Cybernews-ի հետազոտողները հայտնաբերել են գաղտնաբառերի ամենամեծ հավաքածուն՝ բաղկացած 9,948,575,739 եզակի համակցություններից, որոնք պահվում են հանրայնորեն հասանելի վայրում: «Rockyou2024.txt» անունով գաղտնաբառերի ֆայլը նկատվել է հաքերային ֆորումներից մեկում։ Այն, փաստացի, ցանկալի թիրախ է հարձակվողների համար, որոնք օգտագործում են գաղտնաբառերը գուշակելու մեթոդը մարդկանց օգտահաշիվները կոտրելու համար, տեղեկացնում է TechRadar-ը։
«Ըստ էության, RockYou2024 արտահոսքը իրական գաղտնաբառերի հավաքածու է, որը մարդիկ օգտագործում են ամբողջ աշխարհում: Այսքան շատ գաղտնաբառերի գաղտնազերծումը զգալիորեն մեծացնում է գաղտնաբառերը գուշակելու մեթոդով հարձակումների վտանգը»,- նշում է Cybernews-ը:
Ըստ առկա տվյալների՝ խնդրո առարկա ֆայլը հրապարակվել է հուլիսի 4-ին ObamaCare մականունով օգտատիրոջ կողմից, որը ֆորումում գրանցվելուց հետո արդեն հրապարակել էր ավելի վաղ արտահոսքի տվյալները։ Հետազոտողները նշում են, որ RockYou2024 տվյալների բազան հարձակվողները կարող են օգտագործել գուշակելու մեթոդով հարձակումներ իրականացնելու համար, որպեսզի չարտոնված հասանելիություն ունենան տարբեր առցանց օգտահաշիվների, որոնք օգտագործվում են այն մարդկանց կողմից, ում գաղտնաբառերը հայտնվել են այս ցանկում:
Նշվում է, որ RockYou2024 ֆայլը հիմնված է մի քանի տվյալների արտահոսքի վրա, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տասնամյակների ընթացքում: Միևնույն ժամանակ ֆայլին ավելացվել է 1,5 միլիարդ գաղտնաբառ, որոնք համացանցում հայտնվել են 2021-2024 թվականներին։ Փորձագետները զգուշացնում են, որ գաղտնաբառերի նման ընդարձակ բազան հարձակվողները կարող են օգտագործել տարբեր տեսակի հարձակումներ իրականացնելու համար, և վտանգի տակ են ոչ միայն առցանց ծառայությունները, այլև արդյունաբերական սարքավորումները, փողոցներում տեղադրված տեսախցիկները և այլն։
«Ավելին, հաքերային ֆորումների և առևտրային հարթակների այլ արտահոսքերի տվյալների հետ համադրությամբ, որոնք, օրինակ, պարունակում են օգտատերերի էլփոստի հասցեներ և այլ տվյալներ, RockYou2024-ը կարող է նպաստել տվյալների նոր արտահոսքի, ֆինանսական խարդախության և անձնական տվյալների գողության մի ամբողջ շարքի առաջացմանը»,- նշում է Cybernews-ը։






