Ճապոնական Sony կորպորացիան (Honda-ի հետ համատեղ) Լաս Վեգասում անցկացվող տեխնոլոգիական մշակումների խոշորագույն ցուցահանդեսի՝ CES ժամանակ ցուցադրել է Afeela ավտոմեքենայի կոնցեպտի բարելավված տարբերակը, որը կարելի է հեռակա կարգով կառավարել՝ օգտագործելով PlayStation 5 խաղային կոնսոլի ջոյսթիկները։
Ինչպես տեղեկացնում է Electrek-ը, Sony Honda Mobility ընկերության գործադիր տնօրեն Յասուհիդե Միզունոն CES 2024-ին իր ելույթի ժամանակ Sony PS5-ի ստանդարտ անլար ջոյսթիկի միջոցով բեմ է բերել բարելավված Afeela-ի նախատիպը, որն արդեն մի քանի տարի ճապոնական կորպորացիայի համար որպես «ցուցափեղկ» է ծառայում իր մասնագիտացված մշակումները ցուցադրելու համար։
Տեսանյութը դիտել 28-րդ րոպեի 56-րդ վայրկյանից։
Sony Honda Mobility ընկերության գործադիր տնօրենը պարզաբանել է, որ այս ֆունկցիոնալությունը նախատիպում ներառված է միայն ցուցադրական նպատակներով և պարտադիր չէ, որ ներդրվի այս համատեղ ձեռնարկության արտադրական ավտոմեքենաներում։
Sony Honda Mobility-ն նախատեսում է էլեկտրական ավտոմեքենաներ զանգվածաբար շուկա մատակարարել 2026-ից։ Ընկերության էլեկտրական ավտոմեքենաները, դատելով Afeela-ի կոնցեպտից, կունենան Epic Games խաղային հավելվածների աջակցություն, իսկ PlayStation կատալոգի իրենց սեփական խաղերի մասին ավելորդ է խոսել: Բավական մեծ մոնիտորները նախատեսված են ոչ միայն վարորդի և առջևի ուղևորի, այլ նաև հետևի ուղևորների համար։

Հիշեցնենք, որ Tesla-ն մի քանի տարի առաջ է առաջարկել ժամանցի նմանատիպ տարբերակներ AMD-ի հետ համագործակցության շնորհիվ, ուստի Sony-ի այս առաջարկում հեղափոխական ոչինչ չկա։ Ինչպես վայել է ժամանակակից էլեկտրական ավտոմեքենային, Sony Honda Mobility-ի մտահղացումը մշտապես կստանա ծրագրային ապահովման թարմացումներ: Զվարճանքի այս հարթակը կկարողանա համատեղել արհեստական բանականության գործառույթներն ընդլայնված իրականության հնարավորությունների հետ:
Afeela սերիական արտադրության տեխնիկական բնութագրերի և հնարավոր գնի մասին ոչ մի նոր բան չի ասվել ցուցահանդեսի ժամանակ, թեև նախկինում հաղորդվում էր, որ ավտոմեքենան կարող է հագեցած լինել երկշարժիչ էլեկտրական սարքով 536 ձիաուժով հզորությամբ, իսկ մինչև 100 կմ/ժ արագացման համար կպահանջվի մոտ 4,8 վրկ:

Հատկանշական է, որ ընդհանուր նշանակության էլեկտրական մեքենայի համար Afeela-ն ունի բավականին բարձր առավելագույն արագություն՝ 240 կմ/ժ։ Կոնցեպտի վրա 45 տարբեր տեսախցիկների և սենսորների առկայությունը դեռ չի նշանակում, որ դրանք բոլորը կտեղափոխվեն սերիական արտադրական տարբերակ, պարզապես Sony-ի համար ավելի հեշտ է գովազդել իր էլեկտրոնային բաղադրիչները ավտոմոբիլային օգտագործման համար շուկայում: Ակնկալվում է, որ այս համատեղ ձեռնարկության արտադրության էլեկտրական ավտոմեքենաները 2026-ին կսկսեն մատակարարվել Հյուսիսային Ամերիկա։






