Telegram-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 950 միլիոն մարդու, այս մասին է վկայում մեսենջերի գովազդային հարթակի վիճակագրությունը։ Սոցցանցի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը հույս ունի, որ մինչև տարվա ավարտը Telegram-ը կանցնի 1 միլիարդ օգտատերերի սահմանագիծը։

Ամսական ակտիվ օգտատերերի (Monthly Active Users) ցուցիչը այն մարդկանց թիվն է, որոնք օգտվում են հարթակից առնվազն ամիսը մեկ անգամ, ասվում է Telegram գովազդային հարթակի էջում։

«Telegram-ը հասել է ամսական 950 միլիոնի ակտիվ օգտատերերի, գարնանը այն 900 միլիոն էր։ Մոտենում ենք մեկ միլիարդին»,- իր ալիքում գրել է սոցցանցի ղեկավար Պավել Դուրովը:

Վերջին անգամ Պավել Դուրովը մեսենջերի լսարանի թվի մասին խոսել էր այս տարվա ապրիլին ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցի ժամանակ։ Մասնավորապես, նա ասել էր, որ օգտատերերի թիվը հասել է 900 միլիոնի, օրական գրանցվում է 2,5 միլիոն նոր մարդ, և մինչև տարեվերջ, ըստ նրա հաշվարկների, Telegram-ի օգտատերերի թիվը պետք է հասնի 1 միլիարդ մարդու։