NEWS.am–ը Apricot Capital-ի հետ համատեղ սկսում է «Ներդրողի բրիֆ» նոր նախագիծը՝ Հայաստանում ներդրումների մշակույթի ձևավորմանը նպաստելու նպատակով: Այսուհետեւ ամեն հինգշաբթի մեր կայքում եւ յություբյան ալիքում կարող եք ծանոթանալ համաշխարհային ֆինանսական շուկաների վերջին նորություններին՝ ոլորտի անցուդարձից տեղյակ լինելու և ներդրումային աշխարհին ավելի լավ ծանոթանալու համար:


ԱՄՆ տնտեսության անկման մտախավությունների ֆոնին այս շաբաթ համաշխարհային ֆինանսական շուկաներում կտրուկ անկում գրանցվեց։ Երկուշաբթի՝ հունիսի 5–ին, ԱՄՆ ֆոնդային բորսայում վերջին երկու տարվա ամենամեծ անկումը տեղի ունեցավ։ Նույն օրը S&P 500-ը նվազեց 3%-ով, Dow Jones արդյունաբերական միջին ինդեքսը անկում գրանցեց ավելի քան 1000 կետով, իսկ Nasdaq Composite-ը` 3,4%-ով: 

Արժեթղթերի մասսայական վաճառքն ամբողջ աշխարհում սկսվեց Ճապոնիայի Nikkei 225–ի 12.4% անկումից, որն ամենամեծն էր 1987 թվականի «սև երկուշաբթիից» հետո։ Հարավային Կորեայի Kospi ինդեքսը նվազեց 8,8 %-ով, ամբողջ Եվրոպայում ֆոնդային շուկաները նվազեցին ավելի քան 2%-ով։

Այդուհանդերձ արդեն հաջորդ առավոտյան Ճապոնիայի ֆոնդային շուկան սկսեց նորից աճել՝ հետ բերելով նախորդ օրվա  կորուստների մեծ մասը, եւ Ուոլ Սթրիթում կայունություն հաստատվեց։

Երեքշաբթի՝ օգոստոսի 6–ին, Լոնդոնի FTSE 100–ը, որը նախօրեին 2% անկում էր ունեցել, աճեց 18 կետով կամ 0.2%-ով։ Wall Street–ում Dow Jones–ը փակվեց 0.8%, S&P 500–ը՝ 1.5% աճով։ Nasdaq–ը 1% աճ գրանցեց։ Ճապոնական Nikkei 225–ը փակվեց նախորդ օրվա համեմատ՝ 10.2% աճով։ Ասիական մյուս բորսաները նույնպես աճ գրանցեցին։


Համաշխարհային ֆոնդային շուկաների ցնցումը սկսվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ԱՄՆ զբաղվածության զեկույցը, ըստ որի՝ աշխատանքի ընդունման տեմպերի զգալի դանդաղման պայմաններում հուլիսին գործազրկության մակարդակը ԱՄՆ–ում հասել էր երեք տարվա առավելագույնին՝ 4,3%, մինչդեռ նախորդ ամիս այս ցուցանիշը 4.1 տոկոս էր։ Սա խորացրեց մտավախությունները, որ աշխատաշուկայի վիճակը գնալով վատթարանում է, ինչը վկայում է տնտեսության մոտալուտ անկման մասին։ Այս զեկույցից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսները հասել էին վերջին ամիսների լավագույն ցուցանիշներին, այն բանից հետո, երբ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հույս էր հայտնել, որ սեպտեմբերից հնարավոր է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում։

Սակայն գործազրկության զեկույցից հետո աճեցին մտավախությունները, որ Դաշնային պահուստային համակարգը գուցե շատ է ուշացրել վերաֆինանսավորման  տոկոսադրույքը նվազեցնելը, ինչի պատճառով մեծացել են աշխարհի խոշորագույն տնտեսության ճգնաժամի ռիսկերը: 

Այժմ թրեյդերներին հետաքրքրում է՝ արդյոք վնասն այնքան լուրջ է եղել, որ Դաշնային պահուստային համակարգը ստիպված կլինի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները արտահերթ նիստում՝ չսպասելով սեպտեմբերի 18–ին նախատեսված հերթական նիստին:


ԱՄՆ տնտեսության անկման սպասումների ֆոնին ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության կորը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ դրական կորություն է ստացել։ Սա նշանակում է, որ կարճաժամկետ պարտատոմսերն ավելի ցածր եկամտաբերություն են ունեցել, քան երկարաժամկետները։ Այս իրավիճակը սովորաբար հուշում է, որ երկրի տնտեսությունը ռեցեսիայի շեմին է։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։