Չիպեր և համակարգչային սարքավորումներ արտադրող ամերիկյան Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ շուկայական կապիտալիզացիայով առաջ անցնելով Microsoft-ից և Apple-ից։ Ընդորում՝ ընկերությունը տարեսկզբից կարողացել է գործնականում կրկնապատկել իր արժեքը։
Nvidia-ի բաժնետոմսերն աճել են 3,5%-ով՝ հասնելով 135,58 ԱՄՆ դոլարի մեկ արժեթղթի համար, որը դարձել է պատմական նոր առավելագույն ցուցանիշ: Արդյունքում ընկերության շուկայական արժեքը կազմում է 3,34 տրլն դոլար։
Միաժամանակ Microsoft-ի բաժնետոմսերը նվազել են 0,45%-ով՝ նվազեցնելով ընկերության կապիտալիզացիան մինչև 3,317 տրլն դոլար։ Apple-ի բաժնետոմսերը նույնպես բացասական դինամիկա են գրանցել․ դրանց գինն իջել է ավելի քան 1%-ով, ինչի արդյունքում ընկերության կապիտալիզացիան կազմել է կազմել է 3,286 տրլն դոլար։
Հարկ է նշել, որ արդեն հունիսի սկզբին Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցել էր 3 տրլն-ի նշագիծը, ինչը, ի վերջո, ընկերությանը հնարավորություն տվեց զբաղեցնել երկրորդ տեղը ամենաթանկ ընկերությունների ցանկում՝ այս ցուցանիշով գերազանցելով Apple-ին։
Ըստ վերլուծաբանների՝ Nvidia-ի արագ աճը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը մեծ կարևորություն է տալիս արհեստական բանականության մոդելները մարզելու համար անհրաժեշտ համակարգչային չիպերի մշակմանը: Բացի դրանից՝ որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ ընկերության կապիտալիզացիան կշարունակի աճել և մինչև այս տարվա վերջ կհասնի մինչև 4 տրլն դոլարի:






