«Ռոսկաչեստվո»-ի (Որակի ռուսական համակարգ) թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն «Պրայմ» գործակալությանը պատմել է այն սովորությունների մասին, որոնք կարող են վնասել սմարթֆոնը և կրճատել դրա ծառայության ժամկետը։

Լիցքավորման կանոններ

Ժամանակակից սմարթֆոններում կիրառվում են լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք պետք չէ լիցքաթափել ամբողջությամբ և լիցքավորել մինչև 100%: Դա կարող է կրճատել դրանց ծառայության ժամկետը: Սմարթֆոնը գիշերը լիցքավորելը նույնպես խորհուրդ չի տրվում, քանի որ դա կարող է հանգեցնել գերտաքացման և կրճատել մարտկոցի կյանքը: Լավագույն դեպքում սմարթֆոնը պետք է լիցքավորել 80-90%-ով և դադարեցնել լիցքավորումը քնելուց առաջ։

Ջերմաստիճան և խոնավություն

Սմարթֆոնը սահմանված ջերմաստիճանի չափին չհամապատասխանող պայմաններում պահելը կարող է վնասել մարտկոցը: «Ռոսկաչեստվո»-ի փոխանցմամբ՝ չպետք է հեռախոսը թողնել բաց արևի տակ, քանի որ դա կարող է հանգեցնել գերտաքացման և սարքի անջատման: Խորհուրդ չի տրվում նաև սմարթֆոնը պահել բարձր խոնավություն պարունակող վայրերում, քանի որ դա կարող է ազդել ներքին բաղադրիչների անվտանգության վրա։

Վնասվածքներ

Վիճակագրության համաձայն՝ հեռախոսները նորոգելու նպատակով սպասարկման կենտրոն դիմելու ամենատարածված պատճառը սմարթֆոնի ֆիզիկական վնասվածքն է։ Անզգույշ վարվելու հետևանքները նվազագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ պատյաններ և պաշտպանիչ ապակիներ:

Ըստ Սերգեյ Կուզմենկոյի՝ ջուրն ընկած սմարթֆոնը չորացնելու մասին համացանցից ստացված խորհուրդների մեծ մասը պետք է անտեսել։ Օրինակ՝ այն, որ սմարթֆոնը կարելի է չորացնել բրնձի մեջ դնելով կամ վարսահարդարով, դրանք բոլորն էլ անարդյունավետ են և կարող են լրացուցիչ վնաս պատճառել սարքին:

Թարմացումներ 

Օպերացիոն համակարգի և հավելվածների թարմացումները առանցքային դեր են խաղում սմարթֆոնի անվտանգության և կայուն աշխատանքն ապահովելու գործում: Թարմացումների բացակայությունը սմարթֆոնը խոցելի է դարձնում կիբեռհարձակումների նկատմամբ։

Հիշողություն

Ներկառուցված հիշողությունն ամբողջությամբ լցված սմարթֆոնի շարունակական օգտագործումը կարող է դանդաղեցնել սարքի աշխատանքը և հանգեցնել խափանումների: Ծրագրերի մեծ մասը սպառում է սարքի ռեսուրսները նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք ակտիվ չեն: Սա հանգեցնում է մարտկոցի արագ լիցքաթափման և սարքի կատարողականության նվազմանը: