2024-ի առաջին կիսամյակում Ռուսաստանում արգելափակվել է խարդախությամբ զզբաղվող 9341 ռեսուրս և 3621 ֆիշինգային կայք, որոնք նպատակ են ունեցել խաբել ռուսական առցանց առևտրի հայտնի հարթակներից մեկի օգտատերերին, այս մասին տեղեկացնում է Gazeta.Ru-ն՝ վկայակոչելով F.A.C.C.T.-ի համատեղ ուսումնասիրությունը։
Խարդախության հիմնական տեսակները դարձել են համացանցային խարդախությունները՝ կեղծ խաղարկություններով, այսպես կոչված խարդախության ռեսուրսները և նույնականացման, ապրանքների գնման կամ վերադարձի ֆիշինգային էջերը: Խարդախ կայքերի առաջխաղացման հիմնական միջոցը դարձել է գովազդը ակնթարթային մեսենջերներում և սոցիալական ցանցերում։
Ըստ F.A.C.C.T.-ի վերլուծաբանների՝ խաբեբաների և ֆիշինգային ռեսուրսների լսարանին գրավելու հիմնական աղբյուրները եղել են մեսենջերներում և սոցիալական ցանցերում խմբերն ու օգտահաշիվները: 2024-ի առաջին կիսամյակում արգելափակվել է 1632 գրառում և խումբ, ինչը գրեթե 7 անգամ ավելի է, քան ամբողջ 2023-ին արգելափակվածները։
Ինչպե՞ս խուսափել խարդախություններից
Փորձագետները խորհուրդ են տալիս հետևել թվային գրագիտության հիմնական կանոններին առցանց գնումներն ապահով դարձնելու համար: Նրանք խորհուրդ են տալիս չբացել անծանոթ մարդկանց ուղարկած հղումները մեսենջերներում կամ էլփոստում և միշտ ուշադրություն դարձնել ուղարկողի հասցեին։
Առցանց առևտրի հարթակները չեն կազմակերպում փակ վաճառքներ կամ զեղչերի խաղարկություններ և ապրանքների համար վճարելու նպատակով հղումներ չեն ուղարկում անձնական հաղորդագրություններով: Բացի դրանից, պետք է զգույշ լինել չափազանց բարձր եկամուտ ունեցող աշխատանքի առաջարկների դեպքում։
Անվտանգ գնումներ կատարելու համար խորհուրդ է տրվում նախքան բանկային քարտի տվյալները մուտքագրելը ուսումնասիրել կայքի հասցեն, որոնել այն համացանցում և ստուգել, թե երբ է այն ստեղծվել։ Կարող եք ապահով գնումներ կատարել պաշտոնական հավելվածի միջոցով, որը կարելի է ներբեռնել բջջային հավելվածների խանութից։
Պետք է նաև զգույշ լինել և անծանոթներին չտրամադրել անձնական տեղեկությունները, ներառյալ հասցեն, հեռախոսահամարը, գաղտնաբառերը, մեկանգամյա կոդերը և ցանկացած այլ տվյալ, նույնիսկ եթե զրուցակիցը ներկայանում է որպես հաճախորդների սպասարկման մասնագետ կամ շուկայի վաճառող:
Եթե կասկած է առաջանում, որ գործ ունեք կեղծ կայքի հետ, ապա կարող եք գրել հարթակի աջակցության ծառայությանը հավելվածի չատում կամ կայքում, որտեղ մասնագետները կօգնեն հասկանալ իրավիճակը:






