Իտալացի գիտնականները վերլուծել են ամերիկյան միջմոլորակային Magellan կայանի հավաքած տվյալները և պարզել, որ 1990-1992 թվականներին նրա գործունեության ընթացքում Վեներայի վրա հրաբխային առնվազն երկու ժայթքում է տեղի ունեցել:

Անցյալ տարի ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրել են Վեներայի նույն շրջանների՝ տարբեր ժամանակներում Մագելանի արած պատկերները և պարզել, որ հասարակածին մոտ գտնվող Մաաթ լեռան վրա հրաբխային ժայթքում է տեղի ունեցել, ինչը բացահայտվել է հալած ապարների արտահոսքի հետևանքով առաջացած փոփոխություններով:

Նմանատիպ հետազոտություն են իրականացրել նաև նրանց իտալացի գործընկերները Գաբրիել դ'Աննունցիո և Սապիենցա համալսարաններից. նրանք ուսումնասիրել են Վեներայի վրա գտնվող Սեթ լեռը՝ Էյստլա շրջանում և Նիոբե հարթավայրի արևմտյան մասը:

Վերլուծելով 1990 և 1992 թվականներին Magellan ռադարի հավաքված տվյալները՝ գիտնականները պարզել են, որ որոշակի հետագծերի վրա ավելի ուշ շրջանի ուղեծրերի ժամանակ ստացվող ազդանշանի ուժգնությունը մեծացել է: Նրանք այս փոփոխությունները կապել են նոր ապարների ձևավորման հետ. հավանաբար խոսքը սառած լավայի մասին է, որն ի հայտ է եկել երկու տարվա ընթացքում տեղի ունեցած հրաբխային ակտիվության պատճառով: Բայց դա կարող է պայմանավորված լինել միկրոավազաթմբերի ձևավորմամբ, որոնք առաջացել են քամու հետևանքով, և մթնոլորտային երևույթներով, որոնք կարող են խանգարել ռադիոտեղորոշիչ ազդանշանին:

Իրենց վարկածը հաստատելու համար գիտնականները որպես նմուշ վերցրել են Երկրի վրա հրաբխային ակտիվությունը: Դա օգնել է հասկանալ, որ Սեթ լեռան վրա ձևավորվել են մոտ 30 կմ² ծավալով ապարներ, ինչը բավարար կլիներ 36,000 օլիմպիական լողավազան լցնելու համար (90 մլն խմ): Ժայթքման արդյունքում Նիոբեի հարթավայրում ձևավորվել են մոտ 45 կմ² ապար, ինչը բավարար կլիներ 54,000 նույնպիսի լողավազան լցնելու համար (135 մլն խմ)։ Համեմատության համար նշենք, որ 2022-ին Հավայան կղզիներում գտնվող Մաունա Լոայի ժայթքումը (Երկրի վրա ամենամեծ գործող հրաբուխnն է), առաջացրել է լավայի հոսք, որը բավարար կլիներ 100,000 (250 մլն խմ) օլիմպիական լողավազան լցնելու համար: