Լուսնի հետազոտման ՆԱՍԱ-ի ծրագիրը լուրջ խնդիրների է բախվում իր հաջորդ՝ անձնակազմով առաքելության ճանապարհին: Ակնկալվում է, որ Artemis II առաքելությունը, որը նախատեսված է 2025-ին, տիեզերագնացներին կվերադարձնի լուսնային ուղեծիր, սակայն Artemis I առաքելության շրջանակում Orion տիեզերանավի փորձնական թռիչքի արդյունքում բացահայտվել են մի շարք տեխնիկական թերություններ, որոնք սպառնում են ապագա անձնակազմի անվտանգությանը և խնդիրներ կարող են առաջացնել նաև առաքելության ժամկետների հետ կապված։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, ՆԱՍԱ-ի գլխավոր տեսուչի գրասենյակը մայիսի 1-ին հրապարակել է զեկույց, որում մանրամասն ներկայացվել են այդ խնդիրները: Դրանցից ամենալուրջը վերաբերում է Orion տիեզերանավի ջերմային պաշտպանության համակարգին։ Մեկուսիչ նյութը 100-ից ավելի տեղերում չափից դուրս մաշվել է վայրէջքի ժամանակ կրկին մթնոլորտ մտնելու հետևանքով, ածխացած նյութի կտորներն սկսել են պոկվել տիեզերանավից, մի մասը նույնիսկ կպել է պատուհաններին, ինչը կարող է հետագայում խանգարել օդաչուներին՝ փակելով նրանց տեսադաշտը։

orion nasa .jpg (309 KB)

Բացի դրանից՝ տեսուչները տիեզերանավի վրա հայտնաբերել են մոնտաժային պտուտակների և էներգիայի բաշխման հետ կապված խնդիրներ: Այս բոլոր թերությունները կարող են վտանգի տակ դնել տիեզերագնացներով թռիչքի հաջողությունն ու անվտանգությունը:

Միևնույն ժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ ՆԱՍԱ-ն չափազանց քիչ ժամանակ ունի նոր համակարգերը կատարելագործելու և փորձարկելու համար, քանի որ մեկնարկն արդեն պլանավորված է երկու տարուց քիչ անց, և ժամանակացույցի ցանկացած հետաձգում թույլ չի տալ պահպանել առաքելության ժամկետները։

Լուսնի հետազոտության Artemis I առաքելությունը հաջողությամբ ավարտվել է 2022-ի դեկտեմբերին: Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ փուլի՝ Artemis II-ի շրջանակում տիեզերագնացները պետք է պտտվեն Լուսնի շուրջը և վերադառնան Երկիր։ Artemis II-ը նախատեսված է 2025-ի սեպտեմբերին, այն կլինի Երկրի ուղեծրից այն կողմ առաջին օդաչուավոր առաքելությունը Apollo 17-ից հետո։ Առաքելության երրորդ փուլի՝ Artemis III-ի շրջանակում տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին։