Ամերիկյան Cisco տեխնոլոգիական ընկերությունը մոտ 5600 աշխատակցի կկրճատի, ինչը կազմում է ընկերության ընդհանուր աշխատուժի 7%-ը։
Ավելի վաղ՝ 2024-ի փետրվարին, ընկերությունն աշխատանքից ազատել էր 4000 մարդու։ Աշխատակիցների խոսքով՝ Cisco-ն մինչև վերջերս հրաժարվում էր ասել, թե ում վրա կազդեն կրճատումները, և դա արել է գրեթե մեկ ամիս ուշացումով՝ առանց պատճառները բացատրելու։ Աշխատակիցներից մեկն ասել է, որ Cisco-ում աշխատանքային միջավայրն «ամենաթունավորն» է եղել իր փորձառության ժամանակ։
Cisco-ն օգոստոսին հայտնել էր, որ այս տարի կրճատումների երկրորդ ալիքն ընկերությանը թույլ կտա «ներդրումներ անել աճի հիմնական հնարավորություններում և բարելավել արդյունավետությունը»: Միևնույն ժամանակ, ընկերությունը հրապարակել էր իր տարեկան եկամուտների հաշվետվությունը, ըստ որի՝ 2024-ը եղել է «երբևէ գրանցված երկրորդ լավագույն տարին»․ ընկերության եկամուտը կազմել էր մոտ 54 միլիարդ դոլար։
Հաղորդվում է, որ կրճատումներն ազդել են նաև Talos Security-ի՝ ընկերության սպառնալիքների վերլուծության և անվտանգության հետազոտությունների բաժնի վրա:
Համաձայն ընկերության փաստաթղթերի՝ Cisco-ի գործադիր տնօրեն Չակ Ռոբինսը 2023-ին շուրջ 32 միլիոն դոլար է ստացել՝ որպես ղեկավարներին վճարվող ընդհանուր փոխհատուցում։
Cisco-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը և չի ասել, թե արդյոք ընկերության ղեկավարությունը նախատեսում է կրճատել իր փոխհատուցման փաթեթները զանգվածային կրճատումների պայմաններում:






