BigStory VC վենչուրային հիմնադրամի պորտֆոլիոյում ընդգրկվել է B4 ստարտափը, այս մասին տեղեկացնում է BigStory VC-ի համահիմնադիր, Krisp և 10Web ընկերությունների համանդիմնադիր Արտավազդ Մինասյանը՝ հավելելով, որ ներդրումների քանակը հասել է 10-ի։
«Օնլայն կամ օֆլայն մեծ հանդիպումներին, միջոցառումներին մարդկանց 50%-ն ուղղակի միմյանց հետ չի շփվում։ B4-ը օնլայն հավելված է, որի օգտատերերը միջոցառումներին կամ մեծ հանդիպումներին networking-ին նախորդող փուլում հնարավորություն են ունենում 2 րոպեանոց աուդիո շփում ունենալ: Եթե զրույցից պարզ է դառնում, որ մարդկանց հետաքրքրությունները համապատասխանում են, ապա նրանք շարունակում են շփումը, եթե ոչ, ապա օգտատերը կարող է հավելվածում նոր մարդ փնտրել: Կարելի է ասել, որ հավելվածը Clubhouse+Twitter+Tinder-ի խառնուրդն է»- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Արտավազդ Մինասյանը նաև տեղեկացրել է, որ հետագայում B4-ը կտրամադրի լրացուցիչ գործիքներ միջոցառումները ավելի հեշտ տարածելու և գովազդելու համար, ինչպես նաև կտրամադրի networking-ի վերլուծության հնարավորություն:
B4 hավելվածը ստեղծել է Wakie հարթակի համահիմնադիր Հրաչիկ Աջամյանը։
BigStory VC-ի վենչուրային հիմնադրամը ստեղծվել է 2021թ․ նոյեմբերի 1-ին։ Հիմնադիրներն են Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը և Արտո Երիցյանը։






