Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման և համաշխարհային տնտեսության վիճակի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին ներդրողները վաճառում են ակտիվները։ Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի կապիտալիզացիան մեկ գիշերվա ընթացքում նվազել է 16%-ով՝ հասնելով 1,8 տրիլիոն դոլարի, ըստ Coingecko-ի տվյալների։ Սա ամենամեծ օրական անկումն է 2022-ի հունվարից ի վեր, գրում է The Block-ը։

Բիթքոյնի գինը նվազել է ավելի քան 15%-ով, Ethereum-ը գրանցել է իր ամենամեծ անկումը 2021-ից ի վեր։ Մնացած խոշորագույն կրիպտոարժույթներն ըստ կապիտալիզացիայի, ներառյալ XRP-ն Ripple-ը, BNB-ն (Binance), Cardano (ADA), Solana (SOL) և Toncoin (TON), հետևել են բիթքոյնին՝ կորցնելով իրենց արժեքի 17-ից մինչև 22%-ը:

Ըստ Coinglass-ի՝ մեկ օրվա ընթացքում լիկվիդացիաների արդյունքում կրիպտո թրեյդերները ավելի քան 1 միլիարդ դոլար են կորցրել։ Ավելի քան 400 միլիոն դոլարի լիկվիդացիա բաժին է հասել բիթքոյնին: Ethereum կրիպտոարժույթում լիկվիդացիաների ընդհանուր ծավալը հասել է 364 միլիոն դոլարի։

Փորձագետները կարծում են, որ բիթքոյնի գնի նվազման դինամիկան խթանել է տարեկան շարժվող միջինի ցուցանիշը: Այն դիտվում է որպես ցուցիչ, որն արտացոլում է ակտիվի միջին գինը վերջին 12 ամիսների ընթացքում: Երբ բիթքոյնի գինը հատվում է գնի տարեկան շարժվող միջին ցուցանիշի հետ, դա սովորաբար համարվում է շուկայական տրամադրությունների փոփոխության բավականին ուժեղ ազդանշան և ցույց է տալիս բիթքոյնի նկատմամբ անկումային տրամադրությունների աճ:

Պատմականորեն այս ցուցանիշը ծառայել է որպես աջակցության կարևոր մակարդակ առաջին կրիպտոարժույթի համար և ուղեցույց նրանց համար, ովքեր դրույք են կատարում բիթքոյնի բարձրացման վրա, երբ այն գտնվում է այս հիմնական մակարդակից բարձր:

Համաշխարհային ֆոնդային շուկաները ևս մեծ ցնցումներ են ապրել։ Օգոստոսի 5-ին Տոկիոյի ֆոնդային գների ինդեքսը թարմացրել է իր բազմամյա նվազագույնը, իսկ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները կորցրել են միլիարդավոր դոլարների կապիտալիզացիա։

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպիսիք են Intel-ը և Amazon-ը, հիասթափեցնող ֆինանսական արդյունքները հանգեցրել են այս ոլորտի բաժնետոմսերի գների անկմանը ավելի քան 5%-ով: Այս մտահոգությունները սրվել են օգոստոսի 2-ին ԱՄՆ աշխատատեղերի մասին զեկույցի հրապարակումից հետո, որը մտահոգություն է առաջացրել տնտեսական աճի կայունության վերաբերյալ, որը քննարկվել էր հուլիսի 31-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Fed) նիստում: