Ճապոնական iSpace ընկերությունն ավարտել է փոքր լուսնագնացի հավաքումը, որն այս տարի կմեկնի Լուսին։ Միկրոռովերը, որն ստացել է Tenacious անունը, մշակել է iSpace-ի եվրոպական ստորաբաժանումը Լյուքսեմբուրգում և կուղարկվի Ճապոնիա, որպեսզի այն ինտեգրվի iSpace-ի երկրորդ HAKUTO-R առաքելության Resilience վայրէջքի մոդուլում։

Tenacious-ը կոմպակտ սարք է, որի բարձրությունը 26 սմ է, լայնությունը՝ 31,5 սմ, երկարությունը՝ 54 սմ, քաշը՝ 5 կգ։ Դիմային մասում տեղադրված է HD տեսախցիկ, որը նախատեսված է լուսնային մակերեսի պատկերներ նկարահանելու համար։ Լուսնագնացի կառավարումը և դրանից տվյալների ստացումը կկատարեն Երկրի ցամաքային կայանները վայրէջքի մոդուլի միջոցով, հայտնում է Space.com կայքը։

Սա iSpace-ի երկրորդ փորձն է՝ մեղմ վայրէջք կատարել Լուսնի վրա։ Առաջին փորձն արվել էր 2023-ի ապրիլին, սակայն այն ձախողվել է ծրագրային խնդիրների պատճառով։ Այնուամենայնիվ, ընկերությունը, առաջնորդվելով լուսնային տիեզերական առաքելությունների նկատմամբ մեծ հետաքրքրությամբ և մասամբ ֆինանսավորվելով Լյուքսեմբուրգի տիեզերական գործակալության կողմից՝ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետ պայմանագրով, շարունակում է իր իր ջանքերն այս ուղղությամբ:

Tenacious-ը կտեղափոխվի Լուսին Resilience վայրէջքի մոդուլի վրա: Արձակումը նախատեսված է այս տարվա վերջին Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից՝ SpaceX Falcon 9 հրթիռով։ Բացի Tenacious-ից՝ վայրէջքի նույն մոդուլը Լուսին կտանի նաև առևտրային և գիտական ​​սարքավորումներ, որոնք կօգտագործվեն NASA-ի Artemis ծրագրի շրջանակում։

Լյուքսեմբուրգում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թադահիրո Մացուբարան ասել է, թե շատ ուրախ է, որ ականատեսն է լինում դեպի Լուսին առաջին եվրոպական ռովերի մշակման աշխատանքների ավարտին: «Սա կարևոր քայլ է Լյուքսեմբուրգի կառավարության համար, որն ակտիվորեն նպաստում է տիեզերական հատվածի ինդուստրիալիզացիային»,- ասել է Մացուբարան:

iSpace-ն աշխատում է նաև իր երրորդ առաքելության վրա, որն առաջինն է օգտագործելու ներկայումս մշակվող APEX 1.0 լուսնային մոդուլը: Սպասվում է, որ այս առաքելությունը կմեկնարկի 2026-ին։