ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի մի բնակիչ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծել է հարյուր հազարավոր կեղծ երգեր և դրանք վերագրել կեղծ խմբերի, այնուհետև դրանք վերբեռնել է հոսքային ծառայություններ՝ վաստակելով մոտ 10 մլն դոլար։ Այժմ երաժշտին սպառնում է առնվազն 20 տարվա ազատազրկում։

The New York Times-ի փոխանցմամբ՝ 52-ամյա երաժիշտ Մայքլ Սմիթը մեղադրվում է խարդախության մեջ՝ կապված հոսքային ծառայություններում մանիպուլյացիաներ անելու հետ։ Մեղադրող դատախազները պնդում են, որ նա օգտագործել է նեյրոնային ցանցեր՝ հարյուր հազարավոր կեղծ երգեր ստեղծելու համար, որոնք այնուհետև տեղադրել է հայտնի հարթակներում, ինչպիսիք են Spotify-ը, Apple Music-ը և Amazon Music-ը: Իր խարդախ սխեմայի շնորհիվ առնվազն 10 միլիոն դոլար է վաստակել՝ կեղծելով հոնորարները և խաբելով իրականում գոյություն չունեցող ունկնդիրներին:

Կեղծ կատարողներով խարդախությունը հանգեցրել է լուրջ մեղադրանքների, ներառյալ էլփոստով խարդախություն գործելը և փողերի լվացմամբ զբաղվելը։ Դատախազները նշել են, որ Սմիթն իր ստեղծած երգերը ավտոմատ կերպով հեռարձակելու համար օգտագործել է ծրագրային ապահովում՝ ստեղծելով պատրանք, որ դրանց հետևում իսկական արտիստներ կան: Նա ենթադրաբար ունեցել է հորինված խմբեր, ինչպիսիք են Callous Post-ը, Calorie Screams-ը և Calvinistic Dust-ը, որոնք թողարկել են արտասովոր վերնագրերով թրեքեր, ինչպիսիք են Zygotic Washstands-ը, Zymotechnical-ը և այլն:

Դատախազներն ընդգծել են, որ «Սմիթը գողացել է միլիոնավոր հոնորարներ, որոնք պետք է վճարվեին երաժիշտներին, կոմպոզիտորներին և այլ իրավահաջորդ անձանց, որոնց երգերն օրինական կերպով հեռարձակվել են»։ Արդյունքում, սա դարձել է առաջին քրեական գործը, որը հարուցվել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից՝ կապված երաժշտության մանիպուլյացիայի հետ։ Եթե ​​Սմիթը մեղավոր ճանաչվի, նա կարող է մինչև 20 տարվա ազատազրկման դատապարտվել, ընդորում՝ յուրաքանչյուր մեղադրանքով։

Սմիթի սխեման մանրակրկիտ մտածված է եղել։ Նա ստեղծել է հոսքային հազարավոր կեղծ օգտահաշիվներ՝ գնելով էլեկտրոնային փոստի հասցեներ առցանց հարթակներում: Ունենալով մինչև 10,000 նման օգտահաշիվներ, գործընթացի աշխատատարության պատճառով նա ներգրավել է այլ օգտատերերի (մասնակիցների), որպեսզի վճարի դիմաց օգնեն դրանք ստեղծելու գործում։ Սմիթը նաև մշակել է ծրագրակազմ՝ իր երգերը նորից ու նորից տարբեր համակարգչից նվագարկելու համար՝ տպավորություն ստեղծելով, որ իրական ունկնդիրներն են լսում իր երաժշտությունը: 2017-ին, ըստ դատախազների, նա հաշվարկել է, որ կարող է օրական 661,440 անգամ հեռարձակել իր երգերը, ինչը նրան օրական ավելի քան 3000 դոլար եկամուտ է ապահովել։

Սմիթն սկսել է՝ իր ստեղծած երաժշտությունը հոսքային հարթակներում տեղադրելով, բայց շուտով հասկացել է, որ իր թրեքերի քանակը բավարար չէ զգալի հոնորարներ վաստակելու համար։ Ուրիշներին պատկանող երաժշտությունն օգտագործելու և նման ստեղծագործությունները գովազդելու համար ծառայություններ առաջարկելու փորձերը հաջողությամբ չեն ավարտվել: 2018-ին նա միավորվել է ԱԲ-ով երաժշտություն ստեղծող և այդ երաժշտության առաջխաղացմամբ զբաղվող ընկերության ղեկավարի հետ և ստեղծել կեղծ երգերի հսկայական կատալոգ, որը նա վերբեռնել է հոսքային հարթակներում:

2019-ի հունիսի դրությամբ Սմիթն ամսական վաստակում էր մոտ 110,000 դոլար, որի մի մասը վճարում էր իր աշխատողներին: Այս տարվա փետրվարին իր նամակներից մեկում նա պարծենում է, որ 2019-ից ի վեր հասել է 4 միլիարդ հոսք է ապահովել և ստացել 12 միլիոն դոլարի հոնորար: Այնուամենայնիվ, երբ հոսքային ընկերություններն սկսել են կասկածել, որ խաբեությամբ է զբաղվում և նրան տեղեկացել են, որ ստացել են «չարաշահումների մասին մի քանի հաղորդումներ», Սմիթը պատասխանել է՝ ասելով. «Դա բացարձակապես սուտ է, դա խենթություն է: Այստեղ ոչ մի խարդախություն չի կատարվում: Ինչպե՞ս կարող եմ բողոքարկել սա»: