ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը չորեքշաբթի վերջապես հայտարարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայելու որոշման մասին։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0,5 տոկոսային կետով։ Նշենք, որ սա վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու առաջին որոշումն է վերջին 4 տարվա ընթացքում։
Օգոստոսին ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների ծավալներն անսպասելիորեն աճել են, քանի որ ավտոմեքենաների վաճառասրահների եկամուտների անկումն ավելի քան փոխհատուցվել է առցանց գնումների աճով։ Սա հուշում է, որ երրորդ եռամսյակի մեծ մասի ընթացքում ԱՄՆ տնտեսությունը մնացել է ամուր հիմքերի վրա:
Բացի դրանից, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի սեպտեմբերի 17–ի զեկույցը ցույց է տվել, որ հուլիսին մանրածախ վաճառքներն ավելի լավ ցուցանիշներ են ունեցել, քան ավելի վաղ ենթադրվում էր։
Եվ այսպես՝ օգոստոսին ԱՄՆ–ում մանրածախ առևտուրն աճել է 0,1%-ով՝ հուլիսի վերանայված ցուցանիշը 1,1% է՝ ավելի վաղ գնահատված 1 %-ի փոխարեն։ Մինչդեռ Reuters-ի հարցմանը մասնակցած տնտեսագետները կանխատեսել էին, որ մանրածախ վաճառքները հուլիսին գրանցված աճից հետո օգոստոսին կնվազեն 0,2%-ով։
Մեկ տարվա կտրվածքով՝ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ, մանրածախ վաճառքն աճել է 2,1%-ով: Առցանց խանութների վաճառքներն աճել են 1,4%-ով՝ հուլիսին 0,4%-ով նվազելուց հետո:
Եվս մեկ լավ ցուցանիշ։ ԱՄՆ-ում բնակելի տների կառուցապատողների վստահությունը տնտեսության նկատմամբ սեպտեմբերին աճել է, քանի որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են։ Կառուցապատողների վստահության Wells Fargo բնակարանային շուկայի ինդեքսն այս ամիս հասել է 41 կետի՝ օգոստոսի 39-ի փոխարեն՝ ընդհատելով չորս ամիս անընդմեջ գրանցված անկումները։ Չնայած աճին՝ այս ցուցանիշը մնում է համեմատաբար ցածր մակարդակի վրա, քանի որ աճող ծախսերը շարունակում են զսպել շինարարությունը:
30 տարեկան հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը վերջերս ԱՄՆ–ում նվազեց մինչև 6,2%, մինչդեռ դեռեւս անցած հոկտեմբերին դրանք 8% էին։
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը օգոստոսին կանխատեսվածից փոքր ինչ ավելի աճ է գրանցել, որը, սակայն, համապատասխանում է գնաճի նվազման միտումներին։
Վերջնական պահանջարկի համար արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը Աշխատանքի դեպարտամենտի հրապարակված վիճակագրության համաձայն անցած ամիս աճել է 0,2 տոկոսով, մինչդեռ տնտեսագետները 0,1% աճ էին կանխատեսել։
Արդյունաբերական արտադրանքի գների ավելի նեղ ինդեքսը, որը չի ներառում սննդի, էլեկտրաէներգիայի և առևտրի գները, աճել է 0,3%-ով։
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը պայմանավորված է նախորդ ամիս գրանցված ծառայությունների գների 0,4% աճով, ինչն էլ իր հերթին մեծապես պայմանավորված է հյուրանոցային ոլորտում գների 4,8% աճով։ Ի դեպ, նույն ժամանակահատվածում օդային տրանսպորտի գները նվազել են 0,8%-ով։
ԱՄՆ-ում օգոստոսին գործարանային արտադրանքն աճել է 0,9%-ով՝ հուլիսին գրանցված 0,7% անկումից հետո։ Սա տեղի է ունեցել ավտոմոբիլային արտադրության վերականգնան ֆոնին։
Նախորդ տարվա համեմատ օգոստոսին գործարանային արտադրությունը աճել է 0,2%-ով։ Տնտեսության 10,3%-ը կազմող արդյունաբերության ոլորտը շարունակում է վնասներ կրել փոխառություններին ուղղված մեծ ծախսերի պատճառով։
Երկարատև անկումից հետո շաբաթվա առաջին երկու առեւտրային օրերին Intel-ի բաժնետոմսերը 14 տոկոս աճ են գրանցել։ Սա տեղի է ունեցել Amazon-ի հետ համագործակցության ֆոնին, որի շրջանակում Սիլիկոնյան հովտի հսկան արհեստական բանականությամբ աշխատող չիպեր է արտադրելու աշխարհի խոշորագույն ամպային ծռայության պրովայդեր Amazon Web Services–ի հետ համատեղ։
Ավելի վաղ Բայդենի ադմինիստրացիան հայտնել է ԱՄՆ–ում չիպերի արտադրության պետական աջակցության օրենքի շրջանակում Intel-ին 3 միլիարդ ԱՄՆ դոլար ֆինանսավորում տրամադրելու մասին։ Աջակցության նպատակն է ապահովել պաշտպանական և հետախուզական նպատակներով կիրառվող ժամանակակից չիպերի անխափան մատակարարումը։
Չնայած 14 % աճին՝ Intel-ի բաժնետոմսերի գինը տարվա սկզբի համեմատ դեռեւս 50 տոկոս ավելի ցածր է, քանի որ ներդրողները դեռ վերականգնման նշանների են սպասում գործադիր տնօրեն Փեթ Գելսինգերի ղեկավարությամբ։
Ժամանակին չիպերի աշխարհում ամենախոշոր արտադրողի կապիտալիզացիան այժմ 100 միլիարդ դոլարից էլ պակաս է, ինչի արդյունքում ընկերությունը չի մտնում անգամ ոլորտի առաջատար տասնյակի մեջ։
Deutsche Bank-ը S&P 500-ի տարեվերջյան թիրախային ցուցանիշը 5500 կետից բարձրացրել է 5750-ի՝ վկայակոչելով ընկերությունների կողմից իրենց բաժնետոմսերի հետգնման ծավալները, բարձր կորպորատիվ շահույթներն ու կապիտալի զգալի ներհոսքը։
«Մենք տեսնում ենք, որ S&P 500 ինդեքսի շահույթները շարունակում են երկնիշ աճը, ինչը համապատասխանում է ռեցեսիայից դուրս աճի բնական տեմպերին»,- ասվում է Deutsche Bank-ի ռազմավարության պատասխանատուների տարածած հաղորդագրությունում։
Deutsche Bank-ը նաև հաստատել է S&P 500 ինդեքսի ընկերությունների մեկ բաժնետոմսին ընկնող շահույթի կանխատեսումը՝ 258 դոլար 2024-ին և 285 դոլար՝ 2025-ին։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





