտին առկա գումարը, գրում է Известия-ն։
Պարբերականը նշում է, որ տրոյական վիրուսի դեպքում հեռախոսի էկրանն արգելափակվում է, այնուհետև սկսում են հայտնվել ծանուցումներ այն մասին, թե քարտից գումար է հանվել ։ Այնուհետև հեռախոսի տերը զանգ է ստանում բանկի աշխատակից ներկայացող չարագործից, որը հարցնում է օգտագիրոջ վճարային տվյալները՝ իբր նրա գումարները «պաշտպանելու» համար:
SafeTech-ի գործադիր տնօրեն Դենիս Կալեմբերգը բացատրել է, որ երբ հեռախոսի էկրանը կողպված է, չարագործները սարքին միայն մասնակի հասանելիություն ունեն:
«Սխեման գործում է, անկախ նրանից, թե որքան գումար կա հաշվին. push ծանուցումները տեղեկացնում են փոքր գումարներ հանելու մասին, սակայն մարդիկ վախենում են, որ «համակարգը կոտրել են», և չարագործները կհանեն այն ամենը, ինչ կա հաշվում, եթե նրանց չկանգնեցնեն»,- ասել են Ֆինանսական գրագիտության զարգացման ասոցիացիայից:
Ասոցիացիայից հավելել են, որ ամենից հաճախ պոտենցիալ զոհերի սարքերը նման վիրուսներով վարակվում, եթե օգտատերերեն այցելում են վարակված կայքեր կամ ներբեռնում չարտոնագրված ծրագրեր։
Անցյալ շաբաթ «Սբերբանկ»-ը նախազգուշացրել էր, որ դեպքերի գրեթե կեսի պարագայում խաբեբաները զոհին համոզում են իրենց սմարթֆոնի վրա տեղադրել բջջային վճարային համակարգի հավելված և սարքին կցել հարձակվողներին պատկանող բանկային քարտը: Այնուհետև տուժողին տրամադրում են քարտի տվյալները և SMS-ով ստացված հաստատման կոդը, որից հետո անձը դրանք մուտքագրում է տեղադրված անհպում վճարման հավելվածում։ Այնուհետև նա բանկոմատի միջոցով կանխիկ գումար է փոխանցում խարդախի քարտին, որը կապված է նրա հեռախոսի անհպում վճարումների հավելվածին: Արդյունքում, նման քարտից գումար փոխանցելը նույնացվում է որպես բջջային սարքի սեփականատիրոջ կողմից կատարված գործառնություն։






