Հունվարի 17-19-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվում է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկը՝ Convergence India Expo-ն: Հայաստանը ցուցահանդեսում ներկայացնում է 8 նորարար ընկերություն, այդ թվում՝ ստարտափների ներդրումային գրավչության գնահատման հեղափոխական հարթակ Orion Score-ը։
Orion Score-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Դիանա Արզումանյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ այս միջոցառման մասնակցությունը հիանալի հնարավորություն կտա անմիջականորեն ծանոթանալու այսօր ակտիվորեն զարգացող հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգին և կառուցելու հայ-հնդկական տեխնոլոգիական կամուրջ։ Բացի դրանից, սա լավ հնարավորություն է ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու հայկական նորարարությունները, այլ երկրների գործընկերների հետ փորձով փոխանակվելու և փոխշահավետ համագործակցության համար։

Convergence India Expo. ի՞նչ է պետք իմանալ դրա մասին
Convergence India Expo ցուցահանդեսն այս տարի անցկացվում է արդեն 31-րդ անգամ: Այս միջոցառումը սկիզբ է առել 1992-ից և առանցքային դեր է խաղացել Հնդկաստանում հեռահաղորդակցության ոլորտի հեղափոխության գործում: Այժմ արդեն այն նշանավորում է անցումը այսպես կոչված թվային դարաշրջանին։
Ակնկալվում է, որ 2024-ի ցուցահանդեսի կմասնակցի ավելի քան 55,000 այցելու, 1200 ապրանքանիշ և մասնակիցներ ավելի քան 40 երկրից: Միջոցառման ընթացքում նախատեսվում են նաև մի քանի տասնյակ գիտաժողովներ՝ 200 բանախոսի մասնակցությամբ։

Ցուցահանդեսի հիմնական թեմաներն են՝ հեռահաղորդակցություն և 6G, արբանյակային հաղորդակցություն, լայնաշերտ ենթակառուցվածք, իրերի ինտերնետ, տեղեկատվական անվտանգություն, ամպային տեխնոլոգիաներ, ֆինտեխ և բլոկչեյն և շատ այլ թեմաներ:
Հայաստանը Convergence India Expo-ում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցելու է մեկնել 8 ընկերություն, որոնք ներկայացված են մեկ տաղավարի ներքո.
- Enterprise Armenia (Հայաստանում ներդրումների խթանում և աջակցություն, հատկապես տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում);
- YEA Engineering (ավտոմոբիլային և կիսահաղորդիչների փորձարկման առաջադեմ համակարգեր և սարքավորումներ);
- Orion Score (հեղափոխական ամպային հարթակ ստարտափների ներդրումային գրավչությունը գնահատելու համար);
- Moodmap AI (զանգերի կենտրոնների աշխատանքի բարելավում զգացմունքների հայտնաբերման և վերլուծության օգնությամբ՝ հիմնված արհեստական բանականության վրա);
- Sceyt (իրական ժամանակում հաղորդակցվելու համար նախատեսված հավելվածում չատի հուսալի API);
- Doctor1 ATMT ՍՊԸ-ից (հեռավար բժշկական խորհրդատվության համար նորարարական հեռաբժշկության տեխնոլոգիա);
- HI.BIONIC.HAND (վերին վերջույթների համար ժամանակակից բիոնիկ պրոթեզների մշակում);
- Medu (հավատարմագրված տեսադասեր և վարպետության դասեր բժշկական մասնագետների համար՝ օգնելու նրանց ստանալ ՇՄԶ կրեդիտներ և անցնել լիցենզավորման գործընթացը):

Նշենք, որ «Հայաստան» միասնական տաղավարի վարձակալության, կառուցման և մուտքի ապահովման ծախսերն ստանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։






