Սարքավորումների ոչ պատշաճ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, այդ թվում՝ հրդեհների: TechInsider կայքի փորձագետներն առանձնացրել են մի քանի կենցաղային տեխնիկա, որոնք ամենից հաճախն են հրդեհ առաջացնում և առաջարկներ են արել դրանց անվտանգ օգտագործման համար:

Էլեկտրական ծածկոցները կարող են հրդեհ առաջացնել, եթե ճիշտ չօգտագործվեն: Մասնագետները խորհուրդ են տալիս թույլ չտալ ընտանի կենդանիներին քնել դրանց վրա կամ ծածկել այն այլ իրերով։ Այն պետք է միացնել նվազագույն մակարդակի վրա և անպայման անջատել առավոտյան:

Վտանգավոր կարող է լինել նաև երկարացման լարերի և եռաբաշխիչների անընդհատ օգտագործումը: Մի քանի սարքերի միացումը նույն վարդակին կարող է ծանրաբեռնել էլեկտրական համակարգը և առաջացնել կարճ միացում: Մասնագետները խորհուրդ են տալիս էլեկտրիկ կանչել՝ լրացուցիչ վարդակներ տեղադրելու համար, եթե դրանք բավարար չեն:

Չորանոցները նույնպես կարող են վտանգի աղբյուր լինել, եթե մոռանաք ֆիլտրը մաքրելու մասին։ Ֆիլտրում կուտակված փոշին և մզվածքը տաքանալիս կարող են բռնկվել: Խորհուրդ է տրվում պարբերաբար մաքրել ֆիլտրը, օրինակ՝ օգտագործելով հագուստի համար նախատեսված կպչուն գլան:

Նոութբուք օգտագործելիս չպետք է մոռանալ դրա տաքացման մասին․ սարքը մահճակալի կամ այլ դյուրավառ մակերեսների վրա թողնելը կարող է հրդեհի պատճառ դառնալ: Օգտագործելուց հետո նոութբուքը պետք է անպայման անջատել հոսանքից:

Բացի դրանից՝ 60 վտ հզորությամբ լամպը 40 վտ հզորությամբ կոթառից (патрон) միացնելը կարող է կարճ միացում առաջացնել: Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել դրանց համատեղելիությանը` հետևանքներից խուսափելու համար:

Ի վերջո, 9 վոլտ լարման մարտկոցները մետաղական առարկաների հետ պահելը կարող է վտանգավոր լինել, քանի որ շփումը կարող է կարճ միացում առաջացնել: Խորհուրդ է տրվում մարտկոցի բևեռները փաթաթել պլաստմասե ժապավենով և պահել դրանք գործարանային փաթեթավորման մեջ: