Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, մինչև 2027-ը կարող է ունենալ ավելի քան 1 տրիլիոն դոլար, ասվում է Informa Connect Academy վերլուծական ընկերության զեկույցում:

Ընկերությունն իր կանխատեսումն անում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իլոն Մասկի կարողությունը վերջին տարիներին աճել է տարեկան միջինը 110%-ով։ «Աշխարհում ոչ ոք երբևէ չի հավակնել տրիլիոնատիրոջ կարգավիճակի, համենայն դեպս՝ դեռ: Այնուամենայնիվ, կան մի քանի հավանական թեկնածուներ»,- ասվում է զեկույցում:

Հնարավոր տրիլիոնատերերի ցանկում Informa Connect Academy-ն ներառել է նաև հնդկական Adani Group արդյունաբերական կոնգլոմերատի սեփականատեր Գաուտամ Ադանին, Nvidia ամերիկյան տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին, Barito Pacific ինդոնեզական ընկերության հիմնադիր Պրայոգո Պանդեստուին և շքեղ ապրանքների արտադրությամբ զբաղվող LVMH խմբի սեփականատեր Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին։

Աշխարհի միլիարդատերերի վարկանիշում Իլոն Մասկը զբաղեցնում է առաջին տեղը՝ 237 միլիարդ դոլար կարողությամբ։ Նրան հաջորդում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (177 մլրդ դոլար), Բեռնար Առնոն (158 մլրդ դոլար) և Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը (129 մլրդ դոլար) կարողությամբ։