Apple-ը նոր գործառույթ է ներկայացրել iOS 18-ում, որը կօգնի օգտատերերին վերականգնել կորցրած կամ վնասված լուսանկարներն ու տեսանյութերը: Photos հավելվածում Recovered անունով նոր ալբոմն ավտոմատ կերպով կհայտնաբերի և ցույց կտա նախկինում անհասանելի մեդիա ֆայլերը, որոնք դեռ պահվում են սարքում՝ օգտատերերին երկրորդ հնարավորություն տալով պահպանել դրանք:
Նոր գործառույթը հասանելի է ոչ միայն iOS 18-ում, այլև iPadOS 18-ում և macOS Sequoia-ում: Apple-ը պնդում է, որ նոր տեխնոլոգիան կարող է նույնականացնել և տեղորոշել նախկինում կորցրած կամ վնասված մեդիաֆայլերը՝ դրանք ցուցադրելով Recovered ալբոմում, որը գոյություն կունենա օգտատերերին արդեն ծանոթ «Վերջերս ջնջված» (Recently Deleted) ալբոմին զուգահեռ։ Նշվում է, որ iOS 18-ի, iPadOS 18-ի և macOS Sequoia-ի թարմացումների ժամանակ սարքն ավտոմատ կերպով սկանավորում կիրականացնի՝ պարզելու վերականգնելի լուսանկարների և տեսանյութերի առկայությունը:
Կա մի քանի պատճառ, թե ինչու լուսանկարները կամ տեսանյութերը կարող են կորել կամ վնասվել: Օրինակ՝ դա կարող է տեղի ունենալ տվյալների բազայի վնասվածքի պատճառով կամ երբ լուսանկարը պատշաճ կերպով չի պահպանվել գրադարանում: Բացի դրանից՝ Photos գրադարանը կառավարելու թույլտվություն ունեցող երրորդ կողմի հավելվածները նույնպես կարող են խնդիրներ առաջացնել:
Այս ալբոմը գտնելու համար հարկավոր է անել հետևյալը․
- Բացել Photos հավելվածը,
- Իջնել ներքև ու գտնել Utilities բաժինը,
- Սեղմել Recovered հրահանգի վրա և Face ID-ի կամ Touch ID-ի միջոցով նույնականացում անցնել,
- Ընտրել լուսանկար կամ տեսանյութ և որոշել՝ «Ընդմիշտ ջնջել», թե՞ «Վերականգնել գրադարանում»։
Կարևոր է նշել, որ նոր ալբոմը տեսանելի կլինի միայն այն դեպքում, եթե սարքում իսկապես կորած կամ վնասված մեդիա ֆայլեր կան:
Այս օգտակար գործառույթի հայտնվելը iOS 18-ում տեղի է ունենում վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո, որը կապված է iOS 17.5-ի տվյալների բազայի վնասվելու հետ, ինչի արդյունքում ջնջված լուսանկարները նորից հայտնվեցին սարքերում: Այն ժամանակ Apple-ն ընդգծել էր, որ խնդիրը պատահաբար է ծագել և ազդել է փոքր թվով օգտատերերի վրա: Նոր գործառույթի ավելացումը հնարավորություն է տալիս ավելի շատ վերահսկել լուսանկարներն ու տեսանյութերը ջնջելու գործընթացը, ինչպես նաև վերականգնել մեդիա ֆայլերը, որոնք համարվում էին կորած:






