Samsung-ի և LG-ի խելացի հեռուստացույցների հանրահայտ մոդելները էկրանակադրեր (սքրինշոթ) են անում վայրկյանում մի քանի անգամ և դրանք ուղարկում արտադրողներին, նույնիսկ երբ հեռուստացույցն օգտագործվում է որպես նոութբուքի կամ խաղային վահանակի արտաքին էկրան: Այս մասին ասվում է NewScientist հոդվածում։

Խելացի հեռուստացույց արտադրողներն օգտագործում են այդ էկրանակադրերը, ինչպես նաև աուդիո ձայնագրություններն իրենց բովանդակության ճանաչման ավտոմատ համակարգերում, որոնք հետևում են մարդկանց հեռուստացույց դիտելու սովորություններին` թիրախային գովազդ ցուցադրելու համար: Հետազոտողները պարզել են, որ Samsung-ի հեռուստացույցները կարող են էկրանակադրեր անել 500 միլիվայրկյանը մեկ անգամ, մինչդեռ LG հեռուստացույցները՝ 10 միլիվայրկյանը մեկ անգամ։

«Երբ օգտատերն իր նոութբուքը հեռուստացույցին միացնում է HDMI-ի միջոցով՝ պարզապես հեռուստացույցը որպես էկրան օգտագործելով իր նոութբուքով մեծ էկրանին ինչ-որ բան դիտելու համար, նա չի պատկերացնում, որ իր գործողությունները նկարահանվելու են»,- ասել է Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Յաշ Վեկարիան։

Հետազոտողները նշել են, որ հեռուստացույցներն էկրանակադրեր չեն անում Netflix-ից կամ երրորդ կողմի այլ հավելվածների հոսքային ծառայություններ դիտելու ժամանակ, այլ այն ժամանակ, երբ հեռուստացույցին HDMI-ով ցուցադրում է իրեն միացված սարքի բովանդակությունը: Հիմնական մտահոգությունն այն է, որ էկրանակադրերը կարող են գաղտնի տեղեկություններ պարունակել:

Ըստ NewScientist-ի՝ հեռուստացույցների այսպիսի վարքագիծը կարելի է անջատել՝ կարգավորումներում համապատասխան փոփոխություններով անելով։