Apple-ի նոր մինի անհատական համակարգիչը կունենա նոր դիզայն և կսահմանի նոր ռեկորդ։ Ըստ վերջին տվյալների՝ նոր սերնդի Mac mini-ն արտաքին տեսքով կտարբերվի իր նախորդներից։ Դա կլինի նաև ընկերության պատմության մեջ ամենափոքր համակարգիչը:
Mac mini շարքը դեռ 2010-ից ի վեր չի ստացել դիզայնի որևէ արմատական թարմացում: Սակայն այս տարի օգտատերերը վերջապես ինչ-որ նոր բան կտեսնեն։
Հաջորդ սերնդի Mac mini-ն, որը հիմնված է M4 SoC-ի վրա, կունենա մոտավորապես նույն չափը, ինչ Apple TV-ն, սակայն կարող է մի փոքր ավելի բարձր լինել, որպեսզի տեղավորվի նաև հովացման համակարգը:
Նշենք, որ ներկայիս սերնդի Apple TV-ի բարձրությունը 31 մմ է, մինչդեռ ներկայիս Mac mini-ն ունի 35,8 մմ բարձրություն: Այսինքն՝ հիմա էլ հասակի տարբերությունը չնչին է։
Շինանյութերի առումով տեխնոլոգիական հսկան կշարունակի օգտագործել ալյումինե կորպուս: Հիշեցնենք, որ առկա լուրերի համաձայն՝ M4-ի MacBook Pro շարքը նոր դիզայն չի ստանա, ինչը, ի վերջո, նոր սերնդի Mac mini-ն կդարձնի միակ սարքն այս առանձնահատկությամբ:






