Չինացի տիեզերագնացներ Յե Գուանգֆուն և Լի Գուանգսուն մայիսի 28-ին 8,5 ժամ են անցկացրել բաց տիեզերքում՝ սահմանելով նոր ռեկորդ Չինաստանի համար։
Դա առաջին տիեզերական զբոսանքն է եղել «Շենչժոու 18» վեցամսյա առաքելության ընթացքում, որը «Տիանգոնգ» տիեզերակայան էր ժամանել այս տարվա ապրիլի վերջին։
Բաց տիեզերքում եղած ժամանակ չինացի տիեզերագնացները տեղադրել են տիեզերական աղբի դեմ պաշտպանիչ սարք և ստուգել կայանից դրսի հատվածի սարքավորումներն ու համակարգերը:
Տիեզերական աղբը Չինաստանի տիեզերական ծրագրի համար լուրջ խնդիր է դառնում: Վերջերս «Տիանգոնգ» տիեզերակայանը մասամբ հոսանքազրկվել էր այն բանից հետո, երբ տիեզերական աղբի բեկորները վնասել էին դրա արևային մարտկոցները։
Տիեզերական այս զբոսանքն առաջինն էր Լի Գուանգսուի համար, և երկրորդը՝ Յե Գուանգֆուի համար, որը նախկինում բաց տիեզերք դուրս էր եկել «Շենչժոու 13» առաքելության ժամանակ 2021-ի դեկտեմբերին։ «Շենչժոու 1»-ի անձնակազմի երրորդ անդամը՝ Լի Կոնգը, աջակցություն է ցուցաբերել կայանի ներսից՝ վերահսկելով տիեզերագնացների գործողությունները բաց տիեզերքում:
«Շենչժոու-18» առաքելության շրջանակում նախատեսվում է անցկացնել մի շարք գիտական փորձեր ու փորձարկումներ, ինչպես նաև մի քանի լրացուցիչ տիեզերական զբոսանքներ։
2008-ից ի վեր մինչ օրս չինացի տիեզերագնացները 16 զբոսանք են կատարել բաց տիեզերքում։ Չժայ Չժիգանգն այդ ժամանակ դարձավ առաջին չինացի տիեզերագնացը, որը քայլեց տիեզերանավից դուրս տարածքում:
Խորեն Գրիգորյան






