Հայաստանը դարձել է Գիտության և տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական համագործակցության ասոցիացիայի (COST) լիիրավ անդամ։ Որոշումն ընդունել է COST-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոմիտեն։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի՝ COST-ի լիիրավ անդամի կարգավիճակն էլ ավելի կմեծացնի COST-ի ազդեցությունը, էլ ավելի կտարածի ասոցիացիայի գերազանցությունը և կբարելավի ներառականությունը: Դառնալով 41 անդամից բաղկացած ընտանիք՝ COST-ը հպարտ է, որ կարող է հետազոտական ոլորտի ​​տաղանդներին միմյանց կապել և տրամադրել հարթակներ, որտեղ գաղափարները կարող են աճել և դրանցից բեկումնային գիտական ​​արդյունքներ ստացվեն»,- ասել է COST-ի նախագահ պրոֆեսոր Ալեն Բերեցը։

Ասոցիացիայի կայքում նաև ասվում է, որ Հայաստանը կատարել է COST-ի լիիրավ անդամ դառնալու բոլոր պայմանները, ներառյալ հետազոտության և նորարարության ԵՄ նախորդ երկու շրջանակային ծրագրերի (FP7 և H2020) ասոցացումը:

COST-ի մասին

Գիտության և տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական համագործակցության ասոցիացիան (COST) կազմակերպություն է, որը ֆինանսավորում է հետազոտական ցանցերի ստեղծման նախագծերը (COST Actions): Այս ցանցերն առաջարկում են բաց տարածք Եվրոպայի (և դրանից դուրս) գիտնականների միջև համագործակցության համար և դրանով իսկ խթան են հաղորդում հետազոտության առաջընթացին և նորարարությանը:

COST-ը ներքևից վեր տրամաբանությամբ է գործում, ինչը նշանակում է, որ հետազոտողները կարող են ստեղծել ցանց՝ հիմնվելով իրենց սեփական հետազոտական հետաքրքրությունների և գաղափարների վրա՝ առաջարկ ներկայացնելով COST-ին: Առաջարկը կարող է լինել գիտության ցանկացած ոլորտում։ COST-ի նախագծերը խիստ միջառարկայական են և բաց: Հնարավոր է միանալ ընթացիկ նախագծերին, որոնք, հետևաբար կարող են ընդլայնվել և շարունակվել ֆինանսավորվել մինչև չորս տարԻի։ COST-ի նախագծերն ունենում են բազմաթիվ շահառուներ և հաճախ ներառում են մասնավոր հատվածը, քաղաքականություն մշակողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը:

1971 թվականից COST-ն ստանում է ԵՄ ֆինանսավորում տարբեր հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերի շրջանակում, ինչպիսիք են «Հորիզոն 2020»-ը և «Հորիզոն Եվրոպա»-ն: